Հերթական գիրք նվիրելու տոնը՝ թումանյանական նրբերանգներով և գրքառատ միջոցառումներով

«Միթե՞ դժվար է»

«Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը- տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով-մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով- մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի-նեղ թայֆայական կյանք-թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը... Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսրտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ով ողորմելի ուրախություն, ինչքան ցավալի բաներ ես ասում դու...
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։ Մի՞թե դժվար է», Հովհաննես Թումանյան, 1913 թ.։

Grqi ton 2

Փետրվարի 19-ը յուրօրինակ կրկնակի տոն է հայ գրական կյանքում։ Արդեն մեկ տասնյամյակից ավել է, ինչ Հայաստանում փետրվարի 19-ին նշվում է գրքի նվիրատվության տոնը, տոնը նշելու օրը ևս պատահական չի ընտրվել։ Փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ, մեծ լոռեցի Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը։ Մեծ գրքասեր էր նաև հենց ինքը՝ Թումանյանը, գրողի գրադարանը զարդարող շուրջ 10.000 գրքերը պահվում էին մեծ սիրով, խնամքով և պատասխանատվությամբ։ Թումանյանը սիրում էր գրքեր նվիրել։

Գրքատոնն ուղեկցվում է նաև մշակութային և կրթական միջոցառումներով։ Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանի Ազգային գրադարանն անցկացրեց «Ազգային գրադարանային հավաքածուն 105 տարեկան է» խորագրով միջոցառումը։ Որի ընթացքում հրապարակվեցին երեք հրատարակչությունների անունները, որոնք 2023 թվականին անթերի են կատարել Ազգային գրադարանային հավաքածուի հանդեպ ունեցած պարտավորությունները, նրանց հանձնվեցին «Տարվա օրինապահ հրատարակիչ» վկայագրեր։ Բացի այդ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Ազգային գրադարանին կտրամադրի «Համանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի 1100 օրինակ՝ քաղաքային և մարզային գրադարաններին բաշխելու համար։

Թումանյանական օրը խորհրդանշական է դառնում նաև համայնքային, համադպրոցակակ ֆլեշմոբներով։ Աշակերտներն իրենց արշավը սկսում են Թումանյանի թանգարանից, այնուհետև Թումանյան փողոցով անցնելիս ֆլեշմոբի մասնակից դարձնում պատահական անցորդների, որոնք մեծ հաճույքով ընթերցում և արտասանում են Թումանյանի հավերժական ստեղծագործությունները։
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղեց ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։

Grqi ton 3

Իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելեցին Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում։ Ծանոթանալով գործունեությանը` նախարարը շրջայց կատարեց թանգարանում։ ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել նաև «Ճամփորդ հոգին», «Ու նայե՜ս, նայե՜ս» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Գրքատոնին գեղեցիկ միջոցառումներ էին պատրաստել նաև մարզային թանգարաններն ու գրադարանները։ Ահա, օրինակ, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը հանդես է գալիս «Գրքատոն» միջոցառմամբ, որն անցկացվում է «Երիտասարդաց միության» հետ համատեղ։ Այնուհետև թումանյական քննարկումներ են՝ Թումանյանական անկյուն-ցուցադրության օրինակով, ապա բանախոսություն-քննարկում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի մասնակցությամբ։ Մեծանուն գրողի հայրենի հողում էլ Դսեղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը նախաձեռնել էր հանդիպում «Վանաձորի Վերնատուն մշակութային կենտրոն» ՀԿ-ի անդամների հետ, հաջորդիվ՝ դասախոսություն «Թումանյանի նամականին» խորագրով։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 405

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: