Ամփոփվեցին «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի տարեկան արդյունքները

Արդեն 11 տարի «Արմենպրես» լրատվական գործակալությունն իրականացնում է  «Երևանյան բեսթսելեր» նախագիծը: Այն նպատակ ունի ամրապնդելու գրողների, ընթերցողների, հրատարակչությունների միջև կապը: Նախագիծը հնարավորություն է տալիս ընթերցողներին իրազեկել  ժամանակակից գրական միտումների ու ամենապահանջված գրքերի մասին, ինչպես նաև գիրք ընթերցելը  դարձնում է ավելի վարակիչ:

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե  Նազարյանի խոսքով՝ տարիներ շարունակ մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվել են փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի օրը:

«Տարվա ամենապահանջված թարգմանություններ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Մարիա Սադոյանին՝ Խալեդ Հոսեյնի գրքերի հայերեն թարգմանությունների՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

«Տարվա բեսթսելերների թարգմանիչ» անվանակարգում  մրցանակ շնորհվեց Աստղիկ Աթաբեկյանին՝ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» և Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» գրքերի համար:

«Տարվա ամենապահանջված թարգմանությունների հրատարակիչ» անվանակարգում մրցանակ ստացավ «Էդիթ պրինտ»-ը՝ Ագաթա Քրիստիի գործերի՝ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

Հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանի խոսքով՝  իրենք չեն հասցնում տպագրել հեղինակի գրքերը, որոնք բավականին պահանջված են: Հատորների մի մասը կան, մյուսները կլինեն ավելի ուշ:

tarva bestseller 1

«Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ» ճանաչվեց «Բուկինիստ» հրատարակչությունը՝ այս նախագծում մանկական բազմատեսակ  գրքերով ներկայացված լինելու համար:

«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում մրցանակ ստացավ «Դավինչի» հրատարակչությունը՝ «Նոն ֆիքշն» (փաստավավերագրական) ժանրում Ջոն Ստրելեքի գրքերի տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

«Մրցանակն անսպասելի է, որովհետև գրքերը հրատարակելիս մենք չենք մտածում, որ այն բեսթսելեր դառնա, այլ ուզում ենք, որ այն նախ դուր գա մեր թիմին: Ստացվում է`գնորդին ևս դուր է գալիս, մենք գտել ենք նշաձողը, որը կարող է գնորդին բավարարել, ուրեմն դեռ լիքը գործ ունենք անելու»,- ասաց հրատարակչության տնօրեն Հայկ Աջապահյանը:  

tarva bestseller 2

«Տարվա հայ հեղինակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աշոտ Աղաբաբյանը՝ մի քանի գրքով տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

«Տարվա բեսթսելեր» մրցանակը ստացավ Ռուբեն Եսայանը: Նրա՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը 2023 թվականին  վաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել այս նախագծում:

«Սա ինձ համար շատ կարևոր պահ է, որովհետև որպես գրող առաջին անգամ եմ մրցանակ ստանում: Այն շատ մոտիվացնող ու պարտավորեցնող է»,- նշեց  հեղինակը:

tarva bestseller 3

«Հատուկ մրցանակներ»-ի արժանացան «Նյումեգ»  (գրքի փառատոնների հիմնադրման՝ BookFest) և «Զանգակ» («Ամառային ընթերցանություն. հանդիպում գրքի շուրջ» ) հրատարակչությունները`գրքի նկատմամբ սիրո ամրապնդման, գրական արժեքների տարածման գործում ունեցած ավանդի համար:

Լևոն Անանյանի անվան  երիտասարդական մրցանակը շնորհվեց  «Անտարես» հրատարակչությանը՝ երիտասարդ գրողների գրքերի լույս ընծայման և հանրահռչակման գործում ունեցած ջանքերի համար:

«Այսօր տեսնում ենք, որ թե՛ մեր մշտական մրցանակակիրների հարաբերակցությունն է փոխվել, թե՛  նոր անուններ, հրատարակիչներ ու գրողներ կան: Ուրեմն`ամեն ինչ ճիշտ ենք արել»,- իր խոսքում նշեց Լևոն Անանյանի որդին, գործակալության նախկին տնօրեն, նախագծի հիմնադիր Արամ Անանյանը:

«Երևանյան բեսթսելեր» և «Նոր գիրք» հատուկ նախագծերի իրականացման գործում ներդրած ջանքերի համար շնորհակալագիր շնորհվեց Ռոզա Գրիգորյանին:

Միջոցառմանն ամփոփվեց նաև «Armenpress» լրատվական գործակալության և գործընկեր հրատարակչությունների համատեղ անցկացրած «Գրքապտույտ» մրցույթը (Այն մեկնարկել էր ֆեյսբուքյան տիրույթում, մասնակիցները նկարի օգնությամբ պետք է գուշակեին գրքի անվանումը)։ Հաղթողները ձեռք բերեցին սպասված գրքերը։

Մարջան  Չոբանյան

Լուսանկարները՝ Արմենպրես լ/գ

  • Created on .
  • Hits: 379

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: