Կարդաlove-ը խորհուրդ է տալիս ապրել կարդալով

Հասարակության և հատկապես երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ սեր ու ուշադրություն տարածելու խորհրդով հերթական անգամ գրքառատ միջոցառման էր պատրաստվել ԿարդաLove հարթակը։ Այս տարի համախմբել էր մեծ ու փոքր բոլոր գրքասերներին՝ միասին անցկացնելու տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը։ Միջոցառման երեք գրքառատ օրերը հագեցած էին գրական հանդիպումներով, մեծ զեղչերով և, իհարկե, անակնկալներով:

Եռօրյա գրքի փառատոնն ամփոփեց աշխատանքները` այս տարի ներառելով շուրջ 15000 այցելուներ ու 1500 վաճառված գրքեր։ Կարդաlove հարթակի համահիմնադիր, փառատոնի կազմակերպիչ Լևոն Ստեփանյանի խոսքով՝ փառատոնը նպատակ ունի ներգրավել բոլոր տարիքի ընթերցողներին. դրանով են պայմանավորված նաև ընտրված միջոցառումները։

«Այս տարի երկու գրքի շնորհանդես ունենք՝ Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ 2» գրքի շնորհանդեսն է սպասվում, և մարկետինգային մեկ գիրք է սպասվում։ Շատ կարևոր է, որ այս տարիների ընթացքում իրապես նկատելի է գրքի որպես արժեք կարևորելու իրողությունը, դրան են միտված տարբեր փառատոնները, ակցիաները, հատկապես փետրվարյան գրքատոնին նկատելի է, որ բոլորը արժևորում են ընթերցանությունն ու գրքի տարածումը»,- ասում է Լևոն Ստեփանյանը։

Kardalove 2

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում գրքասերներին նաև ցուցահանդես-վաճառքն էր սպասում, որտեղ մինչև 50% զեղչեր էին սպասվում։
Իսկ սպասված գրքերի շնորհանդեսներին ուղեկցեցին հանդիպումները սիրված գրողների և մշակութային գործիչների հետ, այնուհետև նվեր մանուկների և մեծերի համար՝ հեքիաթի ժամ և BookQuiz։ Հագեցած միջոցառումների թվում էին նաև ԳինարBook-ը, բիզնես գրքերի պանելային քննարկումը, վարպետության դասերը և սեմինարները։

Կարդաlove հարթակի համահիմնադիր Տաթև Սարդարյանն ասում է. «Փառատոնը երկրորդ տարին է, որ կազմակերպում ենք, և այն դառնալու է շարունակական տոն բոլոր ընթերցասերների համար։ Այս տարի հատուկ շեշտադրում ենք կատարել ինքնակրթության ու ինքնազարգացման վրա, անգամ փառատոնի մեկ օրը գրեթե նվիրված է լինելու ինքնակրթությանն ուղղված դասախոսություններին և սեմինարներին։ Ունենք դասախոսություններ առաջնորդության, մարկետինգի վերաբերյալ»։

Kardalove22

Պարույր Սևակի 100 ամյակի առթիվ միջոցառման ընթացքում ներառվել էր նաև հանդիպում գրող-գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ: Այս անգամ Սևակը ներկայացվեց այլ դիտանկյունից՝ ուսման տարիներ, մոսկովյան շրջան, գրական համբավ։ Սևակի գրականության սիրահարները նոր գրողի բացահայտեցին:
Այս տարի ԿարդաLove գրքի փառատոնի շրջանակն ընդլայնվել էր, և կարևոր առիթ էին դարձել նաև դասախոսությունները։ Ահա դրանցից մեկի՝ «Ինքնաորոնման լաբիրինթոսում»-ի ընթացքում կարող ենք բացահայտել
մեր հիմնական պահանջմունքներն ու ձգտումները, էմոցիաների բալանսավորման ֆենոմենը։ Ապա ուսումնասիրել արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների ընդհանրությունը էմոցիոնալ բալանսավորման հարցում կամ ծանոթանալ համաշխարհային գրական և փիլիսոփայական մտքին՝ ինքնազարգացմանն ու էմոցիոնալ ներդաշնակության մասին։ Իսկ դասախոսությունը վարեց ՏՏ ոլորտում նախագծերի ղեկավար Էդգար Գալստյանը։

Ձեռնարկատերերն էլ քննարկեցին իրենց հաջողություններում մեծ դեր ունեցած գրքերի մասին, խորհուրդներ տվեցին երիտասարդներին։ «Իմ Բիզնես գիրքը» պանելային քննարկման շրջանակում ներկայացվեցին բիզնես գրքեր, որոնք կօգնեն հաջողության հասնել, զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը և կառավարման հմտությունները: Խոսնակներն էին «Futuris Architects» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովնան Շահբազյանը, «Beer Academy» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Ղազարյանը, «Business Support Center» ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը, Հայաստանում Առաջին Բիզնես Դպրոցի հիմնադիր-տնօրեն Ծովինար Սարգսյանը։

Kardalove222

Մասնագիտությամբ բանասեր Լիլի Հովսեփյանն, օրինակ, եկել էր մասնագիտական գրականության ետևից, սակայն փառատոնի բազմաժանր շրջանակը հնարավորություն է տվել առաջիկա գրքացանկում ընդգրկել նաև հոգեբանության ու աշխարհաքաղաքականության մասին աշխատություններ։

«Այս փառատոնը մեծ նվեր է բոլորիս համար։ Ես մասնակցել եմ նաև նախորդ տարվա փառատոնին, տպավորված եմ քննարկումներով ու հատկապես հոգեբանական քննարկմամբ, որը սեանսի էր նման։ Այս տարի ընտրել եմ, իհարկե, մի քանի գեղարվեստական, հոգեբանական գրքեր։ Տարածաշրջանային բարդ զարգացումները դրդում են նաև աշխարհաքաղաքականություն ուսումնասիրելու, այդ պատճառով նաև ևս մեկ գիրք եմ ընտրել այդ թեմատիկայով։ Փառատոնի ընթացքում ինձ շատ հետաքրքրեց նաև Սևակին նվիրված քննարկումը։ Շատ հետաքրքիր դրվագների ծանոթացա Սևակի կյանքից»,- ասաց Լիլի Հովսեփյանը։

Փառատոնը պատրաստվել էր զբաղեցնել նաև մանկահասակներին, իսկ նրանց ծնողներին էլ հետաքրքիր խորհուրդներ էին սպասվում՝ Չորս հեքիաթ ու չորս պատմություն՝ չորս մայրիկների մեկնաբանությամբ։ Միջոցառումը նախատեսված էր 4-8 տարեկան երեխաների համար։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 278

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: