Հարգանքի տուրք անվանի հայագետ Երվանդ Լալայանի 160-ամյակին

Մարտի 13-ին հարգանքի տուրք տրվեց անվանի հայագետ, Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի հիշատակին։ Այս տարի նշվում է Երվանդ Լալայանի 160-ամյակը։ Այս առիթով Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց այց շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն ազգագրագետի հիշատակին։ Այցին միացան նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանից և ԵՊՀ Պատմության ֆակուլտետից ներկայացուցիչներ։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն անդրադարձավ գիտնականի անցած դժվարին և ազգանվեր ճանապարհին՝ շեշտելով, որ Լալայանն իր ողջ կյանքը նվիրել է հայոց պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմանը, այն ապագա սերունդների համար պահպանելու և նրանց փոխանցելու գործին։ Հարգանքի և երախտիքի խոսքեր հնչեցրին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։

Հայ ազգագրագետ, հնագետ, բանահավաք Երվանդ Լալայանը ծնվել է Ալեքսանդրապոլում, 1864 թվականի մարտի 13-ին։ Սովորելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում` այնուհետև աշխատել է Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում։ 1894 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը։ Ժնևի համալսարանում ստացել է սոցիալական
գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ։ Անդրկովկաս վերադառնալով՝ 1895-1897 թվականներին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում։ Հենց այդտեղ համախմբելով ժամանակի լավագույն գիտականների հետ (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հր. Աճառյան, Լեո, Լ. Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի)` ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը, որի առաջին գիրքը լույս է տեսել 1896 թվականին։ Լալայանն այս առիթով գրել է. «Րոպեական ազդեցության տակ չենք վճռել մի այդպիսի հանդեսի հրատարակության ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այս. մեզ ճանաչողները գիտեն, թե որքան ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և որքա՜ն արգելքների ենք հաղթել փոքր ի շատե նախապատրաստվելու այս գործի համար…Մեր կոչումն այժմ միայն նյութեր հավաքելն է, որովհետև դրանց պակասության պատճառով գիտական ուսումնասիրություններն անհնարին են, և մեկ էլ` դրանց համար ժամանակ չի պակասիլ: Մենք կը կրենք քարերը և երանի նրան, ով կըգա այդ քարերով ազգային ինքնուրույնության շենքը կառուցանելու և համամարդկային էվոլյուսիոնի օրենքները գծելու»։
Հսկայական է Ազգագրական հանդեսի դերը հայոց արժեքների պահպանման գործում։ Հանդեսը կարողացավ պահպանել ու սերունդներին հասցնել հայոց դարավոր ավանդույթները, վարքն ու բարքը, մշակույթն ու կենցաղը։ Այն առաջին հայ ազգագրական պարբերականն է, հրատարակվել է 26 հատորով. առաջինը՝ Շուշիում, մյուսները՝ Թիֆլիսում։ «Ազգագրական հանդեսում» տպագրվել են հայ ազգագրությունը, բանահյուսությունը, հնագիտությունը, վիմագրությունը, պատմությունը, իրավունքն ու արվեստն ուսումնասիրող նյութեր։ Հանդեսի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի, Բուլանըխի և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Ղափանի բանահյուսական հավաքածուները, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակները, «Ռոստոմ-Զալ» վեպի հայկական պատումները և Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրությունը։ Այդ շարքում, անշուշտ, անկրկնելի են նաև Լալայանի հետազոտությունները, որը 1900 թվականի նոյեմբերի 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, 1906 թվականին էլ Հայոց ազգագրական ընկերությունը։ Հայոց Ազգագրական Ընկերության կազմակերպած թանգարանը Լալայանի ջանքերով 1921 թվականին Թիֆլիսից փոխադրվել է Երևան, որի առաջին վարիչը դարձավ հենց ինքը։ Հայագետը հեղինակն է «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901-1916) աշխատությունների։ Դրանցում ամփոփված են շատ արժեքավոր բանահյուսական նյութեր։ Անվանի հայագետը նաև գրի է առել բազմաթիվ հեքիաթներ, առակներ, առածներ։ Լալայանն աչք է ընկել կատարած լայնածավալ պեղումներով՝ Շարուր-Դարալագյազում, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում։ Պեղումների արդյունքներն ամփոփվել են «Դամբարանների պեղումները Խոհրդային Հայաստանում» (1931) գրքում։

Նաև հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված նկարազարդ 3 ալբոմ։ Հայերեն է թարգմանել ֆրանսերեն և ռուսերեն ազգագրագետների մի շարք աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ։

Լալայանը մեծ պատասխանատվութամբ և բարեխղճությամբ ուսումնասիրել է հայ ժողովրդական ընկալումները՝ բանավոր պատումները, գրականության միջնադարյան մատենագիտության եզակի նմուշները` հինավուրց ժողովրդի հոգևոր ու նյութական մշակույթի վերաբերյալ ահռելի նյութեր հավաքելով։ Հավաքչական նյութերում տեղ են գտնում նաև կենցաղավարական առանձնահատկությունները։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 276

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: