«Ալթունյան» անսամբլը Ֆրանսիացիներին ցնցել է հայկական մշակույթով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կազմում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլն արդեն մեկ ամիս է, ինչ  հյուրախաղերով հանդես է գալիս  Ֆրանսիայի քաղաքներում։

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է՝ առաջին համերգը եղել է փետրվարի 28-ին։ Մեծ ոգևորությամբ ֆրանսիական հանդիսատեսը ընդունել է հայ մշակույթը, պարերն ու ազգային տարազները։

«Անցած տարի նշեցինք անսամբլի 85-ամյակը և հրավեր ստացանք ֆրանսիական «Ս․Ա․Ս շոուներ բոլոր երկրներից» կազմակերպության կողմից, որը ներկայացնում է բոլոր երկրների ազգային մշակույթը։ Մեզ հետ կապվեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության միջոցով։ Ուսումնասիրեցինք կազմակերպությունն ու ընդունեցինք հրավերը։ Համերգները նախատեսված են Ֆրանսիայի 23 քաղաքներում»,- ասաց Արմեն Սարգսյանը։

 Altunyan 2

Ընդհանուր շրջագայությունը ներառում է 20-25 համերգ։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ մեծ պատիվ ու ուրախություն է համագործակցել նման կազմակերպության հետ և մեծ դեր ունենալ հայկական մշակույթի տարածմանը։ Ըստ նրա՝ կարևոր է ճիշտ ձևով մատուցել արտասահմանցի հանդիսատեսին հայկական մշակույթը և ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել նրանց կողմից դեպի հայկականը։

Ֆրանսիացի հանդիսատեսն այնքան է հավանել հայկական երգն ու պարը, որ անսամբլը աշնանը ևս հրավիրվել է Ֆրանսիա հյուրախաղերի։

 Altunyan 3

Նշենք, որ «Ալթունյան» անսամբլը վերջերս նշել է ստեղծման հոբելյանը․ այն հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից: Համահիմնադիր են եղել կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և պարուսույց Էդվարդ Մանուկյանը: Անսամբլն ի սկզբանե կոչվել է Ժողովրդական երգի-պարի անսամբլ: Թաթուլ Ալթունյանը, Հայաստանի տարբեր շրջաններից հավաքելով ժողովրդական երգն ու պարը, մաքրելով, զտելով դրանք օտարամուտ տարրերից, հղկել, բազմաձայնել, համերգային, բեմական կյանք է պարգևել և վերադարձրել ժողովրդին: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնեցին մարդիկ, որոնք հանձն առան երգի-պարի անսամբլի նորացմանը, բարեփոխումներին` պահպանելով ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը` ներգրավելով համերգային ծրագրի մեջ երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ: Անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։ 

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 573

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: