«Սալոմե». Վ.Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը վերադառնում է Ազգային պատկերասրահի ցուցասրահ

Մարտի 23-ից Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահ կվերադառնա հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավը վերականգնված: 2019 թվականին այն իջեցվել էր մշտական ցուցադրության պատից և տարիներ շարունակ գտնվում էր վերականգնման արվեստանոցում։

Հետաքրքական է, որ մինչև ազգային պատկերասրահում հանգրվանելը «Սալոմեն» երկար ճանապարհ է անցել՝ մասնակցելով միջազգային մի շարք ցուցահանդեսների: Բայց 1914 թվականին Հռոմում կայացած ռուս նկարիչների ցուցահանդեսից հետո Առաջին աշխարհամարտի պատճառով այն չի վերադարձվել Սուրենյանցին: Պահպանվել է Մարտիրոս Սարյանի՝ Իտալիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Լև Կամենևին ուղղված նամակը, որով նա խնդրում է նկարը ուղարկել Հայաստան: Եվ հենց Սարյանի ջանքերի շնորհիվ 1929 թվականին «Սալոմեն» վերջնականապես հանգրվանում է Ազգային պատկերասրահում: Իսկ, ահա, տարիներ անց հանրությունը հնարավորություն ունի ոչ միայն դիտելու վերականգնված կտավը, այլ նաև անուղղակիորեն «մասնակիցը լինելու» ստեղծագործության վերականգնման աշխատանքներին: 

Salome 5

Salome 1

Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունը վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու ստեղծագործությունների վերականգնման խորհրդավոր և հաճախ «անհասանելի» աշխարհում, ծանոթանալու վերականգնող վարպետների բարդ և պատասխանատու աշխատանքին։

Այսպիսով՝ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութ ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:

Salome 6

Salome 4

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները:

«Թանգարանների այցելուներն, առհասարակ, թանգարանը ընկալում են որպես ցուցադրատարածք, որը շատ-շատ փոքրացնում է դրա նշանակությունը և այն չի ընկալվում որպես կենդանի օրգանիզմ»,- ասում է Մարինա Հակոբյանը՝ հավելելով, որ նման ցուցադրությունները կոչված են ներկայացնելու թանգարանը որպես շնչող օրգանիզմ՝ ցույց տալով, թե ինչով է զբաղվում «թանգարանցին», ով է նա, ինչ աշխատակիցներ ունի:

Salome 2

Salome 8

Վերջինիս  խոսքով՝ այս ցուցադրությունն իրականացնում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում, որը ներկայացնում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը: Եվ սա նշված նախագծի 2-րդ ցուցադրությունն է:

«Ինչո՞ւ եմ ես հատկապես առանձնացնում «Սալոմեի» ցուցադրությունը… այս պարագայում «Սալոմեն» ոչ միայն թանգարանային հավաքածուի գլուխգործոցը, մարգարիտն է, այլև  համաշխարհային կերպարվեստում առանձակի տեղ գրավող պատկերներից: Սուրենյանցը այս կտավում մի փոքր շեղվել է ավանդական պատկերագրությունից, և մենք չենք տեսնում Հովհաննես Մկրտչի գլուխը: Այստեղ ամբողջ շեշտադրումը կերպարին է գնում և հենց այդ լեգենդար, առեղծվածային կնոջ շուրջ է հյուսվում ամեն ինչ»:

Salome 3

Հավելենք, որ անգլիացի սիմվոլիստ դրամատուրգ Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսն է շատ արվեստագետների համար ոգեշնչման աղբյուր հանդիսացել, ինչից անմասն չի մնացել նաև Վարդգես Սուրենյանցը (1907թ): Պիեսում Սալոմեն դեռատի աղջիկ է՝ սիրահարված Հովհաննես Մկրտչին: Բազմիցս մերժվելով նրա կողմից՝ վրեժխնդրությունից Սալոմեն իր պարի դիմաց Հերովդեսից պահանջում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սուրենյանցի ստեղծագործությունը տարբերվում է մյուս արվեստագետների ստեղծագործություններից հենց նրանով, որ նա միտումնավոր հրաժարվել է ավանդական պատկերագրությունից՝ հերոսուհուն ներկայացնելով առանց Հովհաննես Մկրտչի գլխի:

Salome 7

Նկարիչ վերականգնող Արտաշես Աբրահամյանի կարծիքով՝ այս սիմվոլիկ ցուցահադեսով պատկերասրահը փաստորեն ևս մեկ անգամ ընդգծում է՝ թանգարանը շարունակում է գալիք սերունդներին փոխանցել մեր համամարդկային, մշակութային գանձերը:

Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 328

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: