ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախաձեռնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-ից մինչև 31-ը զարկ է տվել  «Թատերական շաբաթ» ծրագրին, որին մասնակցում են ինչպես նախարարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Շաբաթվա ընթացքում, որը համընկնում է նաև դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, թատրոնները իրականացնելու են տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, այցելություն թատրոնի հետնաբեմ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում:

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը մեզ հետ զրույցում ներկայացնում է՝ մինչ ծրագրի մեկնարկը թատրոնն արդեն շատ նախագծեր էր մշակել։ Մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է 68 ներկայացում բեմադրել։

«Շաբաթվա մեջ ունենալու ենք 15 ներկայացում։ Երեխաները ներկայացումից հետո շրջելու են թատրոնում, տեսնելու են ետնաբեմը, տիկնիկների սենյակը, թատրոնի թանգարանային հատվածը։ Մեր դեպքում ակնկալում ենք մեծ հոսք»,- ասում է նա։ Ըստ Բաբայանի՝ թատրոնը անցյալ տարի ունեցել է մոտ 100 հազար հանդիսատես, այս տարի նախատեսում են ավելի շատ ունենալ, քանի որ երկու ամիսների ըթնացքում հանդիսատեսի թիվն արդեն 20 տոկոսով աճել է։

Մարտի 26-ին՝ տիկնիկային թատրոնում նախատեսվում է «Սյունեցի Գոռը» ներկայացումը, մարտի 27-ին՝ «ԱԿ. ԱԿ», մարտի 29-ին՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումները։ Մարտի 30-ին և 31-ին էլ կբեմադրվեն «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Եվ նորից կարմիր գլխարկը» ներկայացումները։  Նշված ներկայացումներից հետո դպրոցականների համար նախատեսվում է շրջայց թատրոնում, ծանոթացում թատրոնի պատմությանը, այց ետնաբեմ, տիկնիկների սենյակ, արվեստանոցներ։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը ևս կարևորում է  թատերական շաբաթը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան երեխա-թատրոն կապն ամուր պահեն․ «Ամեն օր ժամը 3-ին կդիմավորենք ու կպատմենք թատրոնի մասին։ Մեր թատրոնում այդ քաղաքականությունը կա՝ տալ առաջնահերություն երեխաներին, չանտեսել նրանց։ Այս տարի էլ ավելի շատ ենք պլանավորում մանկական ներկայացումները՝ սկսած մանկապարտեզային տարիքից»։

Ներկայացումներից զատ երեխաները հնարավորություն են ունենալու տեսնել թատրոնի ետնաբեմը, թե ինչպես է բեմադրվում ամեն դետալը։ Նարինե Գրիգորյանն ասում է՝ կարևոր է լսել նաև երեխաներին, կպատասխանեն նրանց հարցերին։ Փաստում է՝ կա ակտիվություն, որ դպրոցականներն արդեն սկսել են հետաքրքրվել թատրոնով և ճանաչում են թատրոնի յուրաքանչյուր դերասանին, անկախ նրանից, թե այդ դերասանը որևէ սերիալում նկարահանվել է, թե ոչ։

Մարտի 26-ին և 29-ին ժամը 15։00-ին համազգայինում կլինի «Փափլիկը» ներկայացումը, մարտի 30-ին՝ «Շան սիրտը»։ Նշված ներկայացումներից բացի կլինի 40 րոպե դաս՝ 40 մասնակցից բաղկացած։

Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ նկատում է՝  թատրոնը մշտապես ունեցել է նման ծրագրեր, այս անգամ մասնակցում են թատերական շաբաթին պետական աջակցության շրջանակներում։ «Շրջայց է լինելու թատրոնում, ներկայացնելու ենք, թե ինչպես են բեմադրություններն արվում, բեմի ետնաբեմն են տեսնելու, լուսավորությունը, ձայնային սարքավորումները։ Դերասանների հետ հարցուպատասխան է լինելու»,- ասում է նա։ Ըստ Շահբազյանի՝ ակտիվությունը այս ծրագրի շրջանակներում շատ մեծ կլինի։

 

Երևանի և մարզերի այլ թատրոնների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://escs.am/files/files/2024-03-14/5de37ca311740c041f2e2438e929791b.pdf

 

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 163

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: