Կայացավ «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողովը

Նորություն չէ, որ հայ-իրանական պատմական, մշակութային առնչությունները հազարամյակների պատմություն ունեն։ Դրանցում տեղ են գտել տարբեր դարաշրջանների արժեհամակարգերն ու կենցաղավարությունը։ Իսկ արվեստն, անշուշտ, նման շփումները հավերժացնելու և գեղեցիկը պահպանելու ու ժառանգելու կոչմամբ է օրհնված։ Հայ-իրանական մշակութային շփումներում ահռելի դեր է կատարել հայ համայնքը, իսկ վերջինիս ներկայացուցիչները մեծ ազդեցություն ունեցել հարևան երկրի ամենատարբեր ոլորտներում։

Մարտի 21-22-ին Մատենադարանում կայացած «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողովը նվիրված էր իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին:

Sevrugyan 2

Նախ գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Մեհդի Սոբհանին և Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը։ Մինչ գիտաժողովը այս տարեսկզբին՝ հունվարի 26-31-ին, առաջին անգամ պաշտոնական այցով Իրանում գտնվող Մատենադարանի պատվիրակությունը կարևորագույն ձեռագրական կենտրոններում հանդիպումներ էր ունեցել գրավոր ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման պատասխանատուների հետ։ Իսկ արդյունքներն այժմ կյանքի են կոչվում․ նախաձեռնվեց «Պատկերի պոեզիան» հայ-իրանական գիտաժողովը։

Երկօրյա գիտաժողովի հետազոտական շրջանակն ընդարձակ էր և ներառել էր հայ-իրանական փոխշփումների լայն շրջանակ։ Ներառված էին նաև բուն հայկական ավանդական ուսումնասիրման թեմաներ, օրինակ՝ «Կնոջ կերպարը 20-րդ դարի իրանահայ կերպարվեստում», «Անդրե Սևրուգյանի՝ որպես նորարար նկարչի տեղը իրանական գեղանկարչության մեջ», «Մատենադարանի գեղագիտական աշխատանքների դասակարգումը» և այլն։ Իսկ գիտաժողովի գլխավոր խնդրո առարկան, անշուշտ, Անդրե Սևրուգյանն էր։

Sevrugyan 5

Թեհրանում ծնված հայ նշանավոր գեղանկարիչ և մանրանկարիչ Անդրե Սևրուգյանը ծնվել է 1894 թվականի մայիսի 1-ին։ Հետարքիր է, որ արվեստագետի հայրը եղել է Իրանի Նասեր էդ-Դին շահի արքունական լուսանկարիչ Անթուան Սևրուգինը:
Անդրե Սևրուգյանի հին պարսկական գեղանկարչության և մանրանկարչության յուրահատուկ ոճն արտացոլել է հնագույն դպրոցների ավանդույթներն ու ժամանակակից նորամուծությունները։ Ֆիրդուսի, Խայյամ, Հաֆեզ, Բաբա Թահեր․ ահա, թե ովքեր են ոգեշնչման աղբյուր հանդիսացել։ Իհարկե, նաև հետ չեն մնացել նաև հայոց ոգով ու ներշնչմամբ արտացոլված գործերը։ Այդտեղ ներկա են հայոց պատմական անցյալը, ազգային արժեհամակարգին և արվեստին բնորոշ հատուկ թեմաները։
Նշանավոր են Սևրուգյանի «Արտաշես և Սաթենիկ», «Գրիգոր Լուսավորիչ», «Շամիրամ կողբա Արայի մահը», «Վարդանանք», «Մուսա լեռան քառասուն օրը», «Սարդարապատ», «Զորավար Անդրանիկի մահը» և այլ աշխատանքները։ Ինչպես արվեստաբան Իվետ Թաջարյանն է ներկայացնում, մեծ է եղել Սևրուգյանների դերը պարսից հասարակության մեջ, հատկապես դրան օգնել է նաև պարսից մշակույթին վարժ տիրապետելն ու նաև հայկական շունչը։

Sevrugyan 4

«Սևրուգյանն իր կյանքի մեծ մասը նաև սահմաններից դուրս է ապրել, սակայն իր գործերում երբեք հայկական, պարսկական թեմաները դուրս չեն մնացել։ Դեռ մանկուց Անդրե Սևրուգյանը մեծացել է հոր՝ Անտուան Սևրուգյանի ստեղծագործական ակտիվ լույսի ներքո։ Անտուան Սևրուգինը բարձր դիրք է գրավել և արքունական լուսանկարիչ լինելով՝ անգամ հարեմ է մտել և կադրեր հավերժացրել։ Անշուշտ, այդ գործերը վառ վկայություններ ու աղբյուրներ են հասարակական ընկալումներն ուսումնասիրելիս։

Սևրուգյանն իր կյանքի ինը տարիները նվիրել է «Շահնամեն» ուսումնասիրելուն և այդ ամենն իր արտացոլումն է ունեցել իր գործերում։ Այստեղ պետք է նկատել կապը պոեզիայի, գեղանկարչության և մանրանկարչության միջև»,- ասում է Ի.Թաջարյանը։

 

Գիտական զեկուցումներով հանդես եկան Իրանի Ֆարհանգյան, Իմամ Խոմեյնիի անվան միջազգային, Թեհրանի, Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ, Չինաստանի Սոչժոուի համալսարանների, Մաշտոցյան Մատենադարանի գիտաշխատողներ, գիտնականներ։ Գիտաժողովի մասնակիցներին սպասվում էր նաև հետաքրքիր շրջայց Մատենադարանի թանգարանում, հայոց և օտարալեզու ձեռագրերի ներկայությամբ։ «Իրանի ժամանակակից ճարտարապետության փոխակերպումը և հայ ճարտարապետների առանցքային դերը» զեկուցմամբ հետազոտող Արմեն Մինասյանն անդրադարձավ հայ ճարտարապետական մտքի ազդեցությանը և նշանավոր կոթողներին։

Sevrugyan 3

«Հայաստանը և Իրանը իրենց աշխարհագրական սահմաններում ունեն հուշարձաններ, որոնցից օրինակ Ատրպատական նահանգի հուշարձանները լավագույնս պահպանվել են։ Հուշարձաններ կարող ենք հանդիպել Սպահանում, և դա ապացույց է, որ հայերն ունեցել են բազմադարյա մշակութային ժառանգության ազդեցություն։ Նաև կարող ենք նկատել երկու երկրների միջև միմյանց նկատմամբ փոխհարգանքը մշակութային ժառանգության նկատմամբ։ Կան նշանավոր կոթողներ, որոնք վկայությունն են դրա, օրինակ Սուրբ Թադեի վանքը, Սուրբ Ամենափրկիչը Իրանում, Կապույտ Մզկիթը Հայաստանում։ Ընդհանրապես Իրանի ժամանակակից ճարտարապետության հիմնադիրը ազգությամբ հայ Վարդան Հովհաննիսյանն է։ Պետք է նշել, թե ինչպիսի ազդեցություն է թողել հայկական հետքը այդ առումով։ Չպետք է մոռանանք նաև Ալեքսանդր Թամանյանին, որը մի քանի տարի ապրել է Իրանում, մի շարք կոթողների հեղինակ է»,- ասաց Արմեն Մինասյանը։

Գիտաժողովը համընկել էր նաև Նովրուզ տոնի հետ։ Այդ առիթով արվեստաբան Իվետ Թաջարյանը ներկայացրեց տոնի առանձնահատկություններն ու խորհրդանիշները։
Գիտաժողովին էր միացել նաև Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական, անվանի հայագետ, «Նարեկացի» հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթեր Քաուին։ Հետազոտության թեման՝ Հայ միջնադարյան վիպասանության համատեքստը պարսկակական մշակութային տիրույթում։ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանն էլ ներկայացրեց Հայաստանը պարսկական քարտեզագրության մեջ։

Գիտաժողովի ամփոփմամբ առաջիկայում նաև նախատեսվում է Սևրուգյանին նվիրված ցուցադրություն, որը իրականացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և այլ թանգարանների համագործակցությամբ: Գիտաժողովի մշակութային հատվածն էլ իրանական շնչով զարդարեց «Հանանե» իրանական ժողովրդական համույթը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 247

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: