Ազգային պատկերասրահում բացված «Մոդեռն ոճը» ցուցահանդեսը բազմակողմանի և ամփոփ ներկայացնում է գեղագիտական այդ ուղղությունը
Հայաստանի Ազգային պատկերասրահում ապրիլի 9-ին բացված «Մոդեռն ոճը» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբել հայ, ռուս և եվրոպացի ականավոր արվեստագետների ստեղծած շուրջ 120 աշխատանքներ, որոնք ներկայացնում են գեղագիտական այդ ուղղության զարգացման փուլերը, տարաբնույթ կողմերը և տարբեր դրսևորումները։
Գեղարվեստական այս դրսևորման ցայտուն վկայությունն է հայտնի վարպետներ Գեորգի Յակուլովի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի, Հակոբ Գյուրջյանի, Մարտիրոս Սարյանի բարձրարժեք ստեղծագործությունները։
Ցուցադրված են նաև ռուսական մոդեռնի տարաբնույթ կողմերը բնորոշող նկարիչների, հիմնականում` «Միռ իսկուստվա» միավորման առաջատար վարպետների ստեղծագործություններ, ինչպես նաև տարբեր դպրոցների գրքային նկարազարդումների փայլուն նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի եվրոպական այնպիսի խոշոր վարպետների գործեր, ինչպիսիք էին Ռ. Լալիկը և Է. Գալլեն։ Ցուցահանդեսն ամբողջացնում են հանրահայտ նկարիչներ Վալենտին Սերովի «Մ. Ակիմովայի դիմանկարը» և Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ» գլուխգործոցները:
«Մոդեռն ոճը Հայաստանի ազգային պատկերասրահում» ցուցահանդեսում տեղ են գտել նաև աշխատանքներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ցուցահանդեսի բացմանն ասաց, որ մոդեռն ոճն ամենաբազմակողմանի, ամենաինքնատիպ, ամենահետաքրքիր ուղղություններից է համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ, և կոնկրետ Ազգային պատկերասրահի հավաքածուն՝ հայկական ու արտասահմանյան, մեծ հնարավորություն է տալիս բազմակողմանի և ամփոփ ներկայացնել մոդեռն ոճը։
«Վերջին չորս տարիներին վերանորոգման պատճառով մեր ցուցասրահները մեծամասամբ փակ են եղել։ Այսօր ցուցադրվող գլուխգործոցները մեր մշտական ցուցադրության գոհարներն են եղել, և այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մեկ հարկի ներքո տեսնել այդ ամենը։
Մոդեռն ոճի առանցքային հատկանիշներից է գեղեցկության ձգտումը։ Այսօր ավելի քան, կարծում եմ, բոլորս դրա կարիքն ունենք»,- ասաց Մ.Հակոբյանը։
Նրա ներկայացմամբ, հայ արվեստագետներն այդ շրջանում մեծամասամբ ուսումնառել են եվրոպական տարբեր երկրներում և, բնականաբար, ազդեցությունից զերծ չէին կարող մնալ, բայց հայկական կերպարվեստի դեպքում դա պարզապես ազդեցություն չէ։
«Հետաքրքիր սինթեզ է՝ հայկականի, մեր ազգային դպրոցի և մոդեռն ոճի։ Արևմտաեվրոպական նվաճումները մեզ մոտ մշտապես համադրվել են ազգայինի հետ՝ ստեղծելով շատ ինքնատիպ կերպարվեստ»,- նշեց Ազգային պատկերասրահի տնօրենը։
Մ. Հակոբյանի խոսքով, ժամանակակից արվեստը կառուցվել է հենց մոդեռն ոճի հիմքի վրա, և այսօր ավելի քան ակտուալ է մոդեռն ոճի ներկայացումը։
«Մոդեռն ոճը» ցուցահանդեսի համադրող Իրինա Բաղդամյանի ներկայացմամբ, մոդեռն ոճը միջազգային խոշոր շարժում է, որն առաջացել է 19-20-րդ դարերի սահմանագծի արվեստում և գեղարվեստական սկզբունքների ընդհանրությամբ հանդերձ՝ յուրովի է դրսևորվել տարբեր երկրներում։ Ոճի էսթետիկան հիմնված է գեղեցիկի գաղափարի վրա, իսկ գլխավոր խնդիրն է շրջապատող աշխարհի փոխակերպումը գեղեցկության միջոցով, որի կրողը հենց արվեստն է. կյանքը դարձնել նույնքան կատարյալ, որքան արվեստն ինքն է։ Նորովի է ընկալվում նաև արվեստագետի գործունեությունը. նա դիտվում է իբրև գեղեցիկի արարիչ և ժամանակի ձգտումների հիմնական մեկնաբան։
Նա նշեց, որ վերջին տասնամյակներում շատ են կազմակերպվում մոդեռն ոճին նվիրված ցուցահանդեսներ, իրականացվում են հետազոտություններ, ուսումնասիրություններ, այդ ուղղությանը վերաբերող հրատարակություններ են լույս տեսնում:
Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս բացահայտելու ազգային վարպետների առանձնահատկությունները գեղագիտական այս ուղղության շրջանակում, որը հայտնի է իր գաղափարների և մտահղացումների բազմազանությամբ։
Իրինա Բաղդամյանի ներկայացմամբ, մոդեռնը Հայաստանում ունի վառ արտահայտված յուրատիպություն, ինչի շնորհիվ այն անկրկնելի և ճանաչելի է դառնում բազմաթիվ այլ դպրոցների շարքում։ Այն թույլ է տալիս հայ նկարիչներին՝ որպես ինքնատիպ վարպետների, որոշակի տեղ զբաղեցնել «ար նուվոյի» պատմության մեջ, նրանք զարգացրել են ոճի օրիենտալիստական ճյուղը և, բացի այդ, մեծ դեր են ունեցել ժամանակակից հայ արվեստի արտահայտչալեզվի կազմավորման գործում։
Գեղանկարիչ, արվեստաբան Արա Հայթայանն ասաց, որ մոդեռն ոճի մեջ խնդիր կար՝ նայել դեպի հետ, ուսումնասիրել ակունքները, պատմությունը։
«Դա համաշխարհային միտում էր՝ վերանայել պատմությունը։ Սուրենյանցն իր ձևով դա հասկացավ՝ ինչպես պետք է լինի մոդեռնի և պատմականի սինթեզը, Սարյանն իր ձևով ըմբռնեց, Յակուլովն արևելապաշտ էր, և նա էլ իր ձևով ըմբռնեց։ Բայց որպես նվաճում տեսնում ենք, որ հրաշալի ներկայացուցիչներ ունենք, որոնց մի մասը եկան ու արդեն Խորհրդային Հայաստանում կազմեցին հայ կերպարվեստի հիմքը»,- նշեց Արա Հայթայանը։
Արվեստաբանի խոսքով, հայ նկարիչները միշտ անպայման իրենց ինչ-որ մի կնիքը՝ մոտեցման, գույնի, գծայնության, կոմպոզիցիոն առումով փորձում էին տեղայնացնել. «Մոդեռնի տեղայնացնելը շատ բնորոշ է մեր նկարիչներին, ինչն այստեղ տեսնում ենք և՛ առանձին, և՛ հարաբերության մեջ»։
Նաիրա Տիգրանյան
- Created on .
- Hits: 812