• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Հայոց Ցեղասպանության հիշատակին բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրությունը

Հայոց Ցեղասպանության հիշատակին բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրությունը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ ապրիլի 23-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրությունը։ Հայոց ցեղասպանությունն ու դրա հիմքում ընկած հայատյաց քաղաքականության շարունակականության հետևանքներն իրենց հետքն են թողել հայոց պատմամշակութային ժառանգության վրա։ Դրանցից շատերն ընդհանրապես բնաջնջվել են ու մոռացության մատնվել, իսկ շատերն էլ վերածվել են ավերակների՝ իրենց հիմքում պահպանելով դարավոր մշակույթն ու ազգային հետքը։

Ցեղասպանված հուշարձաններ 1

19-20-րդ դարերում Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Ցեղասպանված հայկական հուշարձանները ներկայացնում են հայ ժողովրդի նկատմամբ կատարված վայրագությունների, զանգվածային սպանությունների և կոտորածների մասին։ Այդ հուշարձանները, որոնց զգալի մասն արդեն վերացման եզրին է գտնվում, պարզ ապացույցն է ժողովրդի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության հետևանքների մասին։

Ցեղասպանված հուշարձաններ 2

«Հայաստանի պատմության թանգարանում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին թանգարանը նախաձեռնեց, և մեր հանրության առջև կբացվի ոչ այնքան մեծ, բայց արդիական լուսանկարչական ցուցադրություն։ Դրա համատեքստում թանգարանի լավ բարեկամ Հրայր Բազէ Խաչերյանի և մեր թանգարանի հավաքածուների հիման վրա ձևավորված լուսանկարների համադրությունն է։ Համադրություն, որը, կարելի է ասել, մեզ համար որոշակիորեն պարզ է դարձնում ոչ միայն ցեղասպանության, այլ նաև դրա հետևանքների և մինչև այժմ շարունակվող որոշակի գործընթացների արդյունքը, զուտ պատմամշակութային ժառանգության և մեր պատմական հայրենիքում մնացած մեր հետքերի ոչնչացման այս գործընթացի առումով։ Շատերդ ծանոթ եք, և գիտեք, թե ինչ մեծ հայկական ժառանգություն կար Արևմտյան Հայաստանում և բոլոր հայաբնակ հատվածներում, որտեղ դարեր շարունակ հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրել է իր տաղանդի, իր հանճարի նոր դրսևորումն է թողել հուշարձանների տեսքով։ Ցավոք, ցեղասպանության հետևանքով նաև երկար ժամանակի ընթացքում մենք մի իրավիճակի ենք ականատես լինում, որ մեր ժառանգության հետքերը միտումնավոր, աստիճանաբար բարձիթողի վիճակում թողնելով՝ վերանում են»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Ցեղասպանված հուշարձաններ 3

Ցեղասպանված հուշարձաններ 7

Նրա հավելմամբ՝ այս լուսանկարները տասնյակ հուշարձաններից համադրվել են՝ նպատակ ունենալով ցուցադրել թանգարանի արխիվում պահպանված հատկապես 20-րդ դարի սկզբի և 21-րդ դարում արդեն լուսանկարչի կողմից ֆիքսված նույն հուշարձանները։

«Եթե ուշադրություն դարձնենք, կնկատենք, թե ինչպես են աստիճանաբար այս հուշարձանները մասնատվում, ոչնչացվում և արդյունքում թույլ տալիս, որ որևէ հետք չպահպանվի և սա ուղիղ ցեղասպանության շարունակման դրսևորումներից մեկն է։ Ցուցահանդեսն էլ հենց այդպես ենք ընտրել և դրանք ներկայացնում են ոչմիայն անդրադարձը Արևմտյան Հայաստանին՝ Անիի շրջանին, այլև Շուշիի Ղազանչեցոցին, որն արդեն մեր նոր սերնդի աչքի առաջ նույն ճակատագրին է այժմ արժանացել։ Ցուցահանդեսը համեստ քայլ է այս խնդիրը բարձրաձայնելու, մեր այցելուների համար փաստարկված ցուցադրելու համար։ Հուսով ենք, որ այն նաև կունենա իր արձագանքները և ավելի շարունակական կներկայացնենք այլ հուշարձաններ»,-նշեց թանգարանի տնօրենը։

Ցեղասպանված հուշարձաններ 4

Ցեղասպանված հուշարձաններ 8

Ցուցադրության շրջանակում ներկայացվում են Արևմտյան Հայաստանի Անի, Վան, Խծկոնք, Հոռոմոս և այլ բնակավայրերի հուշարձանների լուսանկարներ՝ արված 20-րդ դարասկզբին։ Ցուցադրության համադրողը լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանն է, որն այդ հուշարձանների վերջին տարիներին արված լուսանկարների հեղինակն է։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրայր Բազէ Խաչերյանի, որը շատ կարճ ժամանակահատվածում և, ընդհանրապես, թանգարանի հետ երկարատև համագործակցությամբ տրամադրված և պատրաստակամ լուսանկարիչ է և ակտիվորեն ֆիքսում է մեր պատմամշակութային ժառանգությունը։ Ցավոք, նա այժմ Հայաստանում չէ։ Կարող ենք ծանոթանալ նաև նրա տրամադրած ֆիլմին, իր փորձառությանը՝ կապված Արևմտյան Հայաստանի հետ։ Հուսով ենք, որ նաև այս թեմայով հետաքրքիր բանախոսություն կունենանք»,- հավելեց Դավիթ Պողոսյանը։

Ցեղասպանված հուշարձաններ 5

Ցեղասպանված հուշարձաններ 6

Այս տարին խորհրդանշական ու հագեցած է թանգարանի համար։ Մայիսին կվերաբացվեն Անիի սրահները, Անիի հսկայական մասունքները։ Խորհրդանշական տարի է նաև արշավախմբի անդամների կենսագրությունների առումով․ լրանում է արշավախմբի գիտնական Աշխարհաբեկ Քալանթարի 140-ամյակը, արշավախմբի ղեկավար Նիկողայոս Մառի 160-ամյակը, ինչպես նաև Անիի պեղումների 120-ամյակը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 240

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: