Լույս է տեսել «Հայկական կինո» 1924-2023 կատալոգը

«Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն», «Մենք դեռ կհանդիպենք», «Հին օրերի երգը», «Լուկա» և հազարավոր այլ  խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի մասին տեղեկություններ տեղ են գտել «Հայկական կինո» 1924-2023 կատալոգում:  Գրքում հավաքագրված է հայկական 3136 ֆիլմի մասին տեղեկատվություն՝ անվանում, արտադրող ստուդիա, ժանր, տևողություն,  նկարահանող խումբ, դերասաններ, մարմնավորված դերերի անուններ և մի շարք տեխնիկական այլ տեղեկություններ:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում: Երկլեզու՝ հայերեն և անգլերեն, այս կատալոգի հրատարակումն իրականացվել է Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի կողմից՝ «Հայկական կինո 100» ծրագրի շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Haykakan kino 2

Haykakan kino 3

«Սա կատալոգի 3-րդ հրատարակությունն է: Առաջինը լույս է տեսել 2000թ-ին, երկրորդը՝ 2009-ին»,-մանրամասնեց «Ոսկե ծիրան» փառատոնի համահիմնադիր, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի ղեկավար Սուսաննա Հարությունյանը: «Կատալոգի առաջին հրատարակությունը ներառում էր 1924-1999թթ-ին  նկարահանված հայկական ֆիլմերը, երկրորդ հրատարակությունը՝ 2000-2008թթ-ին նկարահանվածները: Այս նոր լրամշակված հրատարակությունը ընդգրկում է առավել լիակատար տեղեկատվություն 1924-2023 թթ Հայաստանի կինոարտադրության մասին»,- մանրամասնեց նա՝ հիշեցնելով, որ առաջին հրատարակության աշխատանքներն առավել բարդ էին, քանի որ տեղեկությունները ցաքուցրիվ էին:

Haykakan kino 4

Haykakan kino 5

«Ասեմ, որ սա Միքայել Ստամբոլցյանի (կինոգետ, «Ոսկե ծիրան» փառատոնի համահիմնադիր) գաղափարն էր: Ընդ որում՝ այդ գաղափարը նա առաջ էր քաշում այնպիսի ժամանակներում, երբ դա կարելի էր համարել անհույս, որովհետև դժվար կյանքի ժամանակներ էին դրանք: Բայց տեսեք, որ երբեմն կարևոր է անհույս գաղափար ունենալը․ այն հանկարծ դռներ է բացում, և դրան օգնում են ինչ-որ ուժեր, որոնց մենք չգիտենք»,- նկատեց  Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, կատալոգի առաջին հրատարակության խմբագիր Դավիթ Մուրադյանը: «Այսօր ունենք մի կատալոգ, որի գոյությունը շատ կարևոր է, որովհետև վերջին տասը ու ավելի տարիների ընթացքում նոր սերունդ եկավ՝ հայ կինոյի նոր սերունդը, և պետք էր նրանց ներկայությունը ամրագրել: Մենք իրավունք չունենք «պարապ» թողնելու այս տարիները»,- ընդգծեց նա:

Haykakan kino 6

Haykakan kino 7

Սուսաննա Հարությունյանը, որ ղեկավարել է նաև այս երրորդ վերահրատարկության ծրագիրը, ասաց. «Երբ մի տարի առաջ հայտարարեցինք ինֆորմացիայի հավաքագրումը, շատերը չարձագանքեցին, ինչից հետո մեկ առ մեկ զանգել, ճշտումներ ենք արել ֆիլմերի վերաբերյալ: Ուստի եթե ինչ-որ ֆիլմեր վրիպած կլինեն այս կատալոգից՝ կարող եք դիմել մեզ, որպեսզի այն լրամշակվի»: Այս հրատարակության կազմողները մասամբ թարմացրել են նաև նախորդ հրատարակություններում տեղ գտած տեղեկությունները: Կատալոգի համար աղբյուր են հանդիսացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Հայկ» վավերագրական ստուդիայի, Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև հայկական անկախ կինոարտադրողների ու կինոստուդիաների կողմից տրամադրված տեղեկությունները:

Haykakan kino 8

Haykakan kino 9

«Ահռելի աշխատանք է ամբողջ կինոժառանգության համակարգումը: Եվ դրա կարևորությունը հիմնականում զգում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան են փնտրում ու հանկարծ իրենց ձեռքի տակ հայտնվում է այսպիսի կատալոգ, որով իրենց գործը շատ է հեշտանում: Եվ ինչպես կինոարտադրությունն է շարունակվում, այնպես էլ եղած ժառանգության համակարգումն ու վավերացումը պիտի շարունակական լինի»,- մեկնաբանեց կատալոգի ստեղծման մասնակից Սիրանուշ Գալստյանը: 

Նշենք, որ այսօրինակ փորձ արվել էր նաև 1960-ական թթ-ին հայ կինոյի հիմնադիրներից մեկի՝ Դանիել Դզնունու կողմից: Նա կազմել էր նախորդ 35 տարվա ֆիլմացանկը, ինչպես նաև հայ կինոյին վերաբերող գրքերի և հոդվածների մատենագիտությունը:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 409

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: