«Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն»․ բացառիկ ցուցահանդես ՀԱՊ-ում

Հայաստանում վերացական արվեստի զարգացումն անշեղորեն կապված է արվեստի ընդհատակյա դաշտի ձևավորման ու առաջխաղացման հետ։ Խորհրդային շրջանի վերջին պատմական իրադարձությունները, ժամանակի հիմնախդիրներն ու բարքերն էլ նպաստող գործոն դարձան արվեստագետների նոր սերնդի ինքնաարտահայտման ու դրսևորման համար։ Արևմտյան վերացականությունից ու մոդեռնիզմից ոգեշնչված հայ ստեղծագործողները ստեղծելու էին տարածության ու պատկերի նոր ընկալումներ։ Նրանց թվում էին նաև աբստրակցիոնիստներ Քիքը (Գրիգոր Միքայելյան), Սէվը (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչը (Հաջյան), Մարտին Պետրոսյանը, Օֆենբախը (Գրիգոր Գյուլեզյան) և Աշոտ Աշոտը (Աշոտ Ղազարյան)։ Վեց ընկերները, որոնք նաև «Երրորդ հարկ» խմբի անդամներն էին, հավաքվում էին նրանցից մեկի՝ Օֆենբախի՝ Երևանի ծայրամասում գտնվող «Բունկեր» արվեստանոցում։ Արվեստի տարբեր գործեր էին ծնվել, սակայն 90-ականների իրադարձությունները, գաղթը կարծեք թե ժամանակավորապես դրանք մոռացության էին մատնել։ Սակայն արվեստագետների գաղափարակիցներից էր նաև գործարար, արվեստի սիրահար և հավաքորդ Սերգեյ Ջավադյանը, որն աջակցում ու նպաստում էր վերջիններիս արվեստի հանրահռչակմանը։ Տարիներ անց՝ արդեն մեր օրերում, արվեստագետների 42 ստեղծագործությունները գործարար և արվեստի հավաքորդ Սերգեյ Ջավադյանի ընտանիքը նվիրաբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին։ Այժմ արդեն արվեստասերները հնարավորություն ունեն ուսումնասիրել այս աշխատանքները, որոնք քչերին են հայտնի եղել։

Nor materia cucahandes 2

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ այս ցուցադրությունը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի ազգային պատկերասրահի և ընդհանրապես հայկական ժամանակակից արվեստի համար։ Գաղափարի հիմքում հայկական ժամանակակից արվեստի արժևորումն ու վերարժևորումն է, ինչը շատ կարևոր է հենց թանգարանային ոլորտում՝ ժամանակակից արվեստի հավաքչական գործունեության առումով։ Հաջորդիվ արդեն նվիրատվության ահռելի գործոնն է։

«Շատ տարօրինակ է սակայն, որ մեր օրերում, ցավոք, ունենք ժամանակակից արվեստի ընկալման, վերարժևորման խնդիր։ Մենք դեռևս ունենք ընկալման լուրջ բարդույթներ ու խնդիրներ։ Մյուս խնդիրն էլ այն է, որ դեռևս կան թանգարանային ընկալման կարծրատիպեր, ըստ որոնց դասական թանգարանում արվեստի պատմությունը ինչ-որ մի կետում ընդհատվում է, հետո շարունակվում։ Եթե այդպես մեկ դար առաջ մտածեին մեր մեծ նվիրյալները, ապա այսօր չէինք ունենա այն հավաքածուները, որոնք ունենք։ Այսօր մենք ունենք Հայաստանի կերպարվեստի ամենհարուստ և ամենախոշոր հավաքածուն, և դա շնորհիվ հենց այդ մարդկանց առաջադեմ մտքի և մտածողության, իրենց ժամանակակից արվեստի առողջ ու ճիշտ ընկալման։ Այսօր մեր առանցքային գործառույթներից մեկը պետք է լինի այդ հայեցակարգերի փոփոխությունը, ոչ միայն անհատների և հասարակության, այլև ինստիտուցիոնալ մակարդակով։ Պետք է նշեմ, որ հիմա շատ կարևոր քայլ ենք կատարել, ցուցադրությունն ենք բացում այստեղ և նաև ամենամյա համալրման հայեցակարգում ընդգրկել ենք հենց ժամանակակից արվեստը։ Բավականին մեծ բարդությունների միջով ենք անցել, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ ԿԳՄՍ նախարարությանը, որովհետև այսօր վստահությամբ կարող եմ ասել, որ ժամանակակից արվեստը մտել է թանգարան։ Դա մեծ քայլ ու ձեռքբերում է բոլորիս համար։ Մյուս շատ կարևոր գործոնը՝ նվիրատվությունն է։ Եթե չլինեին նվիրատուները, աշխարհի ոչ մի թանգարան չէր ունենա իր հարուստ հավաքածուն։ Էլմիրա և Սերգեյ Ջավադյանների շնորհիվ մեր պատկերասրահը մեկ քայլ առաջ արեց և, կարծում եմ, ժամանակակից արվեստի նմուշներով մեր թանգարանը հարստացնելու  հայեցակարգային մոտեցումը կբերի նրան, որ կիրականանա մեր՝ 20-21-րդ դարերի արվեստը ներկայացնելու համար առանձին մասնաշենք ունենալու տարիների երազանքը»,- ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Nor materia cucahandes 4

Ցուցադրությունում ընդգրկված են 6 արվեստագետների 42 ստեղծագործություններ։ Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց «Բունկեր» խմբի անդամ արվեստագետ Աշոտ Աշոտին՝ ամենը կյանքի կոչելու, աջակցության և միջնորդության համար։ Ցուցադրության համադրողներն են Վիգեն Գալստյանը, Շողակաթ Ղազարյանը։

Վիգեն Գալստյանը նշեց, որ տարօրինակ է այս ցուցադրության մասին խոսել որպես նորույթ, բացահայտում, այնինչ ճիշտ կլիներ այն ընկալել որպես դասական արվեստ։ Չպետք է մոռանանք, որ այն խորհրդահայ վերջին տասնամյակը ներկայացնող արվեստն է ներկայացնում։

«Ցանկացած նոր ժամանակ, նոր հասարակություն կարիք ունի նոր հարացույցի, և այդ հարացույցն էլ կարիք ունի նոր ֆորմաների։ 70-ականների վերջին, 80-ականների սկզբի արվեստագետներն են ներկայացված այս ցուցահանդեսում։ Մենք փորձեցինք ստեղծել այդ նոր ֆորմաները, նոր տարածք բացելով, կառուցելով նոր հարացույցի առաջացման ու գոյության համար։ Իհարկե, վերացականությունը լավագույն միջոցն է նոր ֆորմաները ստեղծելու համար, քանի որ ցանկացած ֆորմա վերացականություն է։ Ես համոզված եմ, որ երբ Մաշտոցը ստեղծեց գիրը, հայերի համար դա վերացականություն էր, մինչև այն չդարձավ օրինաչափություն։
Մեր այսօրվա իրականությունը բազմաթիվ առումներով ձևավորված է նաև այս արվեստագետների առաջադեմ և նորարարական ջանքերով, մտքերով, փորձերով, հանդուգն քայլերով։ Ցավոք, մենք դեռևս սովոր չենք տեսնելու իրենց ներդրումը մեր իրականության մեջ։ Ես հուսով եմ, որ այսպիսի ցուցահանդեսները կօգնեն մեզ ճանաչելու այդ գործերը։ Այս ցուցահանդեսը ու այլ ցուցահանդեսները չէին լինի, եթե չլինեին Սերգեյ Ջավադյանի նման մարդիկ, որոնք շատ լավ հասկացան իրենց ժամանակի ռահվիրաներին և սատարեցին նրանց, կարողացան աջակցել, որպեսզի արվեստագետը ազատ ստեղծագործի, մտածի, որովհետև ստեղծագործությունը, գիտելիքը ինքնին արժեք են»,- հավելեց ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը։

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի չորս շաբաթ շարունակ։

Nor materia cucahandes 5

Nor materia cucahandes 6

Nor materia cucahandes 7

Nor materia cucahandes 8

 Nor materia cucahandes 9

Nor materia cucahandes 10

 Nor materia cucahandes 11

Nor materia cucahandes 12

Nor materia cucahandes 14 

Ալմաստ Մուրադյան

 

  • Created on .
  • Hits: 321

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: