Սերգեյ Փարաջանովի մասին ֆիլմը կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում: Անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ: Ֆիլմի ստեղծագործական կազմն օգոստոսի 28-ին մեկնելու է Վենետիկ։

Ես վրեժխնդիր կլինեմ

Փարաջանովի տուն-թանգարանում կազմակերպված ասուլիսում ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Զառա Ջյանը նախ ասաց, որ ֆիլմի՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկվելն իրենց համար անակնկալ էր, ու դժվար է նկարագրել այն զգացմունքները, որոնք ապրել են այդ մասին իմանալու ժամանակ։

«Ֆիլմը դասական կենսագրական չէ։ Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների, պատմության վրա։ Սա ավելի շատ հեղինակի տեսակետն է, թե ինչպես է Փարաջանովի կյանքի միջոցով փորձում իր հարցերին պատասխանել։  Ֆիլմի կարևոր մեսիջներից է՝ պատմությունների ընթացքում չեն փոխվում խնդիրները, բայց կարևոր է մեր տեսանկյունը, վերաբերմունքը դրան, ինչպես նաև՝ տարբեր ժամանակներում կան աշխարհաքաղաքական խնդիրներ, բայց ամեն մարդ, հատկապես արվեստի մարդ, պետք է շարունակի անել իր գործը, ինչպես անում էր Փարաջանովը՝ նստած բանտում։

Ֆիլմը պրոհայկական է։ Ֆիլմում անցյալից տեղափոխվում ենք ներկա, ներկայից անցյալ, ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը»,- ասաց ռեժիսորը։

Ես վրեժխնդիր կլինեմ 2

Նրա ներկայացմամբ՝ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում, հերոսներն են՝  Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան, Լորա Գուերան, Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Ժոել Շապրոնը, Ալի Համրաևը, Լևոն Աբրահամյանը, Տարսեմ Սինգխը, ամենագլխավոր հերոսը՝ Սերգեյ Փարաջանովը։ Երևանում է նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային մասը։

Պրոդյուսեր Անի Որսկանյանը պատմեց, որ Զառա Ջյանի հետ ծանոթացել է 2023 թվականի մարտին. «Ես ընդհանրապես չէի զբաղվում վավերագրական ֆիլմերով, բայց երբ Զառան պատմեց, թե ում հետ է ուզում զրուցել իրեն հուզող հարցերի շուրջ, ում է ուզում ընդգրկել ֆիլմում, ինձ հետաքրքրեց։ Ինձ համար ամենագլխավոր կետն այն էր, որ ֆիլմը պատմում է մեր այսօրվա խնդիրների մասին Փարաջանովի միջոցով, իսկ այս տարի նշվում է մեծ ռեժիսորի 100-ամյակը»։

Ես վրեժխնդիր կլինեմ 3

Ասուլիսին ներկա անկախ պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանը կարևորեց, որ Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմը հենց մեծ ռեժիսորի 100-ամյակին է նման հաջողություն գրանցել՝ ընդգրկվելով Վենետիկի փառատոնի մրցութային բաժնում։

«Եթե ֆիլմն արժանի չլիներ (չնայած նվիրված լիներ Փարաջանովին), դա ոչինչ չէր նշանակի փառատոնի կազմկոմիտեի համար։ Փառատոնի ղեկավարների հետ զրույցների ժամանակ տեղեկացել եմ, որ տարեկան 15 հազար ֆիլմ են ստանում, որից պետք է ընտրություն անեն, և այդ քանակի մեջ մեր հայկական կինոն հաջողություն է ունեցել։ Սա բոլորիս հաղթանակն է, քանի որ նման միջազգային հարթակում հնչելու է Հայաստան անունը»,- ասաց Շ. Միրզախանյանը։

Ես վրեժխնդիր կլինեմ 4

Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան՝ որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն-թանգարանը դառնում է ոգեշնչման վայր։

Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսին են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակութային գործիչների վրա:

Ես վրեժխնդիր կլինեմ 6

Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ հեղինակային տեխնիկա։

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։

Տ․ Մ․

  • Created on .
  • Hits: 366

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: