Հոկտեմբերի 12-ին նշվում է Թարգմաչաց տոնը
«Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, և նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի և նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար, այս վերջինները «խեղճ թզուկներ» կերևան մտքի այդ հսկայի համեմատությամբ» :
Յոզեֆ Մարկվարտ
Պատմական բարդ պայմաններում էր, որ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը կաթողիկոսը Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղան հայոց գրերի ստեղծմանը, թարգմանեցին Աստվածաշունչը։ Մի երևույթ, որն անշուշտ փոխեց հայ ժողովրդի կրոնական, մշակութային, քաղաքական հետագա հեռանկարները։ Այսպիսի դարակազմիկ իրողությունը, իհարկե, չէր կարող տեղ չգտնել հայ եկեղեցու տոնա-ծիսական համակարգում։
Սուրբ Թարգմանչաց տոնը («Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց») հայ ժողովրդի եկեղեցական, ազգային տոներից է, որ խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» տոնով նշում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և նրանց աշակերտներն անցան թարգմանական աշխատանքներին, որոնց նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, հայալեզու դպրություն սկզբնավորելու ճանապարհով:
Հայ եկեղեցին Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ: Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը։
Ամենասկզբում երկար ու բարդ ուսումնասիրություններն ու փնտրտուքները Մեսրոպ Մաշտոցին և ուղեկից աշակերտներին տարան ափից ափ՝ Եդեսիայից Սամոսատ քաղաքները, որտեղ նրանք լծվեցին ազգանվեր աշխատանքի, խորհրդածություններ ունեցան ասորի ու հույն իմաստասերների հետ։ Ավանդույթի ուժն ու առասպելներն, անշուշտ, ավելի վառ են բնութագրում դարակազմիկ այս իրողությունը։ Ահա, օրինակ, ավանդույթի համաձայն՝ Մաշտոցը մի ակնթարթ հայացքը թեքել է մագաղաթից, որի վրա գրում էր, և նկատել է Աստծո ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը շարունակում է ուղևորությունը դեպի Սամոսատ, որտեղ էլ հանձնարարում է Հռոփանոս անունով հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը:
Գրերի գյուտն ուղեկցվեց ահռելի թարգմանչական գործունեությամբ, երբ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը և բազմաթիվ աշակերտները լծվեցին թարգմանական աշխատանքներին։ Առաջին շարքերում քրիստոնեական գրքերն ու երկերն էին, չէ՞ որ հարկ էր պահպանել և հայերեն մատուցել եկեղեցական ծեսերն ու ավանդույթները։
Առաջին նախադասությունը Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանված հատվածն է. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», նշանակում է՝ գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խոսքը:
Դրան հաջորդեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, այն տևեց շուրջ 30 տարի։ Ի դեպ՝ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզն այն համարում է «Թարգմանությունների թագուհի»:
Թարգմանության մի մասը կատարվել է ասորերենից, իսկ մյուս մասը՝ հունարենից։ Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչներն էին Սահակ Պարթևը, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Անանդեցին և Հովհաննես Եկեղեցացին։ Սուրբ Սահակ Պարթևին ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցին թարգմանական գործում օգնում էին նաև Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղունացին, Կորյունը, Ղևոնդ Վանանդեցին, որոնք հոգու ջերմությամբ և խորը հարգանքով նվիրվեցին Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործին։
Թարգմչանական գործին հաջորդել է բազմաթիվ դպրության կենտրոնների բացումը։ Հայերենով նոր աղոթքներ, շարականներ կազմվեցին, այսուհետ տոներն ու ծեսերը նշվում էին այլ շնչով ու հայերեն հարուստ տեքստերի ուղեկցությամբ։ «Թարգմանիչների» հոգևոր մշակութային հզոր շարժումն անկրկնելի ալիք դարձավ հայոց պատմության մեջ, քանզի թարգմանիչները հիմք դրեցին հայոց ազգային ինքնուրույն գրականության, պատմագրության, բժշկության, փիլիսոփայության, աստվածաբանության, երաժշտության շուրջ մտքի ձևավորմանը։ Արդյունքում ստեղծվեց մի հարուստ ու առանձնահատուկ մշակույթ, որից շատերն էին ոգևորվելու։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 205