Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ինքնատիպ արվեստը՝ Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում

«Ամեն ինչ սկսվեց 1957 թվականին, երբ առաջին անգամ ձեռքս առա վրձինն ու նկարեցի անշարժ նստած հավին։ Հայրս զարմացավ։ Հետո վարդեր նկարեցի, հետո էլի ինչ-որ բան։ Այսպես զգացի նկարելու երանությունը»։

Այսպես սկսվել է  Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի մուտքն արվեստի հարուստ ու բազմազան աշխարհ, որտեղ արվեստագետն իր ուրույն ձեռագիրն է ունեցել ու անմոռանալի հետք թողել հայ ու համաշխարհային մշակույթում։

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի «Նկարներ ապագայից» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Bajbeuk Meliqyan 7

«Կյանքի ընթացքում նկարիչ-արվեստագետը չգտավ արժանի ճանաչում և գնահատական, մերժված մնաց նաև պետական համակարգերի կողմից: Ժամանակն է գիտակցելու Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի նշանակությունը և կարևորելու նկարչի դերը հայ ժամանակակից՝ հատկապես մերօրյա արվեստում»,- ասում էին Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ժամանակակիցները։

Ժամանակն է՝ արժևորելու, նաև հասկանալու Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ինքնատիպ արվեստը։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսի բացմանն ասաց, որ բարձր է գնահատում Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի արվեստը։

«Նա սերում է  Բաժբեուկ-Մելիքյաններ արվեստագետների ընտանիքից։ Հետաքրքիրն այն է, որ նա ոչ մեկին նման չէ, բայց ամփոփում է բոլոր արվեստագետներին, որոնք եղել են Բաժբեուկ-Մելիքյանիների դինաստիայում»,- նշեց Ս.Սաֆարյանը։

Bajbeuk Meliqyan 2

Bajbeuk Meliqyan 3

Նկարչի որդին՝ օպերային երգիչ  Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանն ասաց, որ միշտ մտադրություն է ունեցել հայրիկի աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպել Նկարիչների միությունում։

«Հիմա այն ժամանակն է, երբ պետք է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը ցուցադրվի։ Հայրս ասում էր՝  ունեմ մեծ խնդիր.  ժամանակից առաջ եմ գնացել, թերևս մարդիկ պատրաստ չեն հասկանալու, թե ինչ եմ ես նկարում։ Իսկ ինձ համար հայրիկիս գործերը միշտ պարզ են եղել։ Հայրիկիս հաշվարկներով,  20-25 տարի հետո մարդիկ պետք է արդեն հասկանան իրեն, թե ինչ է անում։  Մահվանից 20 տարի է անցել։ Կարծես թե շատերն արդեն սկսում են հասկանալ այն արվեստը, որ ստեղծել է հայրս»,- նշեց Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը։

Նա հիշեց հոր խոսքերը՝ «նկարչությունը լինում է առանց իզմերի, իզմեր գոյություն չունեն, գոյություն ունի միայն ողջ և մեռած նկարչություն»։

Bajbeuk Meliqyan 4

Bajbeuk Meliqyan 5

Արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանի խոսքով՝ կարևոր ցուցահանդես է ոչ միայն հայաստանյան իրականության մեջ։

«Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը համաշխարհային նշանակություն ունեցող նկարիչ է,  որովհետև նա վերցրեց 20-րդ դարի ամենահզոր, կարևոր կոնցեպտներից մեկը, այսինքն՝ արվեստ, որը ներսից է գալիս, արվեստի փիլիսոփայությունը, և արվեստ, որը մեզ թույլ է  տալիս մտորել, մտածել։

Այո, նա չի պատկանում ոչ մի իզմերի։ Նա առանձին մի անհատականություն է, նա հայ արվեստի հպարտություններից մեկն է, արժանի զավակ արժանի ընտանիքի՝ Բաժբեուկ-Մելիքյանների տոհմի, բայց միանգամայն առանձին, ուրույն»,- ասաց նա։

Bajbeuk Meliqyan 8

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, նկարչուհիներ Լավինիա և  Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանների եղբայրը։

«Ես ճանաչում եմ այդ ընտանիքը, ընտանիքի անդամներին, կարող եմ ասել նրանցից ոչ ոք մեկը մյուսին չի կրկնել, առանձին աշխարհ են, նույնիսկ կարող էին  վիրավորվել, եթե նրանց համեմատեին։ Հայրն ու երեք զավակներն արվեստի առանձին աշխարհ են ստեղծել, դա մեր ազգային արժեքն է։ Կցանկանայինք ապագայում  հատուկ թանգարան բացվեր՝ նվիրված Բաժբեուկ-Մելիքյանների արվեստին»,- ասաց Ս.Վարդանյանը։

Կոլաժի ու ասամբլյաժի տեխնիկայով  է իր ինքնատիպ գործերը ստեղծել Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը՝  օգտագործել տարբեր նյութեր՝ տախտակներ, թղթեր, իրեր, մեխեր, յուղաներկեր...

«Այստեղ գլխավորը՝ հաղորդել ներքին ապրումի, էմոցիայի, գաղափարի էությունը։

Նրա ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացված սրբության թեմային, Քրիստոսի, Աստվածամոր կերպերներին, բայց նոր հայացքից։ Շատ հետաքրքիր արվեստ է»,- ասաց Սաթենիկ Վարդանյանը։  

Bajbeuk Meliqyan 9

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է Թբիլիսիում: 1957թ-ից սկսել է նկարչություն սովորել հորից: 1968-73թթ սովորել է Մոսկվայի պետական տեքստիլ ինստիտուտում: 1974թ. դիպլոմային աշխատանքի համար ստացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե շքանշան: 1975թ. նկարչի աշխատանքները ցուցադրվել են «Ինքնանկարը ռուսական և խորհրդային արվեստում» ցուցահանդեսում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: 1976թ-ից եղել է համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից: 1977թ. տեղափոխվել է Երևան: 1982թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1985թ. Երևանում մասնակցել է ժամանակակից հայկական արվեստի խոշոր ցուցահանդեսի, 1997թ.՝ Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանը 21-րդ դարի շեմին» ցուցահանդեսին: 2000թ. Երևանում ներկայացել է անհատական ցուցահանդեսով: Ունեցել է նաև անհատական ցուցահանդես Գյումրիում, 20 երկրների մասնակցությամբ կազմակերպված միջազգային բիենալի շրջանակներում: Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Ս.Փարաջանովի թանգարանում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Կիպրոսի, Թուրքիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում 2004 թվականին:

Տ․ Մ․

  • Created on .
  • Hits: 328

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: