Կորեացի արձակագիր Հան Կանն արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի

Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն հոկտեմբերի 10-ին հայտարարել է Գրականության 2024 թվականի մրցանակակրին։ Նա հարավկորեացի 53-ամյա գրող Հան Կանն է։

Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչները մրցանակակրի անունը հայտարարելու ժամանակ ասել են, որ Հան Կանը մրցանակը ստացել է «հարուստ բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և բացահայտում մարդկային կյանքի փխրունությունը»։

«Նա բացառիկ ունակություն ունի զգալու մարմնի և հոգու, ողջերի և մահացածների միջև գոյություն ունեցող կապերը և իր պոետիկ և փորձարարական ոճով դարձել է ժամանակակից արձակի մեջ նորարար»,- հեղինակավոր մրցանակի հարավկորեացի դափնեկրին այսպես է  բնութագրել Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Անդերս Օլսոնը։  

Նաև նշվում է, որ նա իր աշխատանքներով հատում է սահմանները,  արծարծում է տարբեր թեմաներ, այդ թվում՝ բռնություն, ցավ։

Հան Կան 5

Գրականության ոլորտում դափնեկրի անունը հայտարարելուց հետո Ակադեմիան հեռախոսազրույց է ունեցել գրողի հետ, որը ասել է, որ իր այս հաջողությունը բավականին համեստ կնշի. «Այս հեռախոսազանգից հետո ես կցանկանայի թեյ խմել որդուս հետ և լուռ տոնել այս երեկո»։ Կանն ասել է, որ «շատ զարմացած է... մեծ պատիվ է իր համար»։

Հան Կանը հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին:

Կորեայի գրողների ասոցիացիայի նախագահն ասել է, որ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալը ոչ միայն նշանակալի ձեռքբերում է արձակագիր Հան Կանի, նաև հենց հարավկորեացիների համար. «Հուսով եմ, որ դա հնարավորություն կտա աշխարհին ճանաչելու մեր գրականության բարձր մակարդակը: Այս մրցանակը ցույց է տալիս, որ կորեական մշակույթը, նաև գրականությունը համաշխարհային մակարդակի են հասել։ Կանի եզակիությունն այն է, որ նա կարողանում է ստեղծել գործեր, որոնք արձագանք են ստանում ամբողջ աշխարհի ընթերցողների շրջանում։ Նա այս մրցանակը ստանում է ստեղծագործությունների համար, որոնք գրում է ողջ մարդկության համար»։

Հան Կան 3

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը շնորհավորել է Հան Կանին՝ գրելով. «Դուք մեր ժամանակակից պատմության ծանր հետք թողած սպիները վերածել եք գրականության մեծ կտորների»։

Հան Կանն արձակագիր Հան Սուն Վոնի դուստրն է և ծնվել է Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում։ Նա երիտասարդ տարիքում տեղափոխվել է մայրաքաղաք Սեուլ և ուսումնասիրել կորեական գրականություն քաղաքի համալսարանում: Հան Կանը գրողի կարիերան սկսել է 1993 թվականին՝ մի քանի բանաստեղծությունների տպագրությամբ։

Կանն արդեն ամուր հաստատվել է համաշխարհային գրական ասպարեզում։ Նա 2016 թվականի անգլիալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝  Բուքերյան մրցանակի դափնեկիր է` «Բուսակերը» վեպի (2007 թ.) համար, որը պատմում է միս չուտելու որոշում ընդունած մի կնոջ մասին։ Այս վեպը եղել է նրա գրքերից առաջինը, որը թարգմանվել է անգլերեն։ Այն ընդգրկվել The New York Times-ի տարվա տասը լավագույն գրքերի շարքում։

Հան Կան 4

Նրա մյուս նշանավոր աշխատությունը՝ «Մարդկային արարքներ»-ը, որը հրատարակվել է 2014 թվականին, վերաբերում է 1980 թվականին Կորեայի հարավարևմտյան Գվանջու քաղաքում տեղի ունեցած ժողովրդական  ​​ապստամբությանը, որտեղ նա ծնվել է:

Շվեդական ակադեմիան նշել է, որ «Մարդկային արարքներում» նա բախվել է դաժան իրողությունների՝ պատմելով զոհերի պատմությունները՝ հիմնված պատմական փաստերի վրա։

 Կանի մյուս գործերից են «The White Book»-ը, « Greek Lessons»-ը։

Հան Կանի «Հունական դասեր» վեպի մասին բրիտանական հրատարակիչ, հրատարակչության տնօրեն Սայմոն Պրոսերն ասել է. «Գրելով բացառիկ գեղեցկությամբ և պարզությամբ՝ միաժամանակ բախվում է այն ցավալի հարցին, թե ինչ է նշանակում լինել մարդ, լինել մի տեսակ, որը միաժամանակ ընդունակ է դաժանության և սիրո»:

2025-ին լույս կտեսնի Հան Կանի «We Do Not Part» ստեղծագործությունը։

Հան Կան 2

Նոբելյան մրցանակների պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում։ Գրականության մրցանակ շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Այն Ալֆրեդ Նոբելի կողմից 1895 թվականին հաստատված 5 մրցանակներից մեկն է, որը տրվում է 1901 թվականից։ Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է 117 անգամ 121 անհատի։

Գրականության ոլորտում առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ Ռենե Ֆրանսուա Արման Պրյուդոմին՝ «նշանակալի գրական արժանիքների, հատկապես բարձր իդեալիզմի, գեղարվեստական կատարելատիպի, ինչպես նաև հոգևորի և տաղանդի յուրօրինակ համակցության համար, որի վկայությունն են նրա գրքերը»։

Նոբելյան մրցանակի դափնեկիրը ստանում է 11 մլն կրոն (մոտ 1 մլն դոլար)՝ մեդալների և պատվոգրերի հետ միասին։

Տ․Մ․

  • Created on .
  • Hits: 289

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: