Փելեշյանական կինոտարածք

    Նոյեմբերի 8-ին կայացավ Արտավազդ Փելեշյանի վարպետության դասը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ուսանողներ, այլև բազմաթիվ երևանյան արվեստասերներ: Միջոցառումը սկսվեց նրա ֆիլմերի ցուցադրությամբ. «Մարդկանց երկիրը», «Տարվա եղանակները», «Վերջը» և«Կյանքը»: Դիտումից հետո առաջացած ոգևորված հարցերին վարպետը տալիս էր կոնկրետ, հստակ, անկեղծ և հումորով պատասխաններ՝ իսկական լեռնեցու նման: Սկզբում այդ պատասխանները կարող էին և կոպիտ թվալ, բայց դա պարզապես շատ քչերին հատուկ հանճարեղ պարզություն էր, որն իսկապես սթափեցնում էր, որն ունակ էր փոխելու ամբոխի կարծիքը: Դահլիճում տիրող ոգևորությունը նրան էլ էր զարմացրել, ծափահարությունները շռայլորեն հորդում էին, ինքնաբուխ, կուտակված, արդեն հասունացած ծափահարություններ էին: Արվեստի «Տարածությունը» լցվեց բավարարվածության զգացումով, երբ հասարակությունը սկսեց գնահատել անհատներին: Ստեղծելու ցանկությունը համակեց նաև երիտասարդներին, երբ հնչեց Փելեշյանի ուղերձը. «Մի՛ վախեցեք ոչնչից, բայց առաջին ֆիլմի մեջ անպայման ամեն ինչ ներդրեք, միայն առաջին ֆիլմի մեջ, դա է որոշելու ձեր բախտը, ձեր հետագան»:
    Կինոն ծնվում ու մեռնում է կինոդահլիճում, առանց էկրանի կինո չկա: Ու չնայած Փելեշյանը նշեց, որ իր ֆիլմերը նախատեսված են լայն էկրանի համար, միևնույնն է, փոքր էկրանով դիտումը կայացավ, լիցքը փոխանցվեց, հանդիսատեսը կախարդված էր: 
    Փելեշյանն ասում է. «Օպերատորը բռնում է կինոխցիկը, ես բռնում եմ օպերատորին»: Ես ավելացնում եմ. «Փելեշյանին էլ բռնում է Աստված»: Նրա օբյեկտիվ կինոհայացքը վերերկրային մի ուժով նայում է մարդկանց: Բոլոր անձնական, կենղացային, կոնկրետացված դետալները անհետացել են ժամանակի ու տարածության մեջ: Փելեշյանական «լիցքից» հետո հանդիսատեսն անցնում է իրական Ինքնամաքրման ճանապարհ: Մանր խնդիրներն ու հույզերը սկսում են ամոթալի թվալ: Այնպիսի բարձունքից ես սկսում դիտել աշխարհին, որ սեփական անունդ, ազգությունդ, տարիքդ անկարևոր են թվում, ձուլվում ես Հավերժական մի Անսահմանության:
    Փելեշյանին հարցրին, թե որ մարդկային հատկանիշը կամ արարքն է նրա համար անհանդուրժելի: Նա ինչպես միշտ կարճ ու հստակ պատասխան տվեց. «Խորամանկությունը»: Այս պատասխանի մեջ ամփոփված է նրա ողջ էությունը: Այս պատասխանը բոլոր հարցերի սկիզբն է:
                                                                                                                           Անի Հակոբյան, կինոգետ
  • Created on .
  • Hits: 2814

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: