Մեկնարկել է «Ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական մրցույթի ազգային փուլը

Հայաստանը 2024 թ․ պաշտոնապես միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։  Հայաստանը 2024-2025 թթ. մրցույթին կմասնակցի երկրորդ անգամ։

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ` համաեվրոպական ստեղծագործական այս մրցույթը երկրորդ տարին կազմակերպում է Գրականության և արվեստի թանգարանը։

Ժառանգության ապագան երիտասարդների ձեռքերում է․ գիտակցելով սա` այս տարի ևս նախարարությունն ու Գրականության և արվեստի թանգարանը հրավիրում են հայ շնորհալիներին` ազգային ժառանգությունն արժանիորեն ներկայացնելու համաեվրոպական հարթակում։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին չլրացած պատանիները՝ հետևյալ տարիքային խմբերում՝ 6-11 տարեկան, 11-17 տարեկան։

jarangutyun kertox eritasardner 6

Հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսում ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասաց, որ «Ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական ստեղծագործական մրցույթին մասնակցում են 10-ից ավելի երկրներ։

«Կարևոր է, որ երիտասարդներն առնչվեն իրենց մշակութային ժառանգությանը, խմբերով աշխատելով՝ բացահայտեն իրենց ժառանգությունը համարող  որևէ կարևոր արժեք՝ հուշարձան,  ավանդույթ, դրա վերաբերյալ վիզուալ արտահայտչամիջոցներով ներկայացնել աշխատանք»,- նշեց նա։

2024-2025 թթ․ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը https://forms.gle/E16XKgQXjL345hz56 հղումով։  Հայաստանյան ստեղծագործական փուլը կտևի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 28-ը։ 21 հոգուց բաղկացած ազգային ժյուրին մրցույթը կամփոփի 2025թ․ հունվարի 28-ին, որից հետո մեր ազգային հաղթողը կներկայացվի եվրոպական ժյուրիի դատին։ 2025թ․ մարտին կհայտարարվեն համաեվրոպական մրցույթի հաղթողները։ 11-17 տարիքային խմբի համաեվրոպական մրցույթի հաղթողները 2025թ. կհրավիրվեն Ստրասբուրգ, որտեղ նրանց աշխատանքները կներառվեն հատուկ ցուցահանդեսում։  Մրցույթին պետք է մասնակցել թիմային աշխատանքով (2-5 մասնակից)։ 

jarangutyun kertox eritasardner 5

Այս տարի մրցույթին մասնակցում են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ֆինլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լեհաստան և Ուկրաինա։

Այս տարվա թեման է՝ «Ուղիների, ցանցերի և կապերի ժառանգությունը»։ Մասնակիցները պետք է բացահայտեն պատմություններ մեր ընդհանուր ժառանգության մասին։

Գրականության և արվեստի թանգարանի  մարքեթինգային ծրագրերի պատասխանատու, մրցույթի համակարգող Հասմիկ Հախվերդյանն ասաց, որ բավականին մեծ ու հետաքրքիր մրցույթ է։

«Տարբեր երկրների պատանիներ ներկայացնում են իրենց ազգային ժառանգության որևէ էլեմենտ։ Մասնակիցները կարող են ներկայացնել տեսանյութեր, լուսանկարչական աշխատանքներ, գեղանկարներ, քանդակներ։ Մեր պատանիները կարող են կիրառել արվեստի բոլոր գործիքները, տեխնոլոգիաները»,- նշեց Հ.Հախվերդյանը։

jarangutyun kertox eritasardner 3

Գրականագետ, գրող, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանի գնահատմամբ` կարևոր նախագիծ է, որովհետև այս մրցույթում պատմությունն ու ժամանակակիցն իրար  հետ զուգակցվում են։

«Դրա հետաքրքրությունն այն է, որ մենք աշխարհում երևում ենք  պատմական հին ազգ, որը նաև ընթանում է ժամանակին ընդառաջ»,- նշեց նա։

Համաեվրոպական ծրագրում Հայաստանի առաջին մասնակցությունը եղել է հաղթական. Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» խումբը հաղթել էր 2023-2024թթ․ մրցույթում և օրերս է վերադարձել Փարիզ-Ստրասբուրգ ճամփորդությունից։ Հ. Հախվերդյանի ներկայացմամբ` անցած տարվա մրցույթի ազգային փուլին 1000-ից ավելի պատանի է մասնակցել տարբեր շրջաններից, ինչը շատ ոգևորիչ է։

jarangutyun kertox eritasardner 2

Մրցույթում «ՀԱՅելիցներ» խումբը տեսահոլովակով ներկայացրել է Գեղարդ վանական համալիրն ու խաչքարերը։  Խմբի անդամ Մանեն նշեց, որ իրենք կարողացել են այս մրցույթի ու ներկայացված տեսահոլովակի միջոցով եվրոպացի պատանիների ու երիտասարդների շրջանում բարձրացնել Հայաստանի մասին տեղեկացվածությունը։

Ասուլիսին ներկա Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց, որ բարձր է գնահատում արվեստի մեծ աշխարհ ոտք դնող մեր պատանիների ու երիտասարդների ներուժը. «Նրանք ամեն անգամ հաճելիորեն զարմացնում են մեզ  և պատրաստակամությամբ, և ուժեղ կամքով, և իրենց հիմնավորված պահանջատիրությամբ։

Մրցույթի շրջանակում նյութն ուսումնասիրելու համար պատանիները, երիտասարդներն այցելում են գրեթե բոլոր թանգարաններ։ Սա նշանակում է` այս ծրագրի կարևորությունը բազմապատկվում է, որ անկախ մրցույթից, մրցույթի արդյունքներից, պատանիները հաղորդակից են լինում մշակութային կյանքին։ Սա ևս  պատանիներին թանգարանային, մշակութային կյանքին ներգրավելու առիթ է»։

jarangutyun kertox eritasardner 7

Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև թանգարանի մասնաճյուղերի արխիվներում հետազոտական աշխատանքը խրախուսվում է։

«Քանի որ կազմակերպիչը գրականության և արվեստի թանգարանն է, նախարարության համակարգմամբ, բնականաբար, առաջնահերթություն և խրախուսանք տրվում է այն խմբերին, որոնք կանդրադառնան թանգարանը ներկայացնող թեմաներին։

Այս թեման ներկայացնող լավագույն աշխատանքը կխրախուսվի առանձին մրցանակով նաև հենց Գրականության և արվեստի թանգարանի կողմից»,- ասաց Սյուզաննա Խոջամիրյանը։

«ՀԱՅելիցներ» խմբի 4 անդամներին առաջարկվել է լինել մենթորներ 2024-25 թթ. ազգային ընտրության նախնական փուլն անցած խմբերի համար։ 

«Դա իրենցից լավ որևէ մեկը չի կարող անել՝ և փորձառու են, և մինչև վերջ հասել են  hուրախություն բոլորիս, որովհետև ամենևին  պարտադիր չէր, որ մեր առաջին մասնակցությունը հաղթանակով պսակվեր։ Հուսանք՝ շարունակությունն էլ կլինի հաղթական»,- ասաց Հասմիկ Հախվերդյանը։

Տ․Մ․

  • Created on .
  • Hits: 278

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: