Փոքրիկ ընթերցասերների դատին է հանձնվել Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» գիրքը
Վերջերս «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» գրքի շնորհանդեսը։ Հիշարժան առիթի կապակցությամբ շնորհանդեսի և գրքի մասին զրուցել ենք Հովհաննես Գրիգորյանի դստեր՝ բիզնես խորհրդատու Սոնա Գրիգորյանի հետ։
«Քո առաջին բառերը» մանկական ժողովածուի շնորհանդեսը իրական տոնի էր վերածվել փոքրիկների, ծնողների համար, որին միացան դերասաններ Աղասի Մելքոնյանն ու Լիանա Նիկողոսյանը՝ բանաստեղծություններ ընթերցելով։ Ինչպե՞ս որոշվեց այդպիսի յուրահատուկ շնորհանդես կազմակերպել։
Երկար մտածեցինք ու հասկացանք, որ ավանդական շնորհանդեսից զատ պետք է երեխաների համար հետաքրքիր միջոցառում կազմակերպել։ Հասկացանք, որ պետք է շարժում դնել ու թատերական հետաքրքիր մոտեցումը կարող է շարժել երեխաների հետաքրքրությունը դեպի գիրքը։ Դերասան Աղասի Մելքոնյանին էինք ներառել, որի տաղանդն առանձնահատուկ է։ Նա կարողացավ գիրքը կենդանացնել, ինքն առաջարկեց թեմատիկ տիկնիկ ստեղծել և շատ հետաքրքիր մատուցեց ամենը։ Երեխաների վառվռուն աչուկներն էլ, իհարկե, ստացված միջոցառման վկայությունն էին։
Հետաքրքիր է, որ Ձեզ և Ձեր քրոջը նվիրված «Քո առաջին բառերը», «Ամենա, ամենա Սոնան» շարքերից են ընտրվել բանաստեղծությունները, ինչպե՞ս են ընտրվել, արդյոք բոլո՞րն են ներառվել, ովքե՞ր են զբաղվել դրանց ընտրությամբ։
Հայրս երկու մանկական գիրք է հեղինակել, չնայած մանկական գործերի թարգմանություններ էլի ունի, որոնց, հուսամ, մի օր կմոտենանք վերահրատարակելու։ Դրանք իսպաներենից արված թարգմանություններ են։ Այս անգամ որոշեցինք միավորել երկու քույրիկներին նվիրված ժողովածուները։ Միտքը մեր ընտանիքում առաջացավ, երբ ամուսնուս հետ ծնող դարձանք և հասկացանք, թե ինչ ապրումներ է ունեցել հայրիկը։ Խմբավորումը կատարել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ խմբագիր Դավիթ Սամվելյանի օգնությամբ։ Որոշ բանաստեղծություններ դուրս են մնացել, բոլորը չեն ընդգրկվել նոր ժողովածուում։ Որոշեցինք անվանել հենց առաջին բանաստեղծության վերնագրով, որովհետև շատ բնութագրական է, շատ մանկական, և «Քո առաջին բառերը» բնութագրում է գրքի ողջ էությունը։ Գրքի ձևավորումն էլ արվել է արհեստական բանականության օգնությամբ։ Դավիթ Սամվելյանի առաջարկն էր, և ես շատ ոգևորվեցի, քանի որ վստահ եմ, հայրիկին դա շատ դուր կգար, նա ավանդական էր, բայց նաև շատ նորարար ու առաջադեմ։
Հովհաննես Գրիգորյանի մանկական բանաստեղծությունները կարծեք թե ուղղված են մանուկներին, բայց ծնողներին ևս դաստիարակելու խորհրդով ու կոչով են պատված։ Որտե՞ղ է սահմանը։
Այո, իրոք, մենք նաև շնորհանդեսին ծնողներին կոչ էինք անում ընթերցել գիրքը, այն, իհարկե, փոքրիկ երեխաների համար է, բայց նաև ծնողների, և ես էլ տարբեր տարիքում, երբ մանկությունս հիշելու մղումով միտված եմ լինում գիրքը վերընթերցելու, զգում եմ, որ տարբեր շերտեր եմ բացահայտում։ Նաև այդ կերպ մանկանում ենք։
Այս գիրքը կարծեք թե Ձեր մանկության վերհուշը լինի, ի՞նչ առանձնահատուկ դեպքեր կան, որոնք կապված են գրքի բանաստեղծությունների հետ։
Ինձ մոտ մանկությունը պատկերներով է հիշատակվում, տարբեր գույներ եմ հիշում։ Հիշում եմ, թե ինչպես էր հայրիկս երկար ճանապարհին մանկական գունավոր սահնակը քաշում, ես էլ վրան․ այդ ուժը մենակ հայրիկը ուներ։ Հետաքրքիր էր նաև զրույցներով լի ճանապարհը հայրիկի հետ, դրանք, իհարկե, բանաստեղծություններում չեն արտացոլվում որպես դեպքեր, բայց դրանք մանկությունս են հիշեցնում։ Այստեղ տարբեր անուններով բանաստեղծություններ կան և յուրաքանչյուրը կարող է անձնավորել այդ բանաստեղծությունները, որովհետև բոլորիս մանկությունը կարող է լինել, յուրաքանչյուր փոքրիկ կարող է տեսնել իրեն։ Իրականում դեպքերի հիման վրա գրված չեն բանաստեղծությունները, դրանք հայրիկի երևակայության արդյունքն են։ Կարդալով դու սկսում ես ապրել, ճանաչել աշխարհը։
Ինչպե՞ս էր Հովհաննես Գրիգորյանը ընթերցում այս բանաստեղծությունները, ի՞նչ խորհուրդներ էր տալիս։
Երբեք հայրիկը դրանք չի ընթերցել, մենք ինքներս ենք սկսել ճանաչել ։ Հետաքրքիր է, որ տանը հայրիկը բանաստեղծ չէր, նա հետաքրքիր զրուցակից էր, նա ուներ լրիվ այլ աշխարհ, հոգատար հայրիկ էր, բայց տանը բանաստեղծ չէր, իրեն՝ որպես բանաստեղծի, ճանաչել ենք գրքերը կարդալով։ Առաջինն, իհարկե, մանկական բանաստեղծություններն են եղել, որոնցով ճանաչել եմ իրեն, հետո արդեն այլ շարքերը։ Հենց կարդալով եմ իրեն ճանաչել այլ դիտանկյունից։ Կյանքիս փուլերին համահունչ սկսում եմ հայրիկին նորից բացահայտել և լրիվ այլ բերկրանք է իր աշխատանքը կյանքի կոչել։
Բանաստեղծություններում վառ արտահայտված է ծնող-երեխա կապը, բացի այդ ժամանակակիցներն էլ պատմում են Հովհաննես Գրիգորյանի հարգանքի և ակնածանքի մասին իր ծնողների նկատմամբ, և շատ հասուն տարիքում էլ պոետը մանկական նուրբ կապով էր կապված իր ծնողներին, ինչպե՞ս էր դա արտահայտվում։
Ես պապիկին չեմ տեսել և իր պոեզիայի շնորհիվ եմ նրան ճանաչել, հայրիկն է շատ պատմել, բայց նրան կորցնելու ցավը տեսել եմ պոեզիայի մեջ, թե ինչ է ինքը ապրել այդ կորուստը զգալիս։ Իր հիշողություններում նկարագրված էր իր մեծ հիացմունքը պապիկի նկատմամբ։ Ծնողների հանդեպ այդ նուրբ զգացումը մեկ անգամ ևս վերապրեցինք տատիկին կորցնելիս։
Իսկ ինչպիսի՞ն էին Հովհաննես Գրիգորյանի հարաբերությունները երեխաների հետ։
Շատ մեծ էր հայրիկի սերը հատկապես թոռնիկների նկատմամբ։ Ինքը կարողանում էր երեխաների հետ մանկանալ։ Կարող էր բարկանալ, բայց երեխաների հետ լրիվ այլ էր, կար այդ մեծ սերը, որը խորությամբ զգացվում էր։ Ես հույս ունեմ, որ այս գրքով երեխաների վերաբերմունքը գրքի նկատմամբ կփոխվի, որովհետև պոեզիան լրիվ այլ վերաբերմունք, բառերի նկատմամբ այլ կախարդական մոտեցում կարող է լինել երեխաների համար։
Մոտ ապագայում ինչպիսի՞ նոր նախագծեր են սպասվում ընթերցասերներին։
Հաջորդ տարի հայրիկի 80-ամյակը կլրանա, պետք է փորձենք տարին լրացնել ոչ ավանդական, հետաքրքիր միջոցառումներով, որպեսզի իր հիշատակը վառ պահենք։ Շատ աշխատանք կա կատարելու:
Շնորհակալ ենք զրույցի համար։
Զրուցեց Ալմաստ Մուրադյանը
- Created on .
- Hits: 137