Սամվել Թոփալյանի ու Գոռ Սուջյանի պոետիկ-երաժշտական անկրկնելի երեկոներին սպասում են նաև Հայաստանից դուրս

Հանրահայտ փաստ է, որ հայ պոեզիան ու երաժշտությունը հաճախ են միաձուլվել ու ընթացել համաքայլ՝ միջնադարյան տաղերից մինչև 20-րդ դար, Քուչակից մինչև Տերյան, Չարենց ու Շիրազ։ Ըստ էության, հայ պոեզիան, մեծամասնության մեջ, իր բանաստեղծական կառուցվածքով, կարելի է ասել, նաև պատրաստի երգ է եղել։ Տարբեր ժամանակների հայ երգահան-կոմպոզիտորների համար հայ պոեզիան ոգեշնչման ու ստեղծագործելու աղբյուր է հանդիսացել, երբեմն հայ պոեզիա-երաժշտություն միաձուլումից այնպիսի ներդաշնակ ու կատարյալ երգեր են ծնվել, որ հաճախ հենց երգի միջոցով են մարդիկ գնացել դեպի տեքստ ու իմացել, որ դրանք հանրահայտ պոետի տողեր են։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ այս սիմբիոզի ծնունդ երգերն ընկալվել են որպես ժողովրդական, ավելի հանրահայտ են դարձել, քան բանաստեղծն ու կոմպոզիտորը, իսկ դա, ըստ էության, կատարելության ձգտող ամենաբարձր մակարդակն է յուրաքանչյուր ստեղծագործության համար։
Այսօր հաճախ են մարդիկ բուռն և հոգսաշատ առօրյայից հետո փորձում երեկոներն անցկացնել հենց պոեզիա-երաժշտություն ունկնդրելով, ինչը, ինչպես հենց նրանք են ասում, իրենց տեղափոխում է լրիվ այլ աշխարհ՝ գեղեցիկ, հանգիստ, ջերմառատ աշխարհ։
Սամվել Թոփալյանն ու Գոռ Սուջյանը «Մարդ նվագախումբ» ծրագրով արդեն մեկ տարուց ավելի ինքնատիպ երեկոներ են պարգևում հանդիսատեսին։ Երեկոներ, երբ պոեզիան ու երաժշտությունը միաձուլվում են իրար, ու այդ ամենը կարելի է ունկնդրել՝ մեկ գավաթ գինի ըմպելով։
«Առաջին հատվածում կարդում եմ Պետրոս Հոկտանյանի բանաստեղծությունները, մյուս հատվածում երաժշտական մաս է՝ Գոռ Սուջյանը ներկայացնում է հայ պոետների ստեղծագործությունները՝ Սարյան, Տերյան, Չարենց։ Հետաքրքիր նախաձեռնություն է և պահանջարկը կա։ Այս ձևաչափը՝ ոչ ստանդարտ, ոչ դասական, հետաքրքրում է մեր հանդիսատեսին, հիմնականում լեփ-լեցուն սրահներում են անցում երեկոները»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սամվել Թոփալյանը։
Նրա խոսքով` հայ հանդիսատեսը սիրում է պոեզիա, երևի ավելի շատ սիրվեց պոեզիայի և երաժշտության նմանատիպ համադրումը, որն ավելի ջերմացնող է։
«Ես դա զգում եմ հանդիսատեսի ռեակցիայից»,- նշեց Ս. Թոփալյանը։
Ինչո՞ւ «Մարդ նվագախումբ»։
«Գոռ Սուջյանը տիրապետում է մի շարք գործիքների՝ հարվածային, ստեղնաշարային, զուռնա։ Մի ամբողջ նվագախումբ են դառնում իր կատարումները»։
Այս տարի Սամվել Թոփալյանն ու Գոռ Սուջյանը «Մարդ նվագախումբ» ծրագրով արդեն մեկ ներկայացում ունեցել են։ Առաջիկայում ևս հանդիսատեսը կարող է ունկնդրել հետաքրքիր կատարումներ՝ ինքնատիպ և տաղանդավոր Սամվել Թոփալյանի և Գոռ Սուջյանի մատուցմամբ։
Ի դեպ, նրանց պոետիկ-երաժշտական անկրկնելի երեկոների մասին արդեն Հայաստանի սահմաններից դուրս էլ են լսել։ Ս.Թոփալյանը հայտնեց, որ հրավերներ ունեն արտասահմանից. «Գոռ Սուջյանի հետ հրավեր ունեք։ Ապրիլի վերջին մենք մեր ինքնատիպ ծրագրով կներկայանանք Ամերիկայում։
Ծրագրում մեծ մեծերի ստեղծագործություններն են, որոնց մեջ թեմատիկ առումով կա հայրենիք, բնություն, հայ, սերեր՝ սեր առ հայրենիք, սեր առ հայրենի բնություն, սեր առ կին»։
Հայ պոեզիան, բնականաբար, տաղանդավոր անունների պակաս չունի։ Սամվել Թոփալյանն ընթերցում է շատերի ստեղծագործությունները, բայց խոստավանում է՝ ամենահոգեհարազատը Համո Սահյանն է. «Եթե խոսում ենք դասականներից, ինձ ամենահարազատը Համո Սահյանի պոեզիան է։ Բայց, բնականաբար, մյուսները երկրորդ պլան չեն։ Չարենց, Թումանյան, Տերյան... մեծ մեծերն են, ֆանտաստիկ երևույթներ են»։
Մեծ մեծերի ստեղծագործությունները Թոփալյան-ասմունքողի շուրթերից լսելուց հետո շատերի մոտ է ցանկություն առաջանում վերցնել գիրքն իրենց ձեռքն ու ևս մեկ անգամ ընթերցել, վերընթերցել։
«Այնքան սիրուն է ամեն ինչ մատուցում, այնքան պոետիկ, կլանված լսում ես ու չես ուզում ավարտվի։ Օրեր շարունակ նրա արտասանած ամեն բառ հիշողությանդ մեջ է»,- Սամվել Թոփալյանի մասնակցությամբ երեկոյից հետո ասաց ունկնդիրներից մեկը։
Տ․ Մ․
- Created on .
- Hits: 380