Կայացավ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, տեղի ունեցավ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը:  Հիշեցնենք, որ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ այս տարի այն առաջին անգամ անցկացվեց Երևանից դուրս՝ Կապանում, որով նշանավորվեց նաև Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակը։ Նախքան մրցանակաբաշխությունը այնտեղ անցկացվեց նաև կամերային ներկայացումների փառատոն, որն, ըստ էության, կարող է դարձվել ամենամյա։

Քսանից ավել մրցանակային անվանակարգերում ամփոփվեցին վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքով աչքի ընկած արտիստները:

Այսպիսով, «Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Միլենա Ղազարյանը /«Լակոտը»  ներկայացում (Թագուհի):

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց Արման Մաթևոսյանը /«Էլջերնոն-Գորդոնի Էֆեկտը» (Չարլի) մոնոներկայացում: Մրցանակը ստանալիս նա ասաց. «Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս հրաշալի տոնի կապակցությամբ և ուզում եմ ասել  մի շատ կարևոր բան. այնտեղ, չորրորդ կարգում մի շատ գեղեցկադեմ աղջիկ է նստած, առանց որի այս մրցանակն իմը չէր լինի»:

 «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգի հաղթող ճանաչվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը: Նա «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում նախկինում ևս մրցանակ էր ստացել Արցախի թատրոնում արված իր վերջին՝ «Լուսաբացից առաջ» բեմադրության համար՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոսներին:

«Այսօր ես այս մրցանակը կրկին ստանում եմ Արցախի մասին արված, բայց, ցավոք, ոչ Արցախում արված բեմադրության համար: Հիշում եմ՝այն ժամանակ ես շատ մեծ հավատով ասել եմ, որ  ծնվելու են հերոսներ, ովքեր նորից բերելու են Արցախի լուսաբացը: Այսօր ես դա նորից ասում եմ շատ մեծ  հավատով և ուզում եմ, որ դուք էլ հավատաք, որովհետև ձեր հավատը ևս կարևոր է: Մեր միասնական հավատը շատ կարևոր է: Սյունիք աշխարհի այս չքնաղ քաղաքում, Խուստուփ լեռան հպարտ հայացքի ներքո, Արցախի լեռներին շատ մոտ, ուզում եմ ասել՝ Արցախ, չգիտեմ՝ երբ, չգիտեմ՝ ոնց, բայց ես հավատում եմ, որ քո փառահեղ լեռների հետևից նորից ծագելու է արևը»,- երերուն ձայնով արտաբերեց Ռուզան Խաչատրյանը: Նրա՝ «Արևի մարդիկ» բեմադրության  մեջ Աստղիկի դերակատարման համար ՀԹԳՄ դիպլոմով պարգևատրվեց երիտասարդ դերասանուհի Շողեր Սարգսյանը:

Արտավազդ 2025

«Լավագույն կին դերակատար» ճանաչվեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլյա Մուկուչյանը՝ «Սպանդի աստվածը» ներկայացման մեջ մարմնավորած Վերոնիկա Վալլոնի կերպարի համար։

«Լավագույն տղամարդ դերակատար» ճանաչվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը «...իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացման մեջ մարմնավորած Չիկո կերպարի համար։

«Լավագույն մանկական ներկայացում» և «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգերում մրցանակը շնորհվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին՝ համապատասխանաբար  «Բարկանու՞մ ես» և «Մարդը ափի մեջ» ներկայացումների համար (բեմ.`Նարինե Գրիգորյան): Նշված ներկայացումների շրջանակում էլ  «Լավագույն երաժշտության հեղինակը» դարձավ Արմեն Շահինյանը: Այս թատրոնի «Լակոտը» ներկայացումը ճանաչվեց «Լավագույն ներկայացում»:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անի Հարությունյանը՝  Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորումը»:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակ ստացավ Սուրեն Շահվերդյանը (Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն), «Փող։ Կիրք։ Իշխանություն» ներկայացման համար:

«Լավագույն կամերային ներկայացում» ճանաչվեց «Բաբելոն» թատրոնը՝ «Է» ներկայացմամբ:

«Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մնջախաղի թատրոնն իր «Ուրվականների սոնատ»-ով:

հ45

Մեծ «Արտավազդ» մրցանակը շնորհվեց  Տիգրան Աթայանին՝ Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և Կապանի կամերային ներկայացումների փաատոնը հիմնադրելու համար։

Հատուկ «Արտավազդ» մրցանակ շնորհվեց Կամերային, Գյումրու, Թբիլիսիի թատրոններին, «Արմմոնո» միջազգային փառատոնին:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ շնորհվեց նաև Կապանի դրամատիկական թատրոնի դերասաններ Նատալյա Բաղդասարյանին և Արտավազդ Գրիգորյանին։

Մրցանակակիրների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հղմամբ՝ https://theatersunion.am/news/691--2025-.html:

Մարջան Չոբանյան

 «Արտավազդ 2025» մրցանակաբաշխության շրջանակներում ՀԹԳՄ դիպլոմով պարգևատրվեցին հայաստանյան թատրոնների երիտասարդ արտիստներ:

  • Created on .
  • Hits: 326

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: