Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Փրայմ Թայմ» մյուզիքլի առաջնախաղը

Երևանում կայացավ «Փրայմ Թայմ» մյուզիքլի առաջնախաղը: Միջազգային մյուզիքլի հայերեն տարբերակն իրականացվում է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Մոսկվայի մյուզիքլի թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի միջև ստորագրված հուշագրով՝ «Փրայմ Թայմի» բացառիկ իրավունքները փոխանցվել են երևանյան թատրոնին:

Ի՞նչ է թաքնված հեռուստատեսային շոուի հետևում: Ինչպիսի ինտրիգներով են անցնում այս փորձության մասնակիցները: Մյուզիքլը ներկայացնում է գավառական մի աղջկա փոխակերպումները մայրաքաղաքում՝ հեռուստատեսային երաժշտական ​​մրցույթի ընթացքում: Արդիական հարցադրումներով մյուզիքլը հատում է շոուի, հեռուստատեսության ու թատրոնի ուղիները, իսկ դրանք, իհարկե, լի են մարդկային պատմություններով ու հարուստ երաժշտությամբ:

Prime time 4

Ներկայացման առաջնախաղին ընդառաջ մամուլի ասուլիսին ներկա էր ներկայացման մտահաղացման հեղինակը՝ Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ նախագահի միջազգային մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Ինչպե՞ս ծագեց մյուզիքլի գաղափարը, ինչպիսի՞ն է հայկական տարբերակը, պատասխանում է Շվիդկոյը:

«1967 թվականից աշխատում եմ հեռուստատեսությունում, 1966-ից՝ թատրոնում։ 2 հաջող ներկայացում բեմադրեցինք, որոնք մինչև օրս ներառված են Մոսկվայի երաժշտական ​​թատրոնի խաղացանկում։ Առաջինը «Կրկեսի արքայադուստրն» էր, որն իրականացրինք մեր կանադացի ընկերների հետ։ Հաջորդը Անդրեյ Կոնչալովսկու բեմադրած «Ոճիր և պատիժն» էր։ Այդ ժամանակ հասկացա, որ մեզ ժամանակակից պատմություն է պետք։ Անընդհատ հիշում էի Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի նամակը Չեխովին։ Նա գրել էր, որ թատրոնը նոր պիեսներ բեմադրելու համար է և Չեխովից նոր գործեր էր ուզել։ Եվ ինձ մոտ ծագեց այս մյուզիքլի գաղափարը։ Պրեմիերան 2020 թվականին էր: Այն, ինչ այստեղ է, ռուսական տարբերակից ամբողջությամբ տարբերվում է։ Սա ռեժիսորական ինքնուրույն աշխատանքի արդյունք է»,- նշեց Շվիդկոյը։

Prime time 2

Ներկայացման պրեմիերան կայացել է 2020 թվականի մարտին Մոսկվայի երաժշտական ​​թատրոնում։ Միջազգային նախագծի վրա աշխատել են մասնագետներ Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Կանադայից։ Սցենարի հեղինակը ռուս դրամատուրգ Ելենա Կիսելևան է, իսկ երաժշտության հեղինակն է կանադացի Մաքսիմ Լեպաժը, ռեժիսորը Երևանի  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն է:

«Երբ պարոն Շվիդկոյն առաջարկեց այս մյուզիքլը, ասաց, որ սյուժեն հետաքրքիր կլինի նաև Հայաստանում։ Ցուցադրեց իրենց բեմադրության հոլովակը, որպեսզի լսեմ երաժշտությունն ու հասկանամ՝ ինչի մասին է խոսքը։ Նայեցի ու ասացի՝ այո, սա ենք անում։ Լիբրետոն թարգմանեցինք և տեղայնացրինք։ Գործողությունը կատարվում է Հայաստանում։ Կերպարները ևս հայեր են։ Բավական աշխատատար էր, որովհետև երգերը պետք է ճիշտ թարգմանվեին և համապատասխանեին երաժշտությանը։ Այս մյուզիքլի վրա աշխատեցինք 4-5 ամիս։ Ամեն ինչ արեցինք բացառապես թատրոնի ուժերով։ Ունենք հրաշալի երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ և նվագախումբ։ Մյուզիքլը նայելուց հետո կհամոզվեք։ Բոլոր դերասանների համար զգեստ ենք կարել։ Որոշ դեպքերում ասում էի՝ ոչինչ, մյուս զգեստը կամ կոշիկը կօգտագործենք, թատրոնի տնօրենը չէր թողնում։ Ասում էր՝ ինչ է պետք, ասեք, որ նորը գնենք։ Նախապատրաստական փուլում բարդություններ չեն եղել։ Եթե նույնիսկ եղել են, դրանք մեր մասնագիտության մի մասն են»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:

Prime time 5

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ  նշեց, որ մյուզիքլը Պարոնյան թատրոնին տալիս է նոր շունչ և ստեղծագործական ուղի։

«Սա այն նախագծերից է, որոնց մասին կարելի է երազել: 5 երկիր է ընդգրկված այս մյուզիքլում։ Արվեստը հենց այդ մասին է։ Այն սահմաններ չի ճանաչում։ Այսպիսի նախագծերով մենք ոչ միայն Հայաստան ենք բերում հետաքրքիր մտքեր և վերարտադրում մեր ստեղծագործական ներուժը, այլև հայկական արվեստը հանրահռչակում ենք Հայաստանից դուրս։ Հայաստանում վաղուց չէր եղել նման մեծամասշտաբ նախագիծ։ Կարծում եմ՝ սա կլինի շարունակական, և մենք կզարգացնենք մյուզիքլի ժանրը Հայաստանում»,- ասաց Դանիել Դանիելյանը:

Ներկայացումները երկու թատրոններում էլ կցուցադրվեն ապրիլի 6-ից մայիսի 5-ը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 118

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: