«Փոխակերպումի աշխարհագրությունը». Արա Հայթայան

Մայիսի 30-ին «ՀայԱրտ» կենտրոնում բացվեց նկարիչ Արա Հայթայանի «Փոխակերպումի աշխարհագրությունը» խորագրով ցուցադրությունը:
Այն ընդգրկում է մոտ 85 աշխատանք՝ գեղանկար, մետաքսագրություն, թանաքով և ջրաներկով արված աշխատանքներ, մատիտանկարներ, գծանկարներ, ճեպանկարներ, ինչպես նաև արխիվային նյութեր։
Ցուցահանդեսի համադրողը Տաթևիկ Առաքելյանն է: Ասում է՝ 20 տարի առաջ տեղափոխվելով Ֆրանսիա՝ չէր էլ պատկերացնի, որ այսքան ժամանակ անց կվերադառնա և կհամագործակցի Արա Հայթայանի հետ:
«Արայի աշխատանքները հրավիրում են մեզ, այսպես կոչված, քաղաքային կյանքի գործարան, որտեղ մենք կարող ենք նորից ներդաշնակություն գտնել մեքենայականի և մարդկայինի, քաղաքի էներգիայի և մեր ներքին աշխարհի միջև: Այս ցուցադրությունը երկխոսություն է արխիվի հետ, այն միայն դրա պահպանության մասին չէ: Պատկերները, նյութերը, ժեստերը, շարժումները միանում են և դառնում մի համընդհանուր լանդշաֆտի մաս: Եվ սա դառնում է շարունակական վերաիմաստավորման ընթացք»:
Արա Հայթայանի խոսքով՝ նախորդ տարի այս ժամանակահատվածում կրկին ցուցահանդես է ունեցել, բայց սա տարբերվում է նրանից: «Այս ցուցադրությունն ընդգրկում է ժամանակային ավելի երկար տարածք՝ 30 տարվա կտրվածքով: Սա հնարավորություն է տալիս ցուցադրել արվեստագետի ներքին խոհանոցը: Այս առումով ինձ համար բացահայտում էր Տաթևիկ երևույթը: Նա հասկացավ՝ ինչպես մտնել արվեստագետի ներքին խոհանոց: Ըստ դահլիճների գնում ենք ոչ թե դեպի նոր ժամանակներ, այլ դեպի ակունքներ, այսինքն՝ կարելի է ասել՝ ցուցադրությունն ամփոփվում և ավարտվում է իմ արխիվով: Դրանք նյութեր են, որոնք ինձ օգնել են և որոնց միջոցով ձևավորվել է իմ աշխարհայացքը: Դրանք նաև մարդիկ են, ընկերներ՝ լուսանկարների միջոցով, ովքեր այդ ընթացքում եղել են իմ կողքին»:
Ներկայացված տեղծագործություններում կարելի է տեսնել «Զվարճալի էլեկտրոնիկա», «Վերձիգ» շարքից գործեր, անվերնագիր գործեր՝ արված տարբեր տեխնիկաներով: Այդ ստեղծագործությունների առանցքում այն միտքն է, որ անշարժությունը ո՛չ հնարավոր է, ո՛չ էլ ցանկալի: Դրանք մատնանշում են միջտարածքների աշխարհագրությունը՝ տարածքներ, որտեղ կենդանի աշխարհը շնչում է կառուցվածքի և հոսունության, լռության և փոխակերպումի արանքում:
«Սա մեզ հնարավորություն է տվել ունենալ մի միջավայր, որտեղ կարող ենք միասին մտորել, թե ինչ է նշանակում ստեղծագործել և պատկերացնել արվեստի նոր կերպեր կամ արտահայտման մեթոդներ այս փոփոխական ժամանակներում»,- նշեց ցուցահանդեսի համադրողը:
Նատյուրմորտները մուտք են գործում մի ոլորտ, որտեղ մեխանիկականը նրբանում է, մեքենաների մնացորդներն իրենց գործառույթից այն կողմ ինչ-որ բան են հիշում ճանաչելիի և վերացականի միջև: Այս աշխատանքերն ուսումնասիրում են խառնածին նյութականությունը, հիշողությամբ և պոետիկ տատանումով լիցքավորված տեխնոլոգիական մնացուկը: Առարկաները զուտ պատկերներ չեն, դրանք բացահայտում են իրենց թաքուն ուժը՝ այն ինչ կրում են ժամանակի, լռության, փոխակերպման ընթացքում: Գեղանկարչությունն այստեղ էլեկտրական հոսանքի պես մի բան է դառնում, որը շունչ է տալիս թվացյալ անշարժին:
«Արա Հայթայանի դեպքում շատ կարևորում եմ այն, որ հավատարիմ մնալով ավանդական նկարչությանը՝ նա նաև երբեք չի խուսափում մոդեռնիստական փոփոխություններից կամ փորձարկումներից: Նա կարողանում է ոչ միայն ստեղծագործել, այլև վերծանել դա և վերածել մի ամբողջ հետազոտական ուսումնասիրության»,- նկատեց «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժ/պ Սոնա Հարությունյանը:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 76