Երևանում ընթանում է «Երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնը»

Հունիսի 6-ին տեղի ունեցավ «Երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնի» բացումը։ Հունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության: Ձևաչափով աշխարհում միակ բացօթյա բալետային փառատոնը բալետի սիրահարներին հրավիրում է Թումանյանի անվան զբոսայգի, որտեղ երկարատև նախապատրաստական աշխատանքներ են կատարվել։ Կառուցվել է 8 հարկանի շենք, բեմական ենթակառուցվածքներով, տեխնիկական հագեցվածությամբ, բալետային պրոֆեսիոնալ հատակով, հանդերձարաններով, արտիստների սպասարկման և ելույթների համար նախատեսված հնարավորություններով բեմահարթակ։ Փառատոնի մուտքն ազատ է, ներկայացումները սկսվում են 20:00-ին: Բացառիկ բալետային փառատոնին մասնակցում են լեգենդար Մոսկովյան Մեծ և Սանկտ Պետերբուրգյան Մարիինյան թատրոնները։ Հունիսի 6-ին և 7-ին ելույթ են ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Հունիսի 9-ին և 10-ին, Թումանյանի անվան զբոսայգում հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունի վայելելու Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումները: Հունիսի 13-ին էլ ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:

BAleti orer 2

Ելույթ են ունենալու Սանկտ Պետերբուրգի Մարիինյան պետական ակադեմիական թատրոնի և Մոսկվայի Մեծ թատրոնի առաջատար արտիստները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Թումանյանի անվան զբոսայգում կայացած Երևանի միջազգային բալետային փառատոնի բացմանը, նշեց՝

«Բալետային արվեստի լավագույն ներկայացուցիչներն այս օրերին մեկտեղվում են Երևանում՝ հարստացնելով քաղաքի մշակութային կյանքը։ Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող փառատոնը, որն արդեն երրորդ տարին է անցկացվում, դարձել է մեր մշակութային կյանքի անբաժանելի մաս»։ 

BAleti orer 3

Երևանի բալետի փառատոնն արդեն դառնում է քաղաքի նոր մշակութային խորհրդանիշը: Իսկ քաղաքապետարանը, նպատակ հետապնդելով մայրաքաղաքի շատ բնակիչներին և հյուրերին ծանոթացնելու բարձր արվեստին, մուտքը հայտարարում է անվճար: Այնպես որ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, որոնց առջև կբացվեն դեպի իրական դասական տանող խորհրդավոր ճանապարհները:

Փառատոնին մասնակցում են Մեծ և Մարիինյան թատրոնները և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը․ թատրոնները բազմաթիվ առիթներով մշտապես համագործակցել են:

BAleti orer 4

«Մեզ համար մեծ պատիվ է ողջունել Մեծ թատրոնի արտիստներին «Երևան բալետի փառատոն 2025»-ին: Աշխարհի առաջատար թատրոններից մեկի մասնակցությունը փառատոնին հաղորդում է առանձնահատուկ նշանակություն և ստեղծագործական ուժ: Հատուկ հպարտություն է Յուրի Նիկոլաևիչ Գրիգորովիչի բալետներից հատվածների ընդգրկումը ծրագրում: Վարպետի ակնառու ժառանգությունը մնում է համաշխարհային բալետի պատմության անբաժանելի մասը: Եվ մենք խորը հարգանքով կհարգենք վարպետի հիշատակը, որի արվեստը հավերժ կմնա մեզ հետ»,-նշում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը:

BAleti orer 7

Հարկ է նշել, որ Մեծ թատրոնը երեք անգամ շրջագայել է Հայաստանում: 2005 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացվել են Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» և Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումները: 2009 թվականին Յուրի Գրիգորովիչը բեմադրել է իր լեգենդար «Սպարտակ» բալետը Հայաստանի գլխավոր թատրոնում։ Մեծ թատրոնի բալետային խմբի մենակատարները մասնակցում էին ներկայացման պրեմիերաներից մեկին: Իսկ 2023 և 2024 թվականներին Մեծ թատրոնի և Ա. Սպենդիարյանի անվան թատրոնի երիտասարդական օպերային ծրագրերի համատեղ համերգներ են անցկացվել նախ Երևանում, ապա Մոսկվայում:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 263

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: