AHA collective-ը կներկայացնի «Ոսկե Ծիրանի» կարմիր գորգը

21-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում ձևավորված նոր ավանդույթը՝ փառատոնի կարմիր գորգը փոխարինել «Տեղորոշում» հավաքածուով, այս տարի ևս շարունակվելու է նոր նախագծով։ Այն կրկին թողարկել է փառատոնի գործընկեր AHA collective-ը։

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացմանն ընդառաջ AHA collective-ի, Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի և «Ոսկե Ծիրան»-ի ներկայացուցիչները հրավիրված մամուլի ասուլիսում պատմեցին 2025 թվականի AHA collective-ի կողմից թողարկած երկրորդ ժամանակակից կարմիր գորգի հավաքածուի մասին։

Կարմիր գորգի առաջին` «Տեղորոշում» հավաքածուով բացվեց նախորդ տարվա կինոփառատոնը։ Հետաքրքիր է, որ արվեստագետ Դավիթ Քոչունցի ձևավորմամբ Woolway Studio-ի և Goris Handmade-ի գորգագործ կանանց կողմից հյուսված կարպետներն այժմ ցուցադրվում են Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեում։ Շարունակելով անդրանիկ հավաքածուի թողարկումը՝ AHA collective-ը մշակել է նաև Սենտ-Էտիենի միջազգային դիզայն բիենալեի հայելային նախագիծ՝ հրավիրելով ֆրանսիացի դիզայներներ Ժան-Ֆրանսուա Դինգջեանին և Էլուա Շաֆային՝ Normal Studio արվեստանոցից։ Մասնագետները համագործակցում են կարմիր գորգի երկրորդ հավաքածուի շուրջ։

Դիզայներներն այցելել են Հայաստան, աշխատել գորգագործների հետ և ծանոթացել բնական ներկման եղանակներին։ AHA collective-ի երկրորդ հավաքածուն 100 տոկոս տեղական ձեռագործ արտադրություն է։ Նոր հավաքածուի դիզայնը խաղում է գորգի կառուցվածքի՝ հենքի հետ՝ ստեղծելով ստորաբաժանումներ, որոնք զարգանում են իրենց խտությամբ։ Օպտիկական ազդեցությամբ կարմիրի և կանաչի երանգները կենդանություն են հաղորդում ութ կարպետներից կազմված, 16 մետր երկարությամբ գորգի ընդհանուր հարթությանը։ Հավաքածուն բացառիկ խորհրդանիշ է և մշակութային երկխոսության, ստեղծագործության և տեղական հզորացման լայն հարթակ։ 

Աշխատանքում մեծ ներդրում են ունեցել տեղացի մասնագետները։ Գորգի ստեղծման յուրաքանչյուր փուլ (սկսած հայկական բրդի ձեռքբերումից մինչև բնական ներկում և ձեռքով հյուսում) իրականացնելով՝ տեղացի վարպետները համագործակցել են Armenian Wool Project-ի, Woolway Studio-ի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մայր ու դուստր Միլենա և Անահիտ Օրդյանցների հետ։
Մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրին նոր հավաքածուի տեսլականը և ստեղծագործական թիմին՝ դիզայներներ, գորգագործներ, համադրող։

Հուլիսի 13-ին «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացմանը կներկայացվի ամբողջական հավաքածուն։ Լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասաց․

«AHA Collective-ի հետ վաղուց ենք համագործակցում։ Գորգերի փոփոխության գաղափարի հիմքում ընկած էին տարբեր հանգամանքներ։
Մեզ թվաց, որ ինչ-որ բան, որը հայաստանյան համատեքստում ունի մեծ մշակութային արժեք, ժառանգություն և ավանդույթներ, ինչպիսին է գորգագործությունը, հնարավորություն կտա փոխել անփոփոխ թվացող  կարմիր գորգը, որը փառատոնային աշխարհում սրբազան մասունք է թվում»։

Նախագիծն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի և «Հայկական բրդի նախագծի» հետ համատեղ։

Ներկայացվեցին նաև 22-րդ «Ոսկե ծիրան»-ի պաստառները։ Նկարիչ Դավիթ Քոչունցի ստեղծած խաղը հնարավորություն կտա կինոյի մեծ աշխարհում որսալ գեղեցկությունն ու բռնությունը, փլուզումն ու բախումը, աբսուրդն ու մտերմությունը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 76

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: