Կայացավ Newmag հրատարակչության Summerfest 2025-ը

Newmag հրատարակչությունը հավատարիմ մնալով իր ռազմավարությանը՝ հերթական անգամ կազմակերպեց ամառային գրական փառատոնը: Հուրախություն ընթերցասերների՝ Summerfest 2025-ը սակայն տարբերվում էր նախորդ ձևաչափերից թե՛ հրատարակված աշխատանքների ոճական առանձնահատկություններով, թե՛ փառատոնի ժամանցային հայեցակարգով: Ամառային փառատոնն անցկացվեց «Գիր, Գինի, Ջազ» խորագրով: Փառատոնն այս տարի գրքատոնին ավելացրել է նաև այլ ելևէջներ՝ համեմված գինու բույրով, ջազային ելևէջներով։ Գրքի տոնն անցկացվում է 5-րդ անգամ։ Այս տարի էլ հրատարակչությունը ներկայացրեց տասը նոր գիրք։
Newmag-ի և Երազ փրոջեքթսի «Երազ» մանկական մատենաշարն էլ ներկայացրեց դրանցից հինգ նոր գիրք։ Փառատոնի բացմանը հանդիսավոր ելույթով հանդես եկան Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը, Երազ փրոջեքթսի համահիմնադիր Անժելա Պետրոսյանը, փառատոնի գլխավոր հովանավոր Evocabank-ի Մարկետինգի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Լյուսի Սարուխանյանը, ջազի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Անի Սողոյանը, փառատոնի գլխավոր գործընկեր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զառա Մուրադյանը։ Փառատոնի բացմանը հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշեց՝
«Որպեսզի չձանձրացնենք ո՛չ մեզ, ո՛չ մեր ընթերցողներին, այս տարի մենք որոշեցինք մեր փառատոնն ավելի կոնցեպտուալ դարձնել։ Այդ պատճառով ներառել ենք գիրը, գինին ու ջազը։ Մենք կարող ենք համտեսել լավագույն հայկականը՝ լինի բովանդակություն, երաժշտություն, թե ջազ։ Այստեղ են մեր խմբագիրները, սրբագրիչները, դիզայներները, որոնք, վստահ եմ, կարող են պատմել շատ հետաքրքիր պատմություններ»:
Փառատոնի ջազային նրբերանգներն ու մեղեդիները ապահովեցին փառատոնի գլխավոր գործընկեր Ջազի հայկական ասոցիացիայի լավագույն երաժիշտները: Ասոցիացիայի համահիմնադիր Անի Սողոյանը կարևորեց նման համագործակցությունը՝ մաղթելով դրան շարունակական ընթացք:
«Ջազի հայկական ասոցիացիան առաջին տարին է միանում այս փառատոնին։ Համոզված ենք, որ այն կլինի շարունակական։ Տարիներ շարունակ Newmag հրատարակչությունը բոլորիս պարգևում է մշակութային բազմաբովանդակ փառատոն։ Համախմբվելով ցանկացած մշակութային կառույց ու ընկերություն՝ կարող են էլ ավելի մեծ առաքելություն իրականացնել։ Այս տարի փառատոնը ներկայանում է հիանալի համադրությամբ՝ գիր, գինի, ջազ։ Այս երեք կոմպոնենտներն իրենց մեջ ներառում են մշակութային տարրեր»։
Newmag Summerfest 2025 փառատոնային օրերն ազդարարվեցին մանկական փառատոնով։ Փառատոնը իրական ամառային տոն էր կազմակերպել գրքասերների և արվեստասերների համար: Փառատոնին իրենց մասնակցությունն ունեցան տարբեր կատարողներ և մանկապատանեկան երգ ու պարի խմբեր: «Երազ» մատենաշարի ղեկավարը Գոհար Մանուկյանն է: Գոհար Մանուկյանն ու մանկական գրքակումբից Ալեքս Ալեքսանյանը ներկայացրին «7 գալակտիկաների դպրոցը» գիրքը, որի հեղինակը հայ ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանն է։ Սաղաբալյանն ասում է՝ ֆանտասիկան ամենուր է, իսկ արվեստն էլ ծնվում է երազանքից: Ապա պատմում է, որ ֆանտաստիկ գիրքը գրել էր այն ժամանակ, երբ դեռ Ջոան Ռոուլինգը չէր էլ հորինել իր հայտնի ստեղծագործությունները: Ռուսլան Սաղաբալյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը:
«Ես այս գիրքը գրել եմ 80-ականներին. «7 գալակտիկաների դպրոցը» գիրքը կարդալուց կհիշեք ձեր դպրոցը, պարզապես ամեն ինչ հասցրել եմ աբսուրդի։ Ես չեմ սիրում գիտաֆանտաստիկ բառը, դա ավելի շատ տեխնիկական տերմին է։ Իմ գիրքը պարզապես ֆանտաստիկայի ժանրում է, աբսուրդի հասցված իրավիճակ։ Իհարկե, սովորական մարդկանց մասին ավելի հեշտ է գրել, բայց ֆանտաստիկան որոշիչ ու կարևոր ժանր է քաղաքակիրթ երկրների ապագայի համար։ Հոմերոսի «Ոդիսական»-ն էլ է ֆանտաստիկայի ժանրում»,- ասաց Ռուսլան Սաղաբալյանը :
«Երազ» մատենաշարի երկրորդ գիրքն էլ «Անհետագիտարանն» է։ Պատկերապատումը պատմում է անհետացման եզրին գտնվող կենդանիների մասին: Քանի որ փառատոնն այս անգամ հատկապես մեծ ուշադրություն էր հատկացրել երեխաների ժամանցի կազմակերպմանն ուղղված ծրագրերին, շնորհանդեսի շրջանակում երեխաներին ներկայացվեցին նաև Բնության պահպանության միջազգային հիմնադրամի նկարահանած տեսանյութերը: Այդտեղ ցուցադրված էին հսկողության տակ գտնվող վտանգված կենդանիները: Ինչպես խոսնակները նշեցին, «Անհետագիտարան« գիրքը սիրելու ու հոգատարության կոչ է: Երեխաների համար կազմակերպված տոնին միացավ նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան, փոքրիկ վիրտուոզ Հայկ Դանոյանը՝ դասական գլուգործոցներով։
Newmag հրատարակչությունն այս տարի հանդես եկավ նաև նոր ամսագրով։ Freedom Broker Armenia միջազգային ֆինանսական ընկերության պատվերով հրատարակչությունը հայերեն է թարգմանել և հրատարակել «Ֆինանսիստ» ամսագիրը։ Շուտով լույս կտեսնի նաև ամսագրի երրորդ համարը։
Ամառային փառատոնն ամփոփեց նաև գրական մրցույթը, որը հայտարարվել էր ձմեռային փառատոնի ընթացքում՝ «Թովմասյան» հիմնադրամի հետ համատեղ։ Ներկայացված հայտերն ուսումնասիրվել են և հայտնի է երիտասարդ գրողների մրցույթի հաղթողի անունը։ Հաղթողին ներկայացրեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էդգար Մովսեսյանը։ Մրցույթում հաղթել է Դավիթ Գևորգյանի «Իմպեդանս» ստեղծագործությունը։ Շուրջ մի քանի տասնյակ հայտերից ընտրվել է Դավիթ Գևորգյանի ստեղծագործությունը։ Այն կհրատարակի Newmag-ը և կներկայացնի Winter fest-ի ընթացքում։
Դետեկտիվ ժանրի սիրահարները ևս տխուր չհեռացան փառատոնից. Ընթերցողի դատին հանձնվեց Քարեն Մակմանուսի բեսթսելլեր դարձած դետեկտիվ եռագրության վերջին, եզրափակիչ հատվածը։ «Մեզնից մեկը վերադարձել է» գրքի հրատարակության վերաբերյալ փառատոնի ընթացքում տեղի ունեցավ քննարկում։
Newmag-ի բոլոր գրքերի համար փառատոնի ընթացքում գործում էր մինչև 40% զեղչ։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 85