Ոսկե Ծիրան 2025․ ինչ է սպասվում փառատոնի ընթացքում

Հուլիսի 13-ից 20-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման արարողությունը տեղի կունենա Կինոյի տանը:
Փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ փառատոնը դարձել է հարթակ, որտեղից սկսում են փայլել հեղինակավոր մրցանակների արժանացող ֆիլմեր ու ստեղծագործողներ։
«22 տարի անընդմեջ այս փառատոնը իրականացնելն ինքնին հերոսություն է։ Մեր ճանապարհը դժվար է եղել, բայց փառատոնը դարձել է բարի նշան. ովքեր այստեղից սկսել են, արժանացել են միջազգային բարձր գնահատականի»,- նկատեց նա։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հայտարարեց, որ «Ոսկե ծիրանը» մոտենում է կարևոր հանգրվանի․ փառատոնը պատրաստվում է ընդգրկվել աշխարհի հեղինակավոր կինոփառատոնների հավատարմագրված ցանկում, որի հաստատումը սպասվում է 2025-ի վերջից մինչև 2026-ի սկիզբը։ Նա նաև շեշտեց՝ սա կդարձնի «Ոսկե ծիրանը» տարածաշրջանում եզակի և միջազգային ճանաչում ունեցող իրադարձություն։
«Այս տարի Թամարա Ստեփանյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի կինոփառատոնը, որն իր մասնակցությամբ և թեմատիկայով ամբողջությամբ կապված է Հայաստանի հետ։ Դա իսկական հաղթանակ է մեզ համար»,- ասաց նա։
Այս տարի փառատոնի հիմնական ծրագիրը կներառի մի շարք ֆիլմեր, որոնք Կաննի մրցանակակիր են և դեռ չեն ցուցադրվել այլ փառատոններում։ Այդ թվում՝ Դարդեն եղբայրների նոր ֆիլմը, Ջաֆար Փանահիի վերջին աշխատանքը, Քրիստիան Պեցոլդի նոր ֆիլմը և այլք։
Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվարա Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի մրցութային ծրագրերում մեծ տեղ է տրվել նաև հայկական ֆիլմերին՝ թե՛ սկսնակ ռեժիսորների, թե՛ փորձառուների. «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը ներկայացնելու է նորահայտ անուններ, իսկ տարածաշրջանային մրցույթը կբացի Քրիստինե Հարությունյանի «Երազելուց հետո» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինում»։
Փառատոնը կփակվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով, որը երկար ժամանակ չի ցուցադրվել Հայաստանում։ Բացի այդ ֆիլմից, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը կնշի նաև փառատոնի հիմնադիր նախագահի՝ Հարություն Խաչատրյանի 70-ամյակը։
Փառատոնի շրջանակում հուլիսի 18-ին կբացվի նաև Շառլ Ազնավուրի արձանը Շառլ Ազնավուր հրապարակում՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի:
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 54