Սերգեյ Փարաջանովի հովանոցը` Հայաստանի ազգային պատկերասրահում

Լուսանկարում լեգենդար արվեստագետ Սերգեյ Փարաջանովի հովանոցն է: Երկար ժամանակ արվեստագետի թանգարանում պահվելուց և մի անկյունում թաքնված ու աննկատ մնալուց տարիներ անց այժմ նորից բերում ու ներկա է դարձնում փարաջանովյան շունչը: Փարաջանովի սիրելի հնությունները, շքեղ գլխարկները, հովանոցները, տիկնիկներն ու կենցաղային բազմազան յուրօրինակ իրերը մշտապես եղել են Փարաջանով արվեստագետի բացառիկ տեսակի ինքնադրսևորման և ինքնարտահայտման բազմաթիվ ձևերից ու լեզուներից մեկը: Հետևաբար Փարաջանովի կյանքից անբաժան մի երևույթ ևս չէր կարող վրիպել արվեստաբանների աչքից:
Թաիլանդական այս նրբագեղ հովանոցը երկար տարիներ անմխիթար վիճակում գտնվելուց հետո 2022 թվականին Սերգեյ Փարաջանովի թանգարանից հանձնվել է Հայաստանի Ազգային պատկերասրահին։ Վերականգնումն իրականացվել է բարդ աշխատանքի շնորհիվ, և այժմ արդեն հովանոցը ներկայացվում է այցելուներին։
«Երեք տարի առաջ մենք նախաձեռնեցինք ընդհանրապես թանգարանային ոլորտի համար շատ կարևոր մի նախագիծ, որը «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծն էր: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ համաշխարհային մասշտաբներով մենք առաջին թանգարաններից էինք, որ հանդգնեցին բացել ետնաբեմի դռները այցելուների առջև, բացել այդ վարագույրները և ներկայացնել շատ ներթանգարանային խոհանոցը: Եվ կարծես հաջողեց և այսօր չորրորդ անգամ ավանդույթի համաձայն այսօր մենք ցուցադրում ենք մի շատ հետաքրքիր ցուցանմուշ՝ դա լեգենդար Փարաջանովի սիրելի հովանոցն է»,- ասաց Հայաստանի Ազգային Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են հովանոցը, դրա զարդանախշերը և դետալները վերարտադրող անիմացիան: Հեղինակն է Աշոտ Մարաբյանը, անիմացիան՝ Նարեկ Նազարյանի: Ցուցահանդեսն ունի նաև ինտերակտիվ բաժին, որի շրջանակում այցելուները կարող են ստեղծել «փարաջանովյան» հովանոցի իրենց տարբերակը՝ կոլաժային կամ նկարազարդ։
Ցուցադրության բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը: Նախարարի տեղակալը ծանոթացավ ներկայացրած ցուցանմուշին և դրա վերականգնման պատմությանը։ Էքսպոզիցիոն առաջին սրահը ներկայացնում է մի յուրօրինակ վերականգնման արվեստանոցի անկյուն, որտեղ ցուցադրված են կիրառված գործիքներն ու նյութերը:
Հայաստանի Ազգային Պատկերասրահը համագործակցել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ: Թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը նշեց․
«Բոլորիս հայտնի է, որ Սերգեյ Փարաջանովն էսթետ էր, դա երևում է իր տանը, կամ իրերի մեջ, որոնց մեջ էր հովանոցը, հովհարը: Բնական է, որ նա երբ անցել է հովանոցի կողքով, անտարբեր չի մնացել: Կամ ինքն է ձեռք բերել, կամ որևէ մեկն է նվիրել, այն մշտապես տեսնում ենք իր նկարներում: Երբ մենք սկսեցինք մեր թանգարանային առարկաները վերահաշվարկել՝ հասկանալու համար, որտեղ ունենք թույլ կողմեր, գտանք հովանոցը, որն անմխիթար վիճակում էր: Անկեղծ ասած՝ հույս չունեի, որ հովանոցն այսպիսի տեսք կունենա: Մենք այժմ ունենք շատ կարևոր ցուցանմուշ, որը նույնիսկ կցուցադրվի թանգարանային մշտական ցուցադրությունում»,- ասաց Անահիտ Միքայելյանը:
Հայաստանի Ազգային Պատկերասրահի վերականգնման և կոնսերվացիայի բաժնի գրաֆիկայի վերականգնող-նկարիչ Ամալյա Հովսեփյանի խոսքով՝ կիրառվել են նոր մեթոդներ և միջոցներ, ինչի արդյունքում արդյունքն ակնառու է: Ամալյա Հովսեփյանը ցուցահանդեսի համակարգողն է:
«Ցանկացած վերականգնողի համար մեծ պատիվ է մեծ հեղինակների աշխատանքները կամ իրենց իրերը վերականգնել, երկրորդ կյանք տալ: Որպես վերականգնող ես ներքուստ զգացի, որ կարող եմ այդ գործն անել, բայց ինչ մեթոդներով, դա բարդ էր պատկերացնել, որովհետև առաջին անգամ պետք էր նման բան անել: Հենց սկզբից հասկացա, որ այս աշխատանքը չի ենթադրում ընդունված մեթոդներով աշխատանք: Ողջ ընթացքում պետք էր նոր մեթոդներ մշակել»,- ասաց Ամալյա Հովսեփյանը:
Զուգահեռաբար ցուցադրվում են նաև վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարները։ Ներկայացված են նաև թեմատիկ ցուցանմուշներ, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Կարմեն» անիմացիոն ֆիլմը, հատված ռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստ Փարաջանովը» վավերագրական ֆիլմից, ինչպես նաև պատմական-գեղարվեստական կարևոր արժեք ունեցող լուսանկարներ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հավաքածուից: Ցուցադրվում են նաև Սերգեյ Մեչիտովի հեղինակային լուսանկարները:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 54