Կինոգործիչները դեմ են օրենքի փոփոխություններին

Սեփականացո՞ւմ, թե՞ աջակցություն, ո՞ր ճանապարհն է ընտրում պետությունը․ հարցի շուրջ Կինեմատոգրաֆիստների միությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քննարկում ծավալեցին կինոյի ոլորտի մասնագետները: Քննարկման առիթը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» վիճարկելի նախագիծն է, իսկ մասնագետները դեմ են օրենքի փոփոխություններին: Համոզված են` նախագիծը սպառնում է խաթարել ստեղծագործական ազատությունը, մասնավոր արտադրության անկախությունը և միջազգային համագործակցությունը: Կինոգործիչները վստահ են, որ պետության դերը ոլորտում աջակցողից կփոխարինվի մենաշնորհային արտադրողի, ինչի արդյունքում քանդվելու են հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայ անկախ կինոարտադրությունը:

Ըստ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների հիմնական դրույթների՝ (տե՛ս նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/8898/about) նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թ. ՀՕ-302-Ն օրենքում՝ մի շարք հոդվածների, տերմինների և սահմանումների վերանայմամբ ու հստակեցմամբ։ Ըստ այդմ կատարվել է սահմանումների և տերմինների փոփոխություն: Վերանայվել են «դրամագլուխ», «կինեմատոգրաֆիա», «կինոթատրոն», «կինոժառանգություն», «կինոփառատոն», «ստեղծագործական խումբ», «վարձութային վկայական», «ֆիլմ», «ֆիլմ ցուցադրող», «ֆիլմարտադրող», «ֆիլմի ցուցադրում», ինչպես նաև սահմանվել է նոր տերմին՝ «պետական ֆինանսավորում»։ Մի շարք կետեր հանվել կամ ձևակերպվել են նոր խմբագրությամբ՝ իրավական հստակության և ոլորտի գործնական պահանջների համապատասխանեցման նպատակով։ Հստակեցվել է ազգային մարմնի կարգավիճակը՝ ազգային մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված մշակութային հիմնադրամը, որն ունի բացառիկ լիազորություններ, կարող է ձեռք բերել գույքային իրավունքներ, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և մասնակցել ֆիլմարտադրությանը։ Իսկ ազգային ֆիլմ համարվում է այն ֆիլմը, որի ստեղծագործական խմբի կեսից ավելին ՀՀ քաղաքացիներ են, արտադրությանը մասնակցում է ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն, իսկ բնօրինակը հայերեն կամ ՀՀ ազգային փոքրամասնության լեզվով է (որոշ բացառություններով)։Կարգավորվել են պետական ֆինանսավորման տրամադրման չափաբաժինների, սահմանաչափերի և մրցույթների անցկացման կարգերը։ Պարզաբանվել է չօգտագործված միջոցների տնօրինման կարգը՝ դրանք փոխանցելով դրամագլխին։

Նաև սահմանվել են համատեղ արտադրության չափանիշները՝ ֆինանսական, ստեղծագործական և տեխնիկական մասնակցության համամասնությամբ, ինչպես նաև պայմանագրային պարտադիր դրույթներով։ Օտարալեզու ֆիլմերի համար էլ նախատեսվում է հայերեն կրկնօրինակում կամ տեսանելի ու հստակ ենթագրում՝ ժամկետի երկարաձգմամբ մինչև 2030 թվականը: Հանվել կամ դադարեցվել են որոշ հոդվածների և կետերի գործողությունները, հստակեցվել են լիազորված պետական մարմնի գործառույթները և մի շարք տերմիններից հանվել «ազգային» բառը՝ կարգավորման շրջանակը ընդլայնելու նպատակով։

Օրենքի նպատակն է արդիականացնել կինեմատոգրաֆիայի ոլորտի իրավական դաշտը, հստակեցնել տերմինաբանությունը, բարելավել ֆինանսավորման և կազմակերպման մեխանիզմները, ինչպես նաև ապահովել ոլորտի միջազգային համագործակցության և լեզվական մատչելիության պահանջները։

Կինոքննադատ, պրոդյուսեր և ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ նախագիծը կարող է վնասել անկախ կինոյի գոյությանը և փլուզել մեծ դժվարությամբ ձևավորված կինոարտադրական համակարգը:

«Իրավիճակը, որում հայտնվել է մեր կինոհամայնքը, բավականին խրթին է, ձեր աջակցության կարիքն ունենք` բարձրաձայնելու այն մտահոգություննեը, որոնք  անձնական կամ առանձին կինոգործիչների մտահոգություններ չեն»,- ասաց Րաֆֆի Մովսիսյանը:

Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ Արմինե Անդան նշեց, որ չկա ոչ մի հիմնավորում այս նախագծի հիմնավորման մեջ: Ռեժիսոր, պրոդյուսեր Զառա Ջյանն էլ հավելեց․

«Եթե նախագիծը չկանգնեցվի, մեծ աղմուկ կառաջանա, միջազգային հարթակներից էլ մի 20 տարով հետ կգնանք: Կաննի կինոշուկայում այլ հայ պրոդյուսերների նման վերջերս հանդիպել եմ 20-ից ավել արտասահմանցի պրոդյուսերների հետ, որոնցից 7-ը հայկական կողմի հետ համարտադրություն էր ցանկանում սկսել, սակայն մեծամասնությունը հրաժարվեց՝ տեղեկանալով վերջին փոփոխության մասին»:

Ասուլիսից հետո «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի միասնական կինոհարթակը՝ ի դեմս Հայաստանի կինոգործիչների՝ Կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիայի, Անիմացիայի գիլդիայի, Վավերագրողների գիլդիայի, Անիմացիոն ընկերությունների ասոցիացիայի, ԱրմԴոկ Վավերագրողների հայկական ասոցիացիայի: Հայտարարությամբ նշվում է․

«Խորապես մտահոգված ենք և վրդովված, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի խթանում ոլորտի կայուն զարգացումը, այլև սպառնում է ամբողջությամբ փլուզել տարիներով մեծ դժվարությամբ ձևավորված կինոարտադրական համակարգը։ Այս նախագիծը փաստացի փորձում է արմատապես փոխել պետության դերը ոլորտում՝ աջակցողից դառնալով մենաշնորհային արտադրող և քանդել այն դժվարությամբ կառուցված հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայ անկախ կինոարտադրությունը։  

Տագնապալի է այն, որ նախագծի փիլիսոփայությունն ամբողջությամբ մերժում է աջակցության սկզբունքը։ Սա լրջորեն խաթարում է ոլորտի անկախությունը, ստեղծագործական ազատությունը, մասնավոր նախաձեռնության զարգացումը, մասնավոր կինոարտադրությունը, և վերջապես՝ համատեղ արտադրությունը։ Օրենքի փոփոխությունների առաջարկած նախագծում դա հստակ և առանց երկիմաստության հայտարարվում է հետևյալ ձևակերպումներով. «Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ։ Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա»։ Նույնքան անընդունելի է հիմնադրամի կողմից «աջակցող» կարգավիճակից հրաժարվելու հայտարարությունը․

««Աջակցող» հասկացության առկայությունը Օրենքում առարկայազուրկ է… փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ազգային մարմինը չի հանդիսանալու աջակցող»։ Այս մոտեցումը հստակ ցույց է տալիս, որ առաջարկվող նախագիծը իրենից չի ներկայացնում գործող օրենսդրության բարեփոխում կամ թիրախային շտկում, այլ փոխում է ողջ կինոարտադրության գաղափարական հիմքն ու կառուցվածքը՝ ի վնաս մշակութային արժեքների, միջազգային մեխանիզմերի և կինոարտադրողների՝ արտահայտելով ոլորտի կառավարման գլոբալ սխալ փիլիսոփայություն, որը տանում է շուկայի մոնոպոլիզացման։ Մշակութային աջակցության տրամաբանությունը, որը պետք է լիներ ոլորտի անկախության ու բազմազանության երաշխավորը, փոխարինվում է կոռուպցիոն ռիսկերով հագեցած փաստաթղթի, ըստ որի Ազգային մարմինը հանրային ծառայողից վերածվում է սեփական շահերին ծառայող կառույցի։ Նման մոտեցումը ոչ միայն լրջորեն սահմանափակում է ստեղծագործական ու տնտեսական ազատությունները, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Քաղաքացիական օրենսգրքին, «Հեղինակային իրավունքի մասին» օրենքին, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին կոնվենցիային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության պաշտպանությանը վերաբերող փաստաթղթերին։

Մենք չենք կարող համաձայնել այս մոտեցման հետ, քանի որ այն հակասում է ինչպես ազգային մշակութային քաղաքականության սկզբունքներին, այնպես էլ միջազգային այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է պաշտպանելու համար ստեղծագործական ազատությունը, անկախությունը և մասնավոր արտադրական կարողությունները։ Այն ստեղծում է անվստահության մթնոլորտ ինչպես ոլորտի ներսում, այնպես էլ մեր միջազգային գործընկերների շրջանում։ Նման պահանջը սպառնում է արտադրողների անկախությանը և նրանց՝ ստեղծագործելու ազատ կամքին։ Միջազգային մակարդակում հակասելով միջազգային համատեղ արտադրության սկզբունքներին՝ կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը, կասկածի տակ դնել մեր գործընկերների վստահությունը մեր հանդեպ և վանել համատեղ արտադրությունների հնարավորությունները։ Սա հակասում է այն արժեհամակարգին, որով Հայաստանը մինչ այժմ կառուցել է իր տեղը եվրոպական կինեմատոգրաֆիական ընտանիքում՝ որպես հավասար գործընկեր։
Մենք անհանգստությամբ տեսնում ենք նաև տնտեսական հետևանքները։ Նման քաղաքականությունը ենթադրում է լրջորեն կասեցնել մասնավոր ներդրումների հոսքը ոլորտ, խաթարել մրցակցային միջավայրը և առավել խոցելի դարձնել փոքր և միջին արտադրողներին։ Սա նաև մեծացնում է պետական կառույցների ազդեցությունը կինոյի բովանդակության վրա՝ դրանով իսկ թուլացնելով ոլորտի թափանցիկությունն ու ինքնուրույնությունը։ Մենք պահանջում ենք դադարեցնել Օրենքի փոփոխությունների նախագծի շրջանառությունը վերադառնալով Աջակցության մեխանիզմը որդեգրած Կինեմատոգրաֆիայի օրենքին, որը ազգային մարմնի իրական առաքելությունը ամրագրում է որպես աջակցություն հայկական կինոյի զարգացմանը, այլ ոչ թե սեփականացում։ Նաև մենք հայտնում ենք մեր վրդովմունքը և զարմանքը այն կապակցությամբ, որ նախագիծը ներկայացվել է հրապարակային քննարկման՝ առանց ոլորտի նախնական ներգրավման և համատեղ մշակման։ Նախագիծը մեզ ներկայացվել է արդեն պատրաստ ձևով՝ e-draft հարթակում հրապարակման միջոցով, և որևէ ներառական քննարկում մասնագիտական դաշտի հետ մինչ այդ չի կազմակերպվել։ Սա ստեղծում է խոր անվստահություն և բացառում է մասնագիտական մասնակցության սկզբունքը, հատկապես հաշվի առնելով նախագծի բնույթը։ Կրկին անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը ներգրավվելու համատեղ քննարկումների մեջ և առաջարկելու կառուցողական լուծումներ՝ ոլորտին չվնասող, զարգացմանն աջակցող և մրցակցային միջավայր ապահովող օրենսդրական մեխանիզմներ մշակելու նպատակով։ Մենք հավատում ենք, որ կառուցողական երկխոսությունն այս փուլում կենսական անհրաժեշտություն է, կխնայի մեր բոլորի ապագա ժամանակը, և համոզված ենք, որ նման հարցերը պետք է լուծվեն փոխադարձ հարգանքի և համագործակցության միջոցով՝ ի օգուտ պետությանը, որի քաղաքացիներն ու արտադրողներն ենք մենք»:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 71

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: