Ամփոփվեց «Ֆրեսկո» 12-րդ փառատոնը

Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 6-ը Երևանում և մարզերում կայացած «Ֆրեսկո» միջազգային ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն օրերս ամփոփեց աշխատանքը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնը միավորել էր տարբեր երկրներն ու մշակույթները: Նպատակ ունենալով խթանել մշակութային երկխոսությունն ու համամարդկային արժեքների պահպանումը՝ փառատոնը հավատարիմ է իր ռազմավարությանը, այն է՝ իր նպաստը հոգևոր թեմաներով կինեմատոգրաֆի զարգացմանը։ Փառատոնը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ: Օոստոսի 18-ից սեպտեմբերի 6-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում անցկացվող փառատոնի ծրագրում ընդգրկված էին 35 երկրից ներկայացված 52 միջազգային ֆիլմեր, համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ և վարպետության դասեր։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կազմակերպվել է ներառական մշակութային ճամբար՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, որին մասնակցեցին դաշնակահար Լևոն Կարապետյանը, Հայաստանի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, «Զալյան վոյս ստուդիան» և Ժեստերի երգչախումբը:
Ըստ Աբովյանի համայնքապետարանի հայտնած տվյալների՝ երեք օր անընդմեջ համայնքի բնակիչներին հնարավորություն էր ընձեռվել «Ֆրեսկո 2025» միջոցառման շրջանակում վայելել որակյալ համերգներ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, «Զալյան վոյս» ստուդիայի և ժեստերի երգչախմբի, դաշնակահար Լևոն Կարապետյանի, Ազգային նվագարանների պետական նվագախմբի, «Էմփիրեյ» ռոք խմբի մասնակցությամբ: Այս տարի փառատոնի ծրագրում ներառված 52 ֆիլմերից 12-ն էլ ցուցադրվել են Աբովյան քաղաքում համերգային ծրագրերի ավարտին: «Ֆրեսկո»-ն հոգևոր արժեքները, ներառականության գաղափարն ու միջմշակութային երկխոսությունը խթանող միջազգային փառատոն է, որն Աբովյան համայնքում առաջին անգամ էր կազմակերպվում համայնքապետարանի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությամբ:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոյի խոսքով՝ այս տարի ունեցել են ավելի քան 4000 հայտ 100 երկրից, բայց ընտրվել են 52-ը: Տարբերվում են հատկապես փառատոնի ֆիլմերի անվանակարգերը, օրինակ «Լավագույն սեր», «Լավագույն հույս», «Լավագույն հավատ», «Լավագույն խաղաղություն»: Իսկ ժյուրիի կազմը ևս հետաքրքիր է, կան և՛ սոցիալական աշխատողներ, և՛ ֆիլմարտադրող հայտնի դեմքեր, և՛ սկսնակ մասնագետներ:
«Ֆրեսկո» 2025 արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 12-րդ փառատոնի մրցանակակիրներն են՝
Լավագույն ուղերձ Խաղաղության
Ամբողջական Հիշողություն (Լյուքսեմբուրգ), Հաջ Կասեմ Մազեն:
Լավագույն ուղերձ Մաքուր մոլորակ
Անկայունացման երգը (Թայվան), Հաե Շեն Չիհ:
Լավագույն ուղերձ Ընտանեկան արժեքներ
Թաիֆ (Իրաք), Մեյթեմ Հաշեմ:
Լավագույն ուղերձ Կանայք և իրենց ուժը
Կանաչ խխունջների մայրամուտը (Իրան), Մոհամմադ Հասանի:
Լավագույն ուղերձ Մեր օրերի հերոսը
Սիլվենը Թեղուտից (Հայաստան), Արտակ Հարությունյան:
Լավագույն ուղերձ Սեր
Բարև (Հայաստան), Արսեն Արաքելյան:
Լավագույն ուղերձ Մենք բոլորս նույն կավից ենք
Բեուլա (Հնդկաստան), Բ. Սուրեշ Կումար:
Լավագույն ուղերձ Մայրության
Մայր (Լեհաստան), Սեբաստիան Կվինցինսկի:
Մայրեր և երեխաներ (Ռուսաստան), Յուլիա Բիբա:
Լավագույն ուղերձ Հույսի
Կարանտինային փրկագին (Իրան), Դորաբադի Բահար:
Լավագույն ուղերձ Քաջության
Լույսեր (Չեխիա), Ջիտկա Նեմիկինսովա:
Լավագույն ուղերձ Մարդասիրության
Սև և Սպիտակ (Հայաստան, Ռուսաստան), Միքայել Նազարենկո:
Լավագույն ուղերձ Երկխոսություն հոգու հետ
Դիմանկար (Ռուսաստան), Նատալյա Վիշնևա:
«Ֆրեսկո» միջազգային ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը (Fresco International Festival of Modern Art and Spiritual Films) ստեղծվել է Երևանում 2014 թվականին և այսօր արդեն համարվում է Հայաստանի մշակութային կյանքի առանձնահատուկ իրադարձություններից մեկը։ Փառատոնի հիմնական առաքելությունն է համադրել ժամանակակից արվեստը և հոգևոր թեմաներով կինեմատոգրաֆը։
Այն ձգտում է ստեղծել երկխոսություն հասարակության տարբեր շերտերի, արվեստագետների և հավատքի կրողների միջև՝ խթանելով համընդհանուր արժեքները՝ հավատ, սեր, հույս, խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն։ Փառատոնը բաց է ոչ միայն կինոյի, այլև երաժշտական և թատերական հանրային քննարկումների առջև, որտեղ արվեստը ներկայացվում է իբրև սոցիալական փոփոխությունների գործիք։
Փառատոնը նաև ճամփորդում է մարզերում: Ֆիլմերի ցուցադրությունները, քննարկումները և համերգները կազմակերպվում են Հայաստանի տարբեր քաղաքներում, որպեսզի մշակութային կյանքը հասանելի լինի ոչ միայն Երևանում։
Փառատոնին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ֆիլմեր և արվեստագետներ։ Տարիների ընթացքում ներկայացվել են ֆիլմեր Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից, ինչպես նաև հարևան երկրներից։ Ժյուրին կազմված է միջազգային մասնագետներից՝ ռեժիսորներ, արվեստաբաններ, հոգևորականներ, մշակութային և հասարակական գործիչներ։ «Ֆրեսկո»-ն տարբերվում է նրանով, որ ավանդական փառատոնային ֆորմատին զուգահեռ այն ունի համայնքային, հասարակական ուղղվածություն, որտեղ արվեստը ներկայացվում է ոչ թե միայն որպես գեղագիտական հաճույք, այլ որպես հոգևոր ու հասարակական երկխոսության միջոց։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 61