Նկարիչների միությունում նշվեց նկարիչների միջազգային օրը

Դեկտեմբերի 8-ին նշվում է նկարիչների միջազգային օրը։ Նկարչի միջազգային օրը սահմանվել է համեմատաբար վերջերս՝ 2000-ականների սկզբին: Նախաձեռնողները ամերիկացի նկարիչներն էին, որոնք ցանկանում էին հանրության ուշադրությունը հրավիրել կերպարվեստի կարևորության և ստեղծագործողների դերի վրա հասարակության մշակութային կյանքում: Ամսաթվի ընտրությունն էլ սակայն պատահական չէ։ Դեկտեմբերի 8-ը  հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի ծննդյան օրն է, որի աշխատանքը բարձրագույն հմտության և մնայուն գեղարվեստական արժեքի խորհրդանիշ է:

Salon 2025 3

Աշխարհի տարբեր երկրներում տոնն ազդարարվում է մի շարք միջոցառումներով։ Կազմակերպվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ և մրցանակաբաշխություններ։ Տոնը նպատակ ունի արժևորելու նկարիչների ունեցած մեծ դերը, որոնք ոչ միայն ստեղծագործությունների հեղինակներ են, այլև դառնում են արվեստի ձայնը փոխանցողները` հասարակական, սոցիալական մի շարք գործընթացներում։

Նկարիչների միջազգային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Սալոն 2025» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցում են ՀՆՄ անդամները։ Գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ և դեկորատիվ-կիրառական արվեստ, ոճական բազմազանությունն ապահովում են Նկարիչների Միության տարբեր սերունդների անդամները։

Salon 2025 4

Կերպարվեստի ոլորտի ներկայացուցիչներին, ՀՆՄ անդամներին, արվեստասերներին ուղերձ հղեց Հայաստանի Նկարիչների Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

«Հայաստանի Նկարիչների Միությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Նկարչի միջազգային օրվա առթիվ։ Այս օրը շնորհակալության և գնահատանքի խորհրդանիշ է բոլոր նրանց համար, ովքեր իրենց տաղանդով, նուրբ զգացողությամբ և անսպառ նվիրումով ձևավորում են մեր ազգային մշակույթի դեմքը, հարստացնում մարդկային հոգևոր աշխարհը և լուսավորում իրականությունը գույներով ու գաղափարներով։

Նկարչի ստեղծագործությունը ժամանակի հայելին է․ այն վկայում է մարդու ներաշխարհի, դարաշրջանի ու ազգի ճակատագրի մասին։ Ձեր յուրաքանչյուր ստեղծագործությամբ դուք նոր շունչ եք հաղորդում մշակույթին՝ պահպանելով մեր գեղարվեստական ավանդույթները և միաժամանակ բացելով նոր հորիզոններ։Թող Նկարչի օրը լինի նոր ներշնչանքի, ճանաչման և համախմբման առիթ։ Մաղթում ենք անսպառ ստեղծագործական ոգի, առողջություն և նոր հաղթանակներ արվեստի դաշտում»։

Salon 2025 2

Ցուցահանդեսի բացմանը շնորհավորելով բոլոր նկարիչներին մասնագիտական տոնի առթիվ` միության նախագահն ասաց, որ վերանորոգվել ու վերազինվել է Արա Սարգսյանի անվան ցուցասրահը։ «Սալոն 2025»-ի նախապատրաստական աշխատանքներն էլ հետաքրքիր ընթացք են ստացել։ Նկարիչները համախմբվել են և իրենց սեփական ուժերով և սեղմ  ժամկետներում  կարողացել են կարգի բերել ցուցասրահն ու  պատրաստվել «Սալոն 2025»-ին։ 

Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ փաստեց, որ ցուցասրահում ներկայացված է մեր ստեղծագործական ներուժը՝ սկսնակ և փորձառու նկարիչների աշխատանքներ, որոնք աշխատում են տարբեր ոճերում և ցույց տալիս, թե ինչ նկարչական արվեստ ու հզոր մշակույթ կա Հայաստանում։

Salon 2025 5

«Հայաստանի նկարիչների աշխատանքները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային հարթակներում։ Նախարարությունն այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել։ Ամիսներ անց մենք կունենանք աճուրդի տուն, որտեղ ցանկացած արվեստագետ կարող է իր գործն աճուրդի միջոցով վաճառել։ Այն կհամագործակցի աշխարհի լավագույն աճուրդի տների հետ, որպեսզի հնարավոր լինի կապ ապահովել Հայաստանի և արտերկրի միջև։ Նախատեսում ենք առավել ուժեղացնել մեր կուրատորական դպրոցը, որպեսզի համադրողները կարողանան օգնել մեր արվեստագետներին իրենց աշխատանքների հանրահռչակման գործում»,- ասում է Դանիել Դանիելյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը։ 

Ալմաստ Մուրադյան

Լուսանկարները` Արմենպրեսի

  • Created on .
  • Hits: 96

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: