Նոր տարին՝ երաժշտության ուղեկցությամբ. Ինչպիսի՞ համերգներ են պատրաստել մշակութային օջախները
Տարվա ամենասպասված տոնը՝ Նոր տարին, մշտապես մեզ այցելում է որպես սրտի նուրբ թրթիռ՝ նոր սկզբի, նոր ակնկալիքների ու փոքրիկ հրաշքների զգացումով: Տոնական լույսերի փայլը, ձյան փաթիլները և տոնական տրամադրությունն էլ ձևավորում են այն մթնոլորտը, որտեղ յուրաքանչյուրս ավելի զգայուն ենք դառնում վառ հույզերի նկատմամբ: Հենց այստեղ է, որ դասական արվեստն ու երաժշտությունը մտնում են խաղի մեջ՝ դարձնելով Նոր տարվա մոգական ուժն ավելի հուզիչ և ավելի խորը: Սիմֆոնիաների մեղեդիները, կոնցերտների վառ ու ճշգրիտ ելևէջները, դաշնամուրի և ջութակի նուրբ նվագակցությունը ստեղծում են մի աշխարհ, որտեղ անցյալը հանդիպում է ներկային, արվեստը՝ հրաշքներին, և յուրաքանչյուր լար ու նոտա դառնում է տոնական մթնոլորտի անբաժանելի մասնիկը: Նոր տարվա երեկոները դասական երաժշտության միջոցով մեզ հիշեցնում են, որ տոնը ոչ միայն օրացույցային տարվա փոփոխություն է, այլև մշակութային, հոգևոր և զգայական կարևոր իրադարձություն: Այստեղ է, որ տոնական լույսերով պատված համերգասրահները սկսում են պատմել իրենց տոնական պատմությունները: Այս Նոր տարի ևս մայրաքաղաքի համերգասրահներում կհնչեն բոլոր ժամանակների սիրելի դասական ստեղծագործությունները՝ Չայկովսկու ջերմ ու հուզիչ նոտաներից մինչև Բեթհովենի սիմֆոնիաները և արդեն սիրված դարձած, ժամանակակից Սուրբծննդյան և ամանորյա ստեղծագործություններ: Առաջարկում ենք ծանոթանալ առաջիկայում սպասվող համերգային ծրագրերին, մասնակիցը դառնալ և վայելել Ամանորի բարձր տրամադրությունը՝ դասական երաժշտության ստեղծագործությունների ներքո:
Սիմֆոնիկ նվագախումբը կամփոփի «Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ» համերգով: Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհնչեն նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, սիրված ամանորյա ու սուրբծննդյան մեղեդիներ` ջազային մշակմամբ։ Տոմսերը ստորև` https://shorturl.at/uBSWC
Սուրբ Ծննդյան հրաշքին բնորոշ մեղեդիներով կզարդարվի նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Դեկտեմբերի 25-ին հանդես կգան հադիսատեսի կողմից սիրված բրիտանացի երգիչ Մարվին Մուոնեկեն և հայ անվանի ջազմենները: «Christmas with Marvin» համերգին սպասվում է իրական երաժշտական տոն: Համերգին մասնակցում են՝ Մարվին Մուոնեկեն՝ վոկալ, Խաչիկ Սահակյանը՝ դաշնամուր, Նիկողայոս Վարդանյանը՝ կոնտրաբաս, Դավիթ Մելքոնյանը՝ սաքսոֆոն, Արման Մնացականյանը՝ հարվածային գործիքներ: Տոմսերը ստորև՝ khachaturianhall.am
Պատանիների և մեծահասակների կողմից սիրված «Տանը մենակ» ֆիլմի սիրահարներին ևս անակնկալ է սպասվում: Ֆիլմի գլխավոր հերոս Քեվինը իր արկածներով կլցնի «Արամ Խաչատրյան» համերգասրահը դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին: Տոմսերն առցանց՝ https://khachaturianhall.am/am/orchestra/event/0910d4a3-47f7-4b32-bfd3-3c8e3b7bad3d

Փոքրիկների համար էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստել է «Տոնական մուլտֆիլմ» ծրագիրը՝ դեկտեմբերի 21-ին՝ 17:00-ին: Ծրագրում՝ «Մոանա», «Ջրահարսը», «Ինչպես ընտելացնել վիշապին», «Սառցե Սիրտը», «Գեղեցկուհին և Հրեշը», «Ռապունցել», «Մադագասկար», «Անաստասիա»: Մենակատարներ՝ Yan Girls՝ Նարե Ղազարյան, Անուշ Բադալյան, Եվա Աբրահամյան, Նատալի Պողոսյան, Էդգար Հակոբյան, Հասմիկ Լալայան, Էլեն Քալանթարյան: Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով: Գեղարվեստական ղեկավար և երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան, խմբավար՝ ԷմմաԱռաքելյան, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
100-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չէր կարող չանդրադառնալ նաև Չայկովսկու երաժշտությանը: Այս անգամ էլ այն կհավերժանա նոր ձևաչափով, որտեղ պրոեկցիաները ստեղծում են կախարդանք և յուրաքանչյուր նոտա տանում է դեպի մանկություն։ Հեքիաթասացը Լիլի Էլբակյանն է: Տոմսերը ձեռք բերեք առցանց՝
Դեկտեմբերի 16 ՝ https://shorturl.at/57DnP
Դեկտեմբերի 18՝ https://shorturl.at/1iEHR

Սուրբ Ծնունդին ընդառաջ էլ՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի և Կարեն Գրիգորյան տրիոյի «Սուրբ Ծնունդն արդեն այստեղ է» խորագրով տոնական համերգը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։ Կարեն Գրիգորյան տրիո. Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս, Հարութ Հարությունյան՝ հարվածային գործիքներ: Բոլոր մշակումներն արվել են հատուկ համերգի համար և կհնչեն առաջին անգամ։

Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի «…և մի անլուրջ համերգ» տարեվերջյան համերգը։ Խայտաբղետ խմբերգային կատարումները կներկայացնեն երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյանը, երգչախմբավարի օգնական Տաթևիկ Դանիելյանը, կոնցերտմայստեր՝ Կիմա Օհանյանը, մենակատարներ՝ Արամո Մամիկոնյանը (շեփոր, ակորդեոն), Աշոտ Մարգարյանըը (հարվածային գործիքներ), Սոնյա Ենգիբարյան (տավիղ), Վահագն Բաբլոյանը (կախոն)։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը։ Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, հանդիսատեսը կբացահայտի երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհն ամանորյա շնչով ու տրամադրությամբ։ Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։
Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։ Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19.00-ին էլ Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Կհնչի Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկ), «Կարապի լիճը» և «Քնած գեղեցկուհին» ստեղծագործությունների չքնաղ երաժշտությունը։ Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի սրտահունչ, գունեղ կատարման ուղեկցությամբ, չափազանց զգացմունքային և վիրտուոզ կատարման շնորհիվ Չայկովսկու հայտնի երաժշտական գանձերի ծանոթ կերպարները կենդանություն կստանան: Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը ներկայացնում է արդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումը: Համերգային ծրագրում. Պ.Ի. Չայկովսկի՝ «Տարվա եղանակները» (վերամշակում դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար). Ապրիլ, Հունիս, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր, Պ.Ի. Չայկովսկի՝ «Շչելկունչիկ» սյուիտ. Մարտ, Չինական պար, Տրեպակ, Փերի Դրաժեի պար, Ծաղիկների վալս, Պա-դե-դե (լարային քառյակ և դաշնամուր), Պ.Ի. Չայկովսկի՝ Մանկական ալբոմ․ Քաղցր անուրջ, Նեոպոլիտանական երգ, Պ.Ի. Չայկովսկի՝ Վալս «Քնած գեղեցկուհին» բալետից, Պ.Ի. Չայկովսկի՝ «Կարապի լիճը». տեսարան թիվ 14 (Մոդերատո), տեսարան թիվ 22 Նեապոլիտանական պար:

Արդեն 2026 թվականն էլ կարող եք ազդարարել «Ջազը հոգի է» համերգով: Բացառիկ հանդիպումը հնարավորություն կընձեռի վայելել հայտնի ջազմեն, երաժիշտ Գարի Քյոսայանի կատարումները հենց իր տանը: Երեկոյի ընթացքում կվայելեք Մաեստրոյի սուրբծննդյան հրաշալի կատարումները, պոեզիա, ունկնդիրը կդառնաք ջազի պատմությանը: Ինչպես նաև բացառիկ հնարավորություն կտրվի ունկնդրելու Հայաստանում միակ Hammond B 3 ջազ երգեհոնով կատարվող աննկարագրելի երաժշտությունը՝ կոմպոզիտորի նվագակցությամբ։ Երեկոյի հիանալի մթնոլորտն էլ կջերմացնի դերասանուհի և երգչուհի Ալլա Սահակյանը՝ իր հիասքանչ կատարումներով։ Ամրագրման համար կարող եք զանգահարել +374 98 95 33 70 հեռախոսահամարին:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 112