Հեքիաթների սիմվոլիկան՝ գիտաժողովի ծիրում
Մարդկության հնագույն պատումային ձևերից մեկը՝ հեքիաթը, դարեր շարունակ երբեք չի կորցրել արդիականությունը: Հեքիաթն ընկած է վաղագույն մշակույթի հիմքում, այն վերածվել է խորհրդանշական լեզվի: Հեքիաթի շնորհիվ հասարակությունը պատմում է իր վախերի, հույսերի և արժեքների ու առաջնահերթությունների մասին։ Թվացյալ պարզ կառուցվածքով այս ժանրը միահյուսում է իմաստային տարբեր խորը շերտերը, ավանդույթները, բանահյուսական մտածողությունն ու գրական ժառանգությունը: Հեքիաթային հերոսներն ու սյուժեները ձևավորվում են նույն մշակութային միջավայրում, որտեղ ծեսն ու առասպելը կարգավորում էին կյանքի ռիթմը։ Ճանապարհը դառնում է ինքնաճանաչման խորհրդանիշ, անտառը՝ անորոշության և փորձության տարածք, իսկ կախարդական միջամտությունը՝ անտեսանելի ուժերի ներկայության նշան։ Այս սիմվոլները չեն կորցնում իրենց կենսունակությունը նույնիսկ ժամանակակից ընթերցման մեջ, քանի որ դրանք խոսում են համամարդկային փորձի մասին։
Բանավոր ավանդույթից գրական դաշտ տեղափոխվելով՝ հեքիաթը չի հրաժարվում իր արմատներից: Այն հիշեցնում է մշակույթի շարունակականությունը, որտեղ հինը վերածնվում է նորի մեջ։ Հեքիաթների ժամանակակից մեկնությունները ցույց են տալիս, որ հեքիաթը փակ ժանր չէ, այլ բաց համակարգ՝ մշտապես վերաիմաստավորելով և մշակութային նոր շերտեր կլանեկով: Այս իմաստով հեքիաթը կարելի է դիտարկել ոչ միայն որպես մանկական ընթերցանություն, այլ որպես մշակութային հայելի, որտեղ արտացոլվում են հասարակության հոգևոր կառուցվածքը, պատմական հիշողությունը և արժեքային ընտրությունները։

Հայկական հեքիաթային ավանդույթը ևս ձևավորվել է պատմական փորձառության, հավատալիքների և գոյաբանական պայքարի խաչմերուկում։ Այն կրում է ժողովրդի կենսափիլիսոփայությունը՝ պայմանավորված լեռնային միջավայրով, պատմական ցնցումներով և գոյատևման մշտական անհրաժեշտությամբ։ Հատկանշական է, որ հայկական հեքիաթներում արդարությունը միշտ չէ, որ ձեռք է բերվում ուժի միջոցով։ Խոհեմությունը, համբերությունը և խոսքի ուժը հաճախ ավելի կարևոր են, քան ֆիզիկական գերազանցությունը։ Այս հանգամանքը հեքիաթը մոտեցնում է հայկական գրական մտածողությանը, որտեղ լեզուն և իմաստությունը հանդես են գալիս որպես գոյապահպանման հիմնական միջոցներ։ Այդպիսով հեքիաթը կամրջում է բանահյուսությունն ու գրականությունը՝ նախանշելով այն արժեքային համակարգը, որը հետագայում զարգանում է գրավոր մշակույթում։
Նման հիմնահարցերի շուրջ էին ընթանում քննարկումները՝ հեքիաթագիտական 15-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում: Մաշտոցյան Մատենադարանում դեկտեմբերի 26-27-ը ընթացող գիտաժողովի կազմակերպիչներն են Հովհ. Թումանյանի թանգարանը, Fabula Armeniaca ծրագիրը, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնը: Գիտաժողովն այս տարի «Բացահայտումներ հեքիաթի հանդերձարանում» խորագիրն ուներ: Թեմատիկայի առանցքն է հագուստի խորհրդաբանությունը հեքիաթում, հագուստի պոետիկան բանահյուսական և հեղինակային պատումներում։ Արդեն 15 տարի է՝ Թումանյանի թանգարանն անցկացնում է հեքիաթագիտական ամենամյա գիտաժողովը: Թանգարանն ունի համապատասխան մասնագիտացված բաժին։ Հեքիաթագիտության բաժինը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը։

«Գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ հեքիաթագիրներ, գիտնականներ, ինչպես նաև հյուրեր Էստոնիայի Տարտու քաղաքից՝ ֆոլկլորիստներ, հեքիաթի հագուստի պատմության մասնագետներ և դիզայներներ։ 2026 թվականին նախատեսվում է հրատարակել «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքի երրորդ հատորը․ տարին թանգարանի համար կլինի հրատարակչական։ Ծրագրվում է կատարելագործել նաև Հովհաննես Թումանյանի ստեղծած մանկական խաղերը դարձնել օնլայն և ներառել բջջային հավելվածներում, որպեսզի Թումանյանի թեմատիկ խաղերը հասանելի դառնան ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում»,- ասում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Էսթեր Խեմչյանն անդրադարձավ շատերին հայտնի թագավորի զգեստափոխության ֆենոմենին: Իսկ հիմնական միջավայրը Շաբասյան սյուժեներն էին: Թագավորի կամ պետական այրի զգեստափոխված շրջագայելու սովորությունը գալիս է վաղնջական շրջանից: Այդ սովորությունը կիրառում էին հատկապես արևելյան միապետները, որոնց մասին իրենց պատմություններում հաղորդել են նրանց կենսագիրները:
«Հասարակության տարբեր խմբերին բնորոշող և տարբերակող առանձնահատկություններից մեկը հագուստն է: Պատմական զարգացման ընթացքում հագուստը փոփոխություններ է կրել, սակայն որպես անհատի դասային պատկանելության ցուցիչ՝ պահպանել է իր նշանակությունը: Հագուստով կարելի էր որոշել անհատի դիրքը և դերը տվյալ հասարակության մեջ: Շատ հաճախ մարդուն հարգանք էին մատուցում՝ ըստ թանկարժեք հագուստի: Պատմավիպական բանահյուսական սյուժեներում հաճախ է հանդիպում ծպտվելու նպատակով թագավորի զգեստափոխության մոտիվը: Օրինակ՝ անքնությամբ տառապող Հարուն ալ Ռաշիդը վաճառականի հագուստով և հավատարիմ ուղեկիցներով թափառում էր Բաղդադի փողոցներում և արկածներ որոնում: Ի տարբերություն Հարուն ալ Ռաշիդի՝ Շահ Աբասի և Սուլթան Մուրադի զգեստափոխված շրջագայությունը նպատակ ուներ վեր հանել երկրի անցուդարձը, օրինազանցությունները, ճշմարտությունը ժողովրդի կենսակերպի մասին և այլն»,- ասում է Էսթեր Խեմչյանը:

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս Արմինե Դանիելյանն էլ հեքիաթը բերել է մեր օրեր: Զեկույցի հիմքում հագուստի գործառույթներն էին պատկերային տեքստերում:
«Այսօր հեքիաթի պատկերային մեկնությունների ահռելի ծավալը թույլ չի տալիս հեքիաթի տեսաբաններին անտեսել դրանք: Թեև դրանց համապատասխանությունը բնագրին այլ խնդիր է: Նորաձևության հարթության մեջ հեքիաթների՝ շատերին ծանոթ և բազմիցս հետազոտված բարոյախրատական շերտերից բացի, ոճաբանները հագուստի շուրջ կառուցում են նաև մի շարք խորհրդանշական պատկերներ. հանդերձանքը, անխոս, դառնում է սյուժեի զարգացման կարևոր բաղադրիչ: Այստեղ հագուստը լիիրավ իմաստակիր միավոր է: Հագուստ-նկարագրության առանձնահատկությունների՝ գործվածքների համադրության, արտառոց ձևվածքի, անսպասելի գունապնակի, հանդուգն ոճի շնորհիվ բոլորին քաջ ծանոթ տեքստը ստանում է նոր մեկնություն: Պատկերային տեքստի մեջ հագուստն իրականացնում է իրեն հատուկ բոլոր գործառույթները: Այն, նախևառաջ, կերպարաստեղծ հնար է. պահպանելով նորաձևության ոլորտում ձեռք բերած իր հատկությունները՝ զգեստը ստեղծում է հեքիաթային մի հերոսուհու, որի սոսկ արտաքին տեսքն արդեն իսկ բավարար է լուսանկարի կամ ցուցադրության հանդիսատեսին լիարժեք հաղորդագրություն փոխանցելու համար»,- պատմում է Արմինե Դանիելյանը:

Հետաքրքիր է, որ տարբեր ազգերի հեքիաթներ մի շարք նմանություններ ունեն: Դա վերաբերվում է նաև հերոսների հանդերձավորմանը: Պարսկական և հայկական հեքիաթներում առկա հանդերձավորման ընդհանրություններին անդրադարձավ Գառնիկ Գևորգյանը: Հազարամյակների ակտիվ փոխշփումները բնականաբար իրենց կնիքն են դրել հայոց և պարսից հոգևոր-մշակութային կյանքի վրա: Երկու ժողովրդի բանահյուսական երկերի հերոսների խառնվածքի, վարքագծի արժեհամակարգի և հանդերձավորման համընկնումների զգալի մասը սկիզբ է առնում վաղ հավատալիքային շերտերի, շրջակա միջավայրի, տոտեմական և առասպելական ընկալումների ընդհանրություններից:
«Տոտեմական շրջանի մնացուկներ են բուսեղեն հագուստի մեջ ծպտված հերոսների օրինակները, որոնք տեսնում ենք թե՛ հայկական, թե, պարսկական հեքիաթներում: Գրեթե ամբողջովին նույն սյուժեի կրկնության ականտեսն ենք հայկական
«Խիար խաթուն», «Տդում աղջիկ» և պարսկական «Դոխթար-եանար» «Նռան աղջիկ» ժողովրդական հեքիաթներում: Եթե հայկական հեքիաթներում աղջիկները դուրս են գալիս վարունգի և դդումի միջից, ապա պարսկականում՝ հերոսն իր հարսնացուին գտնում է նռնենու պտուղներում: Օձենի շապիկում է պատսպարված նաև «Օձ մանուկ, Վարթ մանուկ» հեքիաթի հերոսը, որն իր «երկվորյակներն» ունի իրանական հեքիաթներում: «Փադեշահ վա խայյաթ» (Արքան և դերձակը) հեքիաթում պատմվում է, թե ինչպես է արքան դերձակից պահանջում իր համար քարից հագուստ կարել: Դերձակին այս դժվար դրությունից փրկում է նրա հնարամիտ կրտսեր դուստրը»,-ասում է Գ. Գևորգյանը:

Իր ելույթում ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Թամար Հայրապետյանն էլ անդրադարձավ «Առատության եղջյուր» առասպելաբանական մոտիվի դրսևորումներին՝ հունական և հայկական մշակութային ավանդույթների համադրական դիտարկմամբ։ Զեկուցողը, վերլուծելով «Կարմիր կովի խեքյաթ» հեքիաթախմբի՝ Հայաստանի տարբեր պատմաազգագրական շրջաններից գրառված տարբերակները, բացահայտեց հանիրավի պատուհասված որբերին առատ սնունդ և շքեղ հանդերձներ պարգևող կենդանու ոսկորների, գլխի և եղջյուրների ծիսաառասպելաբանական ակունքները:
Երկօրյա գիտաժողովն ավարտվեց՝ ամփոփելով հեքիաթագիտության շուրջ ծավալված բազմակողմ քննարկումները: Այն ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ հեքիաթը շարունակում է մնալ որպես ժամանակակից մշակութային մտքի նախահիմք։ Զեկույցներն ու բանավեճերը ևս մեկ անգամ հաստատեցին, որ հեքիաթը ոչ միայն անցյալի ժառանգություն է, այլ ներկայում գործող խորհրդանշական համակարգ: Այն հնարավորություն է տալիս նորովի դիտարկել ավանդույթը, ինքնությունը և մշակութային շարունակականությունը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 145