Վերանորոգումից հետո Ազգային պատկերասրահն այցելուներին է ներկայանում նորովի
Վերափոխված, գունային ու տեխնոլոգիական լուծումներով ցուցասրահներ, լուսային, ջերմախոնավային բարեփոխված համակարգեր, միջազգային նախագծեր, նոր ցուցանմուշներ ու տարբեր նորամուծություններ: Սրանք ազգային պատկերասրահի ձեռբերումներից մի քանիսն են՝ վերջինիս արդիականացումից հետո:


«2020-2025 թվականներին Հայաստանի ազգային պատկերասրահը եղել է վերանորոգման և տրանսֆորմացման փուլում: Չնայած այն շատ բարդ է եղել, այնուամենայնիվ ազգային պատկերասրահը այս ընթացքում գրեթե երբեք փակ չի եղել»,- թանգարանի ամբողջական վերաբացումից հետո կազմակերպված առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը:
«2025 թվականն աննախադեպ է եղել իր ցուցանիշներով: 2019 թվականին՝ մինչ թանգարանի վերանորոգումը, ունեցել ենք 45000 այցելու, 2025թ.-ին՝ վերանորոգումից հետո՝ 106000: Այսինքն՝ այցելուների թիվն աճել է շուրջ 2.5 անգամ: Սա անկախության շրջանի այցելությունների ամենամեծ թիվն է և, կարծում եմ, որ այն աճելու հսկայական պոտենցիալ ու միտում ունի»,- նշեց նա:


Այցելությունների այսպիսի աճը Մարինա Հակոբյանը կապում է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան թանգարանի ձևավորմամբ:
«Նախկինում թանգարանն ամբողջությամբ մեծ պատուհաններով էր, որոնցից լույսն ու արևը թափանցում էին ներս: Որպես միջավայր այն շատ հաճելի էր, բայց նկարների համար՝ աղետալի էր: Դրանք փակելու և ջերմախոնավային համակարգեր ներդնելու շնորհիվ այսօր այդ խնդիրն էլ լուծված է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասն այլևս չկա»:


Խոսելով թանգարանի կոնցեպտուալ փոփոխությունների մասին նա ասաց. «Ժամանակն է թելադրում փոփոխություն և դա չի նշանակում, որ ցուցադրության նախկին տարբերակը սխալ է եղել: Դա եղել է տեղին տվյալ ժամանակաշրջանի համար, բայց այսօր այն այլևս արդիական չէր: Այսօրվա մեր էքսպոզիցիան միտված է հայկական կերպարվեստի միջազգային դիրքավորմանը: Մեր նոր հայեցակարգով հայկական կերպարվեստը ներկայանում է որպես համաշխարհային կերպարվեստի լիիրավ բաժին, մինչդեռ նախկինում բաժանումն արվում էր՝ եվրոպական, ռուսական, հայկական: Եթե նախկինում էքսպոզիցիան ներկայացված էր մեծամասամբ հայտնի անունների շուրջ, օրինակ՝ Այվազովսկու, իտալական, ֆրանսիական դպրոցի, Սարյանի սրահ ունեինք, ապա այսօր, պահպանելով հիմնական սրահները, մենք փոխել ենք ընթացքը և հիմնական ցուցադրությունը գնում է ժամանակագրորեն դասավորված ուղղություններով, որը շատ կարևոր է: Այսինքն՝ թանգարանի այցելուն ծանոթանում է ոչ թե միայն խոշոր արվեստագետին, նկարչին, այլև ամբողջ համաշխարհային կերպարվեստի զարգացմանը և թե ինչ տեղ ունի այդ ամենի մեջ հայկական կերպարվեստը»:


Այսօր այցելուն հնարավորություն ունի տեսնելու հայ մեծանուն նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու, Հակոբ Կոջոյանի , Եղիշե Թադևոսյանի և այլոց ստեղծագործությունները: Ցուցադրված են նաև իտալական վերածննդի ու բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Ստրոցցիի, Գվերչինոյի, ռուսական ավանգարդի վարպետներ Կանդինսկու, Շագալի, Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական, քանդակային գլուխգործոցները:
42000 նմուշ ունեցող թանգարանն իր «Ոսկե ֆոնդից» հանել և մշտական ցուցադրության է ներկայացրել 400-ից ավելի նոր ցուցանմուշ, այդ թվում՝ ոսկերչական իրեր, գոտիներ, կահույք, զենք, սպասք և այլն: Դրանց զգալի մասը ներկայացվում է առաջին անգամ:


«Այս տարիների ընթացքում թանգարանն ունեցել է շուրջ 1700 վերականգնված ցուցանմուշ: Կերպարվեստի համար սա ահռելի թիվ է, որովհետև մի նմուշի վերականգնման համար երբեմն տարիներ են պահանջվում: Կարծում եմ՝ կհիշեք «Սալոմե»-ի պատմությունը: Այն շուրջ հինգ տարի ներկայացված չէր, որովհետև վերականգնման փուլում էր: Երբեմն մեկ նմուշի վերականգնման համար մեր մասնագետներն են վերապատրաստվում դրսում, կամ դրսից ենք մասնագետներ հրավիրում: Սա շատ մեծ աշխատանք է, որովհետև վերակագնող նկարչի աշխատանքը նման է բժշկի աշխատանքին: Մեկ սխալը կարող է զրկել ազգային, մշակութային արժեքից»,- նշեց Մարինա Հակոբյանը՝ ամփոփելով թանգարանի վերջին 5 տարվա գործունեությունը:
Այս ընթացքում ազգային պատկերասրահն ունեցել է միջազգային համագործակցություններ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հնդկաստանի մշակութային հեղինակավոր կառույցների հետ: Նախատեսվում է դրանք շարունակել նաև այս տարի:


Թանգարանն իրականացրել է նաև հրատարակչական, կրթական, ներառական ծրագրեր: Հիմնել թանգարանային «Արտբազիս» գրադարանը, սկիզբ դրել «Տարեգիրք»-ին, ցուցահանդեսների կատալոգների շարքի հրատարակմանը:
«2025թ-ին ձեռք է բերվել նաև Արշիլ Գորկու ստեղծագործություններից մեկը՝ աճուրդի միջոցով»,-հայտնեց թանգարանի տնօրենը:
Պատկերասրահի կողմից վերջին հնգամյակում Հայաստանում և արտերկրում իրականացվել է ավելի քան 300 ցուցահանդես, նորերը՝ առջևում են:
Մարջան Չոբանյան