Տեղի ունեցավ «ԿարդաLove» գրքի և կրթության փառատոնը
Տարվա ամենագրքառատ ամիսը՝ փետրվարը, ավանդաբար լի է գրական իրադարձություններով ու փառատոններով։ Տոնական միջոցառումներին է միանում նաև 2021 թվականին հիմնադրված «ԿարդաLove» հարթակը, որը ընթերցանության հանրահռչակման ակտիվ ջատագովներից է։ Առաջնորդվելով «Ապրիր կարդաLove, կարդա՝ կրթվիր» կարգախոսով՝ հարթակը կոչ է անում կարդալ և կրթվել։
2023 թվականից «ԿարդաLove» փառատոնը դարձել է հարթակի գեղեցիկ ավանդույթը։ Գրքի այս լայնամասշտաբ տոնին մասնակցում է ավելի քան 10.000 գրքասեր։ 2025 թվականին փառատոնը առաջին անգամ կազմակերպվեց նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ հասնելով Մոսկվա։

Այս տարի կայացավ արդեն 5-րդ հոբելյանական «ԿարդաLove» փառատոնը, որը ներկայացավ նոր ձևաչափով։ Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաև կրթական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ամենանորարար կրթական առաջարկները՝ 0-ից 100 տարեկանների համար։ Գրքերի լայնամասշտաբ ցուցահանդես-վաճառքը, ինչպես նաև գրական, կրթական և մշակութային միջոցառումները բազմաթիվ անակնկալներ էին պատրաստել ընթերցասերների համար։
«Մասնակիցները մեծ ոգևորությամբ գրքեր են ձեռք բերում։ Փառատոնը կազմակերպվում է Գրքի տոնին մոտ օրերին, ինչը ևս շատերին հնարավորություն է տալիս գրքեր գնել առավել մատչելի պայմաններով։ Այս տարի ունենք նորամուծություն․ գրքի վաճառքին և գրական միջոցառումներին զուգահեռ ներկայացված են նաև կրթական տաղավարներ, որտեղ ներգրավված են տարբեր կրթական կառույցներ՝ նախադպրոցական հաստատություններից մինչև համալսարաններ և թրեյնինգ կենտրոններ։ Առաջին տարվա համար շուրջ քսան կառույցի մասնակցությունը բավական լավ արդյունք է։

Ներկայացնում ենք նաև My Bookstore օնլայն գրախանութը, որն արդեն տասը տարվա գործունեություն ունի, համագործակցում է տարբեր հրատարակչությունների հետ և գրքերը ներկայացնում փառատոնների շրջանակում։ Այսօր, օրինակ, տեղի ունեցան «Զանգակ» և «ԴաՎինչի» հրատարակչությունների դետեկտիվ և մանկական գրքերի շնորհանդեսները»,- ասում է «ԿարդաLove» հարթակի մարքեթինգի պատասխանատու Սիմա Օհանյանը։
Գրքերի լայնամասշտաբ ցուցահանդես-վաճառքը համախմբել էր նաև հայտնի գրողներին ու գրքասերներին։ Գրքի խորհրդատուներն էին գրքասերներ Մհեր Արշակյանը, Աշոտ Ստեփանյանը, Հուսիկ Արան, Դավիթ Սամվելյանը, Դավիթ Մեջլումյանը, Սամվել Գևորգյանը, Թովմաս Առաքելյանը և Դավիթ Տոնոյանը։

Գրական քննարկմանը մասնակցում էին ժամանակակից հայ գրողներ Գուրգեն Խանջյանը, Գրիշ Սարդարյանը, Հովիկ Աֆյանը և Ջեսահը։ Ակսել Բակունցի կյանքի անհայտ և հուզիչ էջերը ներկայացրեց Հովիկ Չարխչյանը։ Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ նաև Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի նախաներկայացումը։
«Գրողների հետ մեր բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի։ Մեր բարեկամ գրողները մշտապես մեր կողքին են։ Այս տարի որպես գրքի խորհրդատուներ ներկա են Հուսիկ Արան և Մհեր Արշակյանը։ Բացի այդ, առանձին պանելային քննարկմամբ ներգրավել ենք նաև ժամանակակից գրողներին»,- հավելում է Սիմա Օհանյանը։

Կարևորելով նաև ժամանցային և ճանաչողական բաղադրիչները՝ փառատոնը հագեցած էր ինտելեկտուալ խաղերով, մասնագիտական կողմնորոշման սեմինարներով և մեդիա գործիչների հետ հանդիպումներով։ Համերգ-զրույցը վարեց Հայկ Պետրոսյանը, իսկ թատերականացված ընթերցանությունը ներկայացրեցրին Մանե Մխոյանն ու Հայկ Պետրոսյանը։ Փառատոնին ակտիվ մասնակցում են նաև աշակերտները, ինչը կարևոր նշանակություն ունի կրթական գործընթացին նպաստելու առումով:
«Փառատոնի շրջանակում հատկապես ոգևորիչ է, որ ուսուցիչները դիմում են՝ դասարաններով մասնակցելու համար։ Շատ ուրախալի է, երբ ուսուցիչներն իրենց աշակերտներին ներգրավում են նման գրական միջոցառումներում։ Տարվա ընթացքում կազմակերպում ենք նաև այլ գրական նախաձեռնություններ։ Օրինակ՝ նախորդ տարվա վերջից համագործակցություն ենք սկսել ՀՊՏՀ-ի հետ, որտեղ պարբերաբար անցկացվելու են հանդիպումներ գրողների և գրականագետների հետ։ Նման համագործակցությունները կարևոր են և կրելու են շարունակական բնույթ»,- ասում է Սիմա Օհանյանը։
Հարթակի կրթական կարևոր նախաձեռնություններից է նաև «Գրքարշավ»-ը։ Այն գրական թեմայով կազմակերպվող արշավների շարք է։ Յուրաքանչյուր արշավից առաջ ընտրվում է համապատասխան գիրք, որը մասնակիցները պետք է նախապես ընթերցեն։ Արշավի ընթացքում անցկացվում է նաև գրքի քննարկում։ Բնակավայրը ընտրվում է գրքի թեմատիկային համապատասխան՝ ներգրավելով նաև տեղի բնակիչներին և երիտասարդներին։
ԿարդաLove փառատոնում ներկայացված էին նաև կրթական տաղավարներ և կամավորական նախաձեռնություններ, որոնք ներկայացնում են իրենց հրատարակություններն ու նախագծերը։ Նման հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես է գալիս նաև «Հզոր Միտքը»-ը։ Հավատարիմ մնալով իր ռազմավարությանը՝ կարևորվում է մարզերի երեխաների ձայնն ու խնդիրները։ «Հզոր Միտքը» իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, որոնցից մեկը «Ճամփորդող գրքեր»-ն է։
«Այն յուրահատուկ մարզային գրադարան է, որի գրքերը շրջում են Հայաստանի տարբեր մարզերով։ Երիտասարդները, որոնք ցանկանում են գիրք կարդալ, ընտրում են իրենց ուզած գրքերը մեր տրամադրած ցանկից, և մենք դրանք ուղարկում ենք փոստային եղանակով։ Հետո նրանք գրքերը փոխանցում են մյուս մարզերի երիտասարդներին։ Այս կերպ ձեռք են բերում ոչ միայն գիրք, այլև մեկ ընկեր։ Բացի այդ, մենք իրականացնում ենք գրքայցեր՝ այցելում տարբեր մարզեր, անցկացնում գրքերի քննարկումներ, ազգային պարերի ուսուցում և այլ կրթական ու մշակութային միջոցառումներ»,- ասում է «Հզոր Մտքի» թիմակից Լուիզա Գալստյանը։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էին նաև Հայաստանի առաջատար կրթական հաստատությունները՝ նախակրթարաններ, մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ, թրեյնինգ կենտրոններ, լեզվի ուսուցման դպրոցներ, մասնագիտական վերապատրաստման կենտրոններ և այլ կրթական նախաձեռնություններ։ Դրանց թվում էր նաև «Բարձունք» կրթական շարժումը։
«Մեր հիմնական նպատակը մեր երկիրը լուսավորելն է։ Մեր թիրախային խումբը 5-25 տարեկանն է, և մենք ունենք 20-ամյա ռազմավարական պլան՝ կրթված հասարակություն ունենալու համար։ Օրինակ, իրականացվում է «Հայքի շառավիղներ» ծրագիրը՝ 16-25 տարեկան երիտասարդների համար։ Այն մշակված է Մեծ Հայքի շրջանների հիման վրա: Ազգային-քաղաքական դպրոցում ուսումնասիրվում են պատմություն, քաղաքական միտք, իրավունք, փիլիսոփայություն։ Հրատարակել ենք նաև «Արարատյան մարդը» գիրքը՝ Գագիկ Գինոսյանի մասին»,- ասում է «Բարձունք» կրթական շարժման ներկայացուցիչ Սոնա Վարդանյանը։
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ կազմակերպված ավանդական ցուցահանդես-վաճառքը ընթերցասերների համար դարձավ իսկական գրքային տոն․ տարբեր հրատարակչությունների գրքեր ներկայացված էին մինչև 50% զեղչով՝ հնարավորություն տալով համալրել անձնական գրադարանները և բացահայտել նոր հեղինակների։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց փառատոնի գլխավոր նպատակը՝ խթանել ընթերցանությունն ու գրքի հանդեպ սերը։
Ալմաստ Մուրադյան