Կոստան Զարյանը՝ «Արարատյան մարդը» ցուցահանդեսում
Այս տարի գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ Կոստան Զարյանի 141-ամյակը նշվեց յուրահատուկ ձևով՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացված բացառիկ «Արարատյան մարդը» ցուցահանդեսով։ Միջոցառումն այցելուներին հնարավորություն տվեց հանդիպել Զարյանին նոր, անսովոր տեսանկյունից՝ որպես ստեղծագործող նկարիչ, որի ներաշխարհն արտահայտվում է բազմաշերտ ու գունեղ ձևերով։ Առաջին անգամ ցուցադրվեց նաև Կոստան Զարյանի քաղաքային քանդակը, որը դարձավ միջոցառման մեկ այլ գեղարվեստական հենարան, համադրելով գրականությունն ու կերպարվեստը։ Միջոցառումը սկսվեց հյուրերի ընդունելությամբ և ողջույնի խոսքով, ապա ցուցադրվեց քանդակը:

«Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Զարյանական տարում հայ մեծ գրող, փիլիսոփա, մտածող արվեստաբան Կոստան Զարյանի ծննդյան օրը նշելը: Այն նաև առիթ է Կոստան Զարյանին նորովի բացահայտելու, իրենով ոգեշնչվելու, ինքներս մեզ ճանաչելու համար: Նպատակն է նաև նպաստել ինքնաճանաչողությանը, ազգային մշակույթի ամրապնդմանը և զարգացմանը՝ ներկայացնելով մշակութային արժեքներ բոլորին հասանելի ձևաչափով։ Կոստան Զարյանը ներկայացվում է գրականության, խոսքի, գույնի, ձայնի, պատկերի, երաժշտության միջոցով։ Կոստան Զարյան 140 նախագիծը մեկնարկել է նախորդ տարի այս օրը Հայաստանի Ազգային Պատկերասրահում՝ լայնամասշտաբ միջոցառմամբ: Այս մեկ տարվա ընթացքում մեկնարկել են տարբեր նախաձեռնություններ, որոնք նպաստել են Կոստան Զարյանի հանրահռչակմանը և ապահովել են հանրային ներգրավվածություն։ Մշակվել և վերականգնվել է Կոստան Զարյանի 25 րոպե տևողությամբ ձայնագրությունը իր իսկ բանաստեղծությունների ընթերցմամբ։ Նաև հրատարակվել է գրականություն»,- ասում է Կողբ հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Սոնա Վերդյանը:

Միջոցառումը բազմամարդ էր, ներկա էին մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, արվեստասերներ և Կոստան Զարյանի թոռը` Արա Զարյանը։
«Ստեղծվել է շատ հետաքրքիր մի մշակութային, ես կասեի Զարյանական միջավայր, որտեղ ներկայացված են Կոստան Զարյանի այն հատկությունները, մշակութային և այն գեղանկարչական հատկանիշները, որոնց մասին մինչև հիմա, իհարկե, քիչ է խոսվել, որովհետև հիմնականում շեշտը դրվել է նրա գրական ժառանգության վրա։ Իսկ այսօր մենք կկարողանանք տեսնել Կոստան Զարյանի մեկ այլ հետաքրքիր ունակություն, դա իր գեղանկարչական հատկանիշներն են»,- ասում է Արա Զարյանը։

Ցուցադրությունում ներկայացված են գրաֆիկական աշխատանքներ, արվեստի տարբեր տեսակներ են ընդգրկված՝ կերպարվեստ, գրաֆիկա, գրականություն, լուսանկարներ և պատմածքներ պետական և մասնավոր հավաքածուներից։ Համադրող Սարգիս Հովհաննիսյանի խոսքով՝ ցուցասրահում ամբողջությամբ ներկայացված արվեստի բազմաթիվ ձևերի բազմաթիվ ժանրերի համադրությունն է, որ տարածքը վերածում է միջդիսցիպլինար միջավայրի:
«Մեր գրական արժեքների փառավոր օրերից մեկն եմ համարում, քանի որ Կոստան Զարյանի ծննդյան տարեդարձի օրն է։ Եվ այս իրադարձությունների շարքը, որ հիմա գոյացել է Կոստան Զարյանի գրականության և անձի շուրջը, եղել է տարիներ շարունակ, մի տեսակ երկրորդ-երրորդ շարքում։ Եվ հիմա է, որ Կոստան Զարյանը այսպիսի հնչեղություն է ձեռք բերում։ Կողքի բակում էր ապրում այնտեղ, այսպես մեր կողքին ապրած մարդը նոր է բացվում, շատ զարմանալի է այս երևույթը։ Եվ սա այնքան ուրախացնող է»,- ասում նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ նաև Կոստան Զարյանին պատկերող «Նավը լեռան վրա» քանդակի ցուցադրությունը, որի հեղինակն է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը: Այն ժամանակավորապես տեղադրված է Աբովյան 13 հասցեում։ Մկրտիչ Մազմանյանը հուսով է, որ այս արձանը կընդունվի, դրան տեղ կհատկացվի և կդառնա Երևանի բնակիչ։ Վերջապես տուն կունենա մեծն, ահռելի հսկայական Կոստան Զարյանը:
«Բարի խոսքի հանճար է Կոստան Զարյանը, ինչպես նաև էսթետիկայի, ծավալների, ճարտարապետության, մարդկային մտքով ինչ-որ կանցնի Կոստան Զարյանը լցված էր այդ ամբողջ գիտությամբ, ամբողջ այդ տեսությամբ։ Կոստան Զարյանը հայ ամենամեծ գրողն է, նա համաշխարհային, տիեզերական գրող է։ Կոստան Զարյանի նման ոչ ոք Հայաստանը չի նկարագրել։ Ես Կոստան Զարյանին նկարագրել եմ որպես ձև, որպես քանդակային մտածողություն»,- ասաց Մկրտիչ Մազմանյանը:

Ըստ հրապարակախոս, լրագրող Արայիկ Մանուկյանի՝ բարեբախտաբար, աշխատանքը Կոստան Զարյան անչափելի անհատի զուտ անատոմիական մարմնի լավ կամ վատ քանդակումը չէ, այն ստեղծագործություն է, ուր կա հեղինակի ձեռագիրը, մտածողությունը, մոտեցումը, Կոստան Զարյանի մեծության հեղինակային ընկալումը։
«Կոստան Զարյանի քանդակն այն բացառիկ երևույթներից է վերջին տարիների երևանյան կյանքում, որ մահարձան չէ, գերեզմանաքար չէ, անատոմիական տգիտություն չէ։ Քանդակագործը՝ Մկրտիչ Մազմանյանը, ժամանակին աշակերտել է Արտո Չաքմաքչյանին, 60-ականներին բախտ է ունեցել տեսնելու Կոստան Զարյանին, շփվելու նրա հետ և կարողացել է գտնել Վարպետի ներքին զգացմունքային շերտերը, Կոստան Զարյան մեծ երևույթի հակասություններով ու բարդություններով լեցուն կյանքի խռովքը։ Որքան գիտեմ, քանդակը տեղադրվելու է այսօրվա նախատեղադրված վայրից մի քիչ վերև, Աբովյան փողոցի այն հատվածում, ուր ապրել է Կոստան Զարյանը, նրա որդին՝ Արմեն Զարյանը»,- նշում է Արայիկ Մանուկյանը:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կայացած «Արարատյան մարդը» ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն տվեց նորովի ծանոթանալու Կոստան Զարյանի ստեղծագործությանը։ Զարյանական տարին լեցուն է նաև բանախոսություններով, հանդիպումներով և կրթական ծրագրերով։ Բանախոսություններից մեկն էլ վարեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Զարյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործական առնչություններին:
«Կոստան Զարյանը հայ գրականությունը սկսեց բացահայտել օտար աշխարհից՝ ռուսերենից, ֆրանսերենից։ Եվ ի վերջո հանդիպեց Էմիլ Վերհարնին, որին ներկայացրեց իր բանաստեղծությունները։ Նա հարցրեց՝ ինչու՞ ես գրում ֆրանսերենով։ Մայրդ ի՞նչ լեզվով է աղոթում: Զարյանը պատասխանեց, որ մայրը աղոթում էր հայերեն, և պատասխան ստացավ՝ ուրեմն գրիր հայերեն:
Այս խորհրդով և օտար լեզվից դուրս գալով՝ Կոստան Զարյանը ամբողջությամբ դարձավ հայերենի գիտակ։ Նա մեկնել է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանների մոտ, և բնակվել այն խցում, որտեղ նախկինում ապրել և հայերեն էր սովորել Բայրոնը։ Այստեղ նա սովորեց հայերեն: Այնուհետև վերադարձավ Կ. Պոլիս և համախմբեց իր մտերիմներին՝ ասելով, որ պետք է ստեղծենք արվեստի մեծ գործ և հրատարակենք լավ ամսագիր։ Արդյունքում ծնվեց «Մեհյան» հանդեսը, որը լույս տեսավ 1914 թվականին։ Այն հրատարակվեց ընդամենը յոթ համար, որովհետև սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և գործը մնաց կիսատ։ Ժամանակին այդ յոթ համարները հավաքվեցին և առանձին գրքով տպագրվեցին։ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ միայն այս յոթ համարի մեջ ավելի շատ գրականություն կա, քան շատ ու շատ տարիների բազմաթիվ ամսագրերում, որտեղ գրականությունը հաճախ փոխարինվել էր այլ նյութերով՝ «գրական խոտաններով»»,- նշում է Դավիթ Գասպարյանը:
Զարյանական շունչն ամփոփվեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարումներով: Ցուցահանդեսը և միջոցառումները ևս մեկ անգամ թույլ տվեցին բացահայտել Կոստան Զարյանի բազմաշերտ անհատականությունը, գնահատել նրա արվեստն ու մտքի խորությունը և փոխանցել նրա արժեքները հաջորդ սերունդներին՝ որպես ոգեշնչման և մշակութային կրթության բացառիկ հնարավորություն:
Ալմաստ Մուրադյան