«Անծանոթ Բակունց»-ը՝ Հովիկ Չարխչյանի մեկնմամբ

Օրերս ԿարդաLove գրքի փառատոնի շրջանակում կայացավ հանդիպում սիրված գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ։ Նա փառատոնի հետ է դրա կայացման առաջին օրվանից և բանախոսել է նաև Մոսկվայում անցկացված ԿարդաLove-ի շրջանակում։ ԿարդաLove հարթակի նախաձեռնությամբ կազմակերպվող հանդիպումները արդեն դարձել են ավանդույթ․ դրանք հերթով բացահայտում են հայ գրողների կյանքի ու ստեղծագործական ուղու մութ ու չբացահայտված դրվագները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում էր Ակսել Բակունցը։

Եթե Ակսել Բակունց, ապա՝ սեր, մաքառում, պայքար, արժեքներ և, ցավոք, ողբերգական վախճան։ «Անծանոթ Բակունցը․ Սեր և լռություն» խորագրով բանախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցասերների, դպրոցականների, ուսուցիչների և գրադարանավարների շրջանում։ Գրողի կյանքի ծանր ու տխուր էջերը հատկապես գրավեցին երիտասարդների ուշադրությունը։
Չարխչյանի ներկայացմամբ՝ Բակունցի ընտանիքը ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Հայրն ու հորեղբայրը մեկնել էին Բաքու՝ նավթահոր գտնելու հույսով, սակայն անհաջողության մատնվելով՝ վերադարձել էին, և ընտանիքի վերջին միջոցներն էլ սպառվել էին։

«Շատ ծանր ժամանակներ էին, օրինակ՝ կարող ենք հանդիպել մամուլի էջերում, թե քանի երեխա էր մեկ շաբաթում մահացել։ Հիվանդություններ, համաճարակներ էին, իսկ Զանգեզուրը շատ կտրված էր Հայաստանից։ Զանգեզուրում հողագործությունը թույլ էր, և մշտապես սով էր։ Քաղցը տարիներ շարունակ հետապնդել է Բակունցին»,- ասում է Հովիկ Չարխչյանը։

Hovik Charkhchyan 3

Սարդարապատից հետո Բակունցը զորացրվում է։ Նա փորձում է աշխատանք գտնել, սկսում է թղթակցել թերթերին, ապա աշխատում է խորհրդարանում՝ որպես սղագրիչ։ Սակայն իր կյանքի ընթացքը փոխելու նրա մեծագույն ցանկությունը կապված էր կրթությունը շարունակելու հետ։ 1919 թվականի վերջին նա մեկնում է Թիֆլիս, ընդունվում գյուղատնտեսական ինստիտուտ և միաժամանակ դասավանդում որբանոցում։ Հետագայում որոշում է գնալ ավելի հեռու՝ հասնել Մոսկվա և այնտեղ շարունակել ուսումը։

«Քաղցած ու դատարկ գրպաններով Բակունցը գնում է Մոսկվա։ Գնացքներում թաքնվելով, բանակից մնացած կոշիկները վաճառելով և բոկոտն, քաղցած, անապագա հասավ Խարկովի կայարան։ Մեկ գիշեր քաղաքում թափառելուց հետո Բակունցը հանդիպեց հայ խանութպանին։ Ինչ-որ տեղում մի լույս բացվեց նրա կյանքում, դարձավ խանութի հաշվետարը, ապա ընդունվեց Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտ»,- Հ. Չարխչյան։

Խարկովում Բակունցը մտերմանում է հայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես մեծահարուստ ազնվական Լելեբեջյանների ընտանիքի հետ։ Նա աչքի է ընկնում հասարակության մեջ իր կրթությամբ և անձնական հմայքով։

«Դասավանդում է ընտանիքի ազգականներից մեկին՝ Աստղիկին։ Բակունցը սիրահարվում է, փոխադարձ սեր է եղել, իսկ հարազատները դեմ են եղել։ Սակայն ընտանիքի դիմադրության արդյունքում շփումները չեն շարունակվում։ Խարկովում էր ապրում նաև Նոր Նախիջևանից եկած կիրթ և բարի աղջիկ՝ Վարվառան։ Բակունցն առաջարկություն է անում, իսկ Վարվառան ասում է, որ ուսումը կիսատ է թողել և չի կարող նրա հետ գալ Հայաստան»,- Հ. Չարխչյան։

1923 թվականին Բակունցը վերադառնում է հայրենիք։ Նա կրթված էր և եկել էր ծառայելու իր երկրին, սակայն հայրենիքը պատրաստ չէր լիարժեք ընդունել նրան։ Որոշ ժամանակ դասավանդում է գյուղատնտեսական առարկաներ։ Այնուհետև հանդիպում է իր ազգակից Եղիա Բակունցին, որը պետական պաշտոն էր զբաղեցնում։

«Երկար զրույցից հետո Եղիա Բակունցն ասում է, որ իր քաղաքական կենսագրությամբ Բակունցը վտանգավոր անձ է համարվում և պետք է ծառայություն մատուցի՝ դաշնակցության լիկվիդացման համագումարը կազմակերպելով։ Ամիսներ անց Բակունցը նամակ է գրում Վարվառային՝ կոչ անելով գալ Երևան և ընդունվել համալսարան։ Հետո Բակունցն աշխատանքի է անցնում սերմնաբուծարանում։ Այդ օրերին Բակունցը նախարարի հետ հանդիպում է գյուղացիներին, և բոլորը հիանում են զանգեզուրցի գյուղատնտեսով։ 1924 թվականին նշանակվում է Զանգեզուրի գավառի գյուղատնտես։ Ապա ամուսնության առաջարկ է անում Վարվառային, ամուսնանում, գնում են Գորիս, և նա լծվում է ակտիվ գյուղատնտեսի աշխատանքի։ Սակայն Գորիսում տիրում էր թշվառությունը»,Հ. Չարխչյան։

Բակունցի կյանքի խորհրդավոր էջերից մեկը կապված է Ժենյա Գյուզալյանի անվան հետ։ «Ալպիական մանուշակ» պատմվածքը, որը հետագայում նվիրեց Չարենցի կնոջ՝ Արփենիկի հիշատակին, իրականում, նրա խոստովանությամբ, գրվել էր այլ կնոջ համար։ Պատմվածքի որոշ տողեր կարծես բացահայտում էին նրա սրտի գաղտնիքը։

«Ժենյան միջին հասակի, բարեկազմ էր, հագնվում էր շատ ճաշակով։ Սիրում էր ու ծանոթ էր գրականությանը։ Այս սերը գալիս էր նրա ընտանիքից, որտեղ առանձնակի վերաբերմունք կար արվեստների նկատմամբ։ Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսել է Հանրային գրադարանում, որն այն օրերին գտնվում էր քաղաքի Կուլտուրայի տանը, 1926 թվականին։ Նա Թբիլիսիից տեղափոխվել էր Երևան և ընդունվել համալսարանի պատմագրության ֆակուլտետ։ Բակունցի և Ժենյայի ծանոթությունը վերածվել էր մտերմության՝ պարուրված անթաքույց համակրանքով։ Ականատեսների վկայությամբ՝ առաջին ժամադրությունը կայացել է Աբովյան փողոցում, ներկայիս «Անի» հյուրանոցից փոքր-ինչ վերև։ Ժամանակին այնտեղ երեք հսկա բարդիներ էին կանգնած, իսկ դրանց դիմաց գտնվում էր նկարիչ Հակոբ Կոջոյանի արվեստանոցը։ Հենց այդ ծառերի տակ էլ զույգը հանդիպել է, քանի որ Ժենյան ապրում էր մոտերքում։ Ժենյան 1927 թվականին մեկնում է Լենինգրադ՝ ուսումը շարունակելու տեղի համալսարանի ազգագրության բաժնում։ Նրանց ջերմ նամակները, սակայն, շարունակվում էին։ Լենինգրադից Ժենյան վերադարձավ 1931 թվականին ու աշխատանքի ընդունվեց պատմության թանգարանում։ 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումում, և հիշատակված պատկերը հիշվում է «Ալպիական մանուշակում», Հ. Չարխչյան։

Տխուր, լիրիկական, մտամոլոր և ներքին պայքարներով լի՝ այսպիսին էին անծանոթ Ակսել Բակունցի կյանքի էջերը։ Ըստ Չարխչյանի՝ մի անտեսանելի օգնական ձեռք կարծես մշտապես ուղեկցել է նրան, որպեսզի չկոտրվի, չձախողվի, չհիասթափվի կյանքից։ Նրա ներսում կուտակված էին անսահման տպավորություններ ու պատկերացումներ, որոնք ելք էին փնտրում։ Եվ այդպես՝ գրողը արթնացավ նրա մեջ։

Ալմաստ Մուրադյան

235
Փետրվար 20, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: