Գրքի տոնը Հայաստանի Ազգային Գրադարանում

Երբ Երևանն ապրում է իր հերթական ակտիվ օրը, քաղաքի փոքր կենտրոնի խաղաղ ու գողտրիկ անկյունում իր սիրելի այցելուներին է ընդունում Հայաստանի Ազգային գրադարանը։ Իսկ իր ամենալուսավոր և սպասված օրերից մեկը գրադարանը ապրում է հենց Գրքի տոնին՝ վերածվելով մտքի, գրքի և ընթերցանության իրական տոնական հարթակի։
Աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցը հանդիսացող Հայաստանի Ազգային գրադարանը հիմնադրվել և պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականի հուլիսի 4-ին։ Այն Հայաստանի գլխավոր գրադարանն է՝ գիտակրթական, մշակութային և տեղեկատվական խոշոր հաստատություն, որը հավաքում, պահպանում և ընթերցողին է ներկայացնում տպագիր արտադրանքի տարբեր տեսակներ՝ ձևավորելով ազգային հիշողության հուսալի շտեմարան։

Տասնամյակների ընթացքում գրադարանն անցել է պատմական բարդ ճանապարհ՝ վերապրելով փոփոխություններ, գաղափարական շրջադարձեր և տեխնոլոգիական նորամուծություններ: Սակայն նրա հիմնական առաքելությունը մնացել է անփոփոխ՝ պահպանել, համակարգել և սերունդներին փոխանցել հայ և համաշխարհային գրավոր ժառանգությունը։ Տասնյակ հազարավոր հնատիպ գրքեր, մամուլի բացառիկ հավաքածուներ, ձեռագրեր և ժամանակակից հրատարակություններ այսօր ձևավորում են գիտելիքի այն հսկայական հենքը, որը սնուցում է թե՛ հետազոտողին, թե՛ ուսանողին, թե՛ պարզապես ընթերցասեր հասարակությանը։ Իսկ Գրքի տոնն այստեղ պարզապես միջոցառում չէ․ այն հիշեցում է, որ գիրքը շարունակում է մնալ հիմնասյուն, ազգային ինքնության պահպանման երաշխիք և մտածող հասարակության կարևորագույն գործոն։ Ազգային գրադարանը, լինելով ոչ միայն գրքային պահոց, այլև մշակութային ակտիվ հարթակ, իր դռներն է բացում նոր սերնդի առաջ՝ ապացուցելով, որ ընթերցանությունը ժամանակից դուրս արժեք է։ Գրքի տոնին հերթական անգամ գրադարանը շարունակեց պահպանել տոնական մթնոլորտն ու անակնկալները։

Grqi ton Azgayin gradaran 3

«Արդեն չորրորդ տարին է՝ ՀՀ նախագահի անունից Հայաստանի Ազգային գրադարանը և մարզային որոշ գրադարաններ գրքեր են նվեր ստանում։ Կազմակերպվում է հանդիսավոր միջոցառում, և գրքերը հանձնում ենք գրադարաններին։ Այս տարի 16 մարզային գրադարան և 3 դպրոցական գրադարան 50-ական միավոր գրականություն նվեր ստացան։ Դրանք նոր, ժամանակակից հրատարակություններ են։ Նախագահի աշխատակազմի ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի պետ Լիպարիտ Մելքոնյանը հանձնեց գրքերը։ Այս տարի նաև Ինեկոբանկի հետ ենք համագործակցում։ Ինեկոբանկն էլ Ազգային գրադարանին և Երևանի ու մարզերի մի քանի՝ 5 դպրոցական գրադարանների հանձնեց 40-ական միավոր գիրք։ Տոնական ծրագրի մի մասն էր նաև Թումանյանի ցուցադրությունը։ Գրադարանը պատրաստվում է տպագրել Հովհաննես Թումանյանի 1969 թվականի մատենագիտությունը, որը նվիրվելու է Թումանյանի ծննդյան 155-ամյակին։ Ներկայացրել ենք Թումանյանի օտարալեզու հրատարակությունները։ 45-ից ավելի լեզուներով է թարգմանվել Թումանյանը, մեզ մոտ ունենք 37 լեզուներով գրականություն, որը ցուցադրվելու է մինչև փետրվարի 25-ը։ Օրվա ընթացքում նաև շրջայցեր, ընթերցողների այցելություններ ունեցանք»,- ասում է Հայաստանի Ազգային գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։

Միջոցառման շրջանակում Ազգայինը նաև անակնկալներ էր պատրաստել իր ընթերցողների համար՝ թումանյանական շնչով։ Ընտրվել են նոր չինական թարգմանություններ՝ երիտասարդների նախասիրություններին համապատասխան։ Ընթերցասրահում էլ անակնկալ էր սպասում առաջին ընթերցողներին, իսկ գրադարանի մուտքի մոտ ընթերցողներին սպասում էր «Գրքանիվը»՝ նվեր գրքերով։

Grqi ton Azgayin gradaran 2

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհիներ Մանե Մելիքյանը և Լուսինե Օհանյանը Ազգային գրադարանի մշտական ընթերցողներից են։ Մանեն ասում է, որ, իհարկե, շատ հաճախ հնարավոր չէ գիրքը քեզ հետ ամեն տեղ տանել, և էլեկտրոնային տարբերակը հեշտ տարբերակ է, բայց կարծում է, որ յուրաքանչյուրը գոնե կյանքում մեկ անգամ պետք է լինի Ազգային գրադարանում՝ զգալու համար այդ յուրահատուկ միջավայրը և դառնալու այս յուրահատուկ ընտանիքի մի մասնիկը։ Մանեի խոսքով՝ դեռ դպրոցական տարիներից իր մոտ ձևավորվել է գիրք նվիրելու ավանդույթը։

«Այս տարի շատ գեղեցիկ ու ոգևորիչ էր Հայաստանի Ազգային գրադարանի անակնկալը՝ Գրքի տոնին։ Շատ մեծ սիրով դարձա գրքի տոնի մի մասը, շնորհակալ եմ անակնկալի համար։ Անհամբեր սպասում եմ նվերը բացելուն և գիրքը բացահայտելուն։ Ես գրադարանի ընթերցող եմ դարձել 2025 թվականի սեպտեմբերից։ Շաբաթական հինգ օր օրվա մի մասն անցկացնում եմ գրադարանում։ Ընթերցանության նկատմամբ սեր միշտ եմ ունեցել, անգամ ժանրային տարբերություններն ինձ համար նշանակություն չունեն։ Ինձ համար կարևոր է գիրքը շոշափելը, գրադարանի մոտիվացնող միջավայրում կարդալը։ Կարդում եմ և՛ մասնագիտական, և՛ գեղարվեստական գործեր։ Շատ կարևոր է հատկապես ընթերցանությունը Գրքի տոնին։ Այս պահին ուսումնասիրում եմ էպոսները և կարծում եմ, որ շատ կարևոր է այլ մշակույթներին, մարդկանց, վարքին ծանոթանալը։ Նոր դիտանկյունից եմ բացահայտել նաև փիլիսոփայությունը, մեզ մոտ՝ համալսարանում էլ ստանում ենք այնպիսի գիտելիքներ, որ հնարավոր չէ այլ տեղում ստանալ։ Մեր հասակակիցների շրջանակում արդի է հատկապես ժամանակակիցը, բայց ես, օրինակ, դասական գրականության սիրահար եմ»,- ասում է Մանե Մելիքյանը։

Grqi ton Azgayin gradaran 4

Լուսինե Օհանյանն էլ հավելում է, որ երիտասարդները հակված են ժամանակակից գրականություն ընթերցելու և առաջարկում է ընթերցել Աշոտ Աղաբաբյանի գործերը։

«Գրադարան հաճախում եմ Մանեի խորհրդով և նրա ուղեկցությամբ, և նաև ընկերներիս եմ խորհուրդ տվել այցելել։ Ազգային գրադարանը կրթվելու հիանալի միջավայր է և մեծ խորհուրդ ունի։ Այն հարմարավետ է նյութեր գտնելու տեսանկյունից։ Այստեղից կարողացել եմ գտնել բացառիկ գրքեր, որոնք միայն այստեղ կան։ Գրադարանը նաև հարմարավետ միջավայր է աշխատանքի համար»,- ասում է Լուսինե Օհանյանը։

Գրադարանը շարունակում է աշխատել նորամուծություններին և մարտահրավերներին համապատասխան։ Այն աշխատում է էլեկտրոնային շտեմարանների հարստացման ուղղությամբ, ընթանում են թվայնացման աշխատանքներ։ Թվայնացվում են և՛ մամուլը, և՛ գրքերը, դրանք նշաճանաչվում են։ Արվում է ամենը՝ ընթերցողի աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար։

Grqi ton Azgayin gradaran 5

«Հիմա շատ են կարդում ժամանակակից գրականություն, թարգմանական գրականություն։ Ամեն ամիս հրապարակում ենք ամենապահանջված 10 մասնագիտական և գեղարվեստական գրքերը՝ հիմնված գրքերի պատվերների վրա։ Շատ են օգտվում նաև բաժանորդագրման ծառայությունից»,- ասում է Հայաստանի Ազգային գրադարանի հանրային կապերի բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։

Այս ամենը վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին․ գրադարանը պարզապես շենք չէ և գրքերի պահոց չէ։ Այն կենդանի տարածք է, որտեղ սերունդները հանդիպում են միմյանց, որտեղ փորձառությունը փոխանցվում է ապագային, և որտեղ լռության մեջ ծնվում է մտածողություն։

Հայաստանի Ազգային գրադարանը շարունակում է մնալ այն հաստատուն հենարանը, որտեղ գիրքը ոչ միայն կարդացվում է, այլ ապրում է։ Իսկ քանի դեռ այստեղ բացվում են էջեր և հնչում է մտքի ձայնը, գրքի տոնը շարունակական է:

Ալմաստ Մուրադյան

163
Փետրվար 25, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: