Հովհաննես Թումանյան 157

Այս տարի լրացավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 157-ամյակը։ Հովհաննես Թումանյանի թանգարանը, հավատարիմ մնալով մեծ թումանյանական ավանդույթներին, ևս մեկ անգամ հիշարժան միջոցառումներով նշեց մեծ լոռեցու ծննդյան օրը։ Հովհաննես Թումանյանի թանգարանում տիրում էր ջերմ, տոնական մթնոլորտ։ Ուրախ մթնոլորտում գեղեցիկ անակնկալ էր սպասվում մանուկներին՝ «Գիրքը՝ հեքիաթասաց» հեքիաթի ժամով։ Հաջորդիվ ներկայացվեց Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի թվայնացված գրքերի կայքէջը։ Այն շատ կարևոր նախաձեռնություն է, որը միտված է Թումանյանի գրքային ժառանգությունն առավել հասանելի դարձնելուն և նպաստելու է ընթերցանության հանրահռչակմանը։

Hovhannes Tumanyan 157 4

Թումանյանագետները փաստում են, որ երբ Թումանյանը սկսել է հավաքել իր գրադարանը, ձեռքի տակ ուներ «Վերք Հայաստանին»-ը և «Հյուսիսափայլ»-ի մի քանի համարներ։ Նրա կենդանության օրոք գրադարանի գրքերի թիվը գերազանցել է 10 000-ը, որոնցից շուրջ 8 000-ը ներկայումս պահվում են թանգարանում։ Թումանյանի անձնական գրադարանը բանաստեղծի ժառանգության կարևորագույն մասն է կազմում և կենդանի վկայություն է գրողի՝ ընթերցանության հանդեպ տածած բացառիկ պաշտամունքի։ Թերևս այս հանգամանքով կարելի է բացատրել, որ, չնայած Թումանյանի կրթությունը թերի էր, նա ժամանակի ամենակիրթ, լայնախոհ ու բարձր ինտելեկտի տեր գործիչներից էր։

«Թումանյանը հավերժ է, նա շատ վաղ հասակում է բացահայտել անհունությունը։ Ինչպես ենք մենք այսօր ապրում՝ իրավիճակային, դիպվածային, իսկ ինքը դեռ 25 տարեկանում զգացել է և դիպել անհունությանը։ Դա է պատճառը, որ Թումանյանը բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների համար մատուցում է հեքիաթը և գրականությունը և գծում այն սահմանները, որին մենք այդպես էլ չենք մոտենում»,- ասում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։

Hovhannes Tumanyan 157 3

Թվայնացման գործընթացը շարունակական է լինելու։ Գրադարանի կառուցվածքը ներկայացվել է թանգարանի գիտաշխատողների՝ թումանյանագետների կողմից։

Հեղինակների խոսքով՝ Թումանյանն ինքն է որոշել, թե գրքերը ինչ սկզբունքով պետք է խմբավորել։ Արդյունքում ընթերցասերները կգտնեն Թումանյանի կողմից գնահատանքի արժանացած և իր գրադարանում տեղ գտած գրքերը, ինչպես նաև կկարողանան տեսնել և հետազոտել Թումանյանի գրքերի վրա նրա կատարած նշումները։ Թանգարանը նաև մեծ աշխատանք է կատարում սերվերային տարածքներ վարձակալելու ուղղությամբ, քանի որ հարուստ գրադարանի համար մեծ սերվերային տարածքներ են պահանջվելու։ Կայքում նաև հնարավորություն է տրվելու նվիրատվություն կատարելու։ Գրքերը բաժանվել են երեք ենթախմբի՝ երաժշտություն, ճարտարապետություն, կերպարվեստ։ Կան նաև բանահյուսության, բնական գիտությունների, հայ գրականության, գիտական գրականության, ընդհանուր պատմության, հայագիտության, հանրագիտարանների և մամուլի բաժիններ՝ համապատասխան ենթաբաժիններով։ Կայքի համապատասխան բաժիններում որոնումներ կատարելով՝ կարող ենք գտնել անհրաժեշտ գրքերը։

Hovhannes Tumanyan 157 5

«Կարծում եմ, որ Թումանյանը շատ կհավաներ այս կայքը, քանի որ շատ մեծ պրոֆեսիոնալիզմով, խանդավառությամբ, դավանանքի նման աշխատանք է կատարվել: Թումանյանը նաև շատ նշումներ է կատարել, և ամենաշատ նշումներն ու գրառումները Ամենայն հայոց բանաստեղծը կատարել է Շեքսպիրի գրքում։ Շատերը գիտեն, որ Թումանյանը շատ է սիրել Շեքսպիրին, և Վերնատանը Թումանյանը Շեքսպիրն էր։ Ամենապաշտամունքային վերաբերմունքը հենց Թումանյանն է ունեցել Շեքսպիրի նկատմամբ։ «Այս տարի մենք նաև որոշել ենք Շեքսպիր-Թումանյան երկխոսություն կազմակերպել, որպեսզի ցույց տանք մեր լուսավոր սերնդին, թե ինչպես է Թումանյանը կարողացել մոտենալ համաշխարհային այս հզոր գործչին»,-ասում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։

Hovhannes Tumanyan 157 2

Տոնական միջոցառումների շրջանակում կայացավ նաև «Կյանքը՝ գրքերեն» հանդիպումը՝ գրքի և ընթերցանության մասին, որը պետք է դառնա մշակութային շարունակականության ու հիշողության կարևոր ձև։ Ներկայացվեց նաև թանգարանի նոր ձեռքբերումը՝ Մամբրե Մատենճյանին ուղղված՝ Թումանյանի ձեռագրային հասցեագրումով օրինակը։ Թումանյանական օրվա ավարտին ցուցադրվեց նաև Սայաթ-Նովայի՝ 1852 թվականին հրատարակված «Երգեր» գիրքը՝ քամանչայի նվագակցությամբ:

Ալմաստ Մուրադյան

159
Փետրվար 25, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: