Էդուարդ Ու. Սայիդի «Արևելաբանության» հետքերով
«Արևելքը դարձել է մի պատկերացում, որը ծառայում է Արևմուտքի ինքնության հաստատմանը: Արևելքը Եվրոպայի կողմից ստեղծված գաղափար է: Իսկ Արևելքի և Արևմուտքի միջև գոյաբանական ու իմացաբանական տարբերության վրա հիմնված մտածողության ոճը Օրիենտալիզմն է»: Ահա այսպիսի դիտարկումներ է կատարում պաղեստինա-ամերիկացի գրականագետ, տեսաբան և հասարակական գործիչ Էդուարդ Ու. Սայիդը (1935-2003), որը համարվում է հետգաղութային (postcolonial) ուսումնասիրությունների հիմնադիրներից մեկը։ Իր նշանավոր «Օրիենտալիզմ»-ում կամ «Արևելաբանության» մեջ հեղինակը ձևակերպում է արևելքի և արևմտյան գիտելիքի հարաբերությունների վերաբերյալ մի նոր տեսական մոտեցում:
Աշխատությունը լույս է տեսել 1978 թվականին: «Արևելաբանություն»-ը համարվում է հետգաղութային ուսումնասիրությունների ոլորտի հիմնարար աշխատություն, որը մինչ օրս չի կորցրել արդիականությունը հումանիտար և քաղաքակրթական հետազոտությունների բնագավառում: Այս հայեցակարգը պետք է արմատապես փոխեր հումանիտար և սոցիալական գիտությունները։
Էդուարդ Ու. Սայիդը պնդում է, որ Արևելքը հաճախ չի ներկայացվել որպես ինքնուրույն պատմական և մշակութային իրականություն, այլ՝ որպես Արևմուտքի կողմից կառուցված գաղափարական պատկերացում, որը ծառայում է քաղաքական և մշակութային գերիշխանության ամրապնդմանը։
Ըստ նրա՝ Արևելքը դառնում է ոչ միայն աշխարհագրական, այլ նաև գաղափարական և մշակութային կառուցվածք։ Նա ցույց տվեց, որ «արևելագիտությունը» (oriental studies) չեզոք գիտություն չէ, այլ սերտորեն կապված է իշխանության հարաբերությունների հետ։ Այս մոտեցմամբ նա ներմուծեց հետգաղութային ուսումնասիրությունների (postcolonial studies) զարգացման կարևոր հիմքերից մեկը։
Այս աշխատանքը տարիներ շարունակ բացել է նոր գիտական հորիզոններ, որտեղ մշակույթը, լեզուն, գրականությունը և գիտական հենքը դիտարկվում են որպես քաղաքական ուժի ձևավորման գործիքներ։ Այն նաև փոխել է ոչ միայն արևելագիտության, այլ նաև պատմագիտության, մարդաբանության և գրականագիտության մոտեցումները՝ ստիպելով վերանայել Արևելքի վերաբերյալ ձևավորված ավանդական պատկերացումները։

«Արևելաբանություն»-ը, ինչպես նաև հեղինակի քննադատական մոտեցումը, մեծ ազդեցություն ունեցան ինչպես Եվրոպայի մտավոր դաշտի, այնպես էլ Արևելքի ինքնընկալման վրա։ Եվրոպայի համար այս աշխատությունը դարձավ ինքնաքննադատության կարևոր խթան։ Այն ստիպեց վերանայել գիտելիքի «չեզոքության» գաղափարը և գիտակցել, որ պատմականորեն ձևավորված բազմաթիվ գիտական դիսկուրսներ կապված են եղել գաղութատիրական քաղաքականության հետ։ Արևելագիտությունը այլևս չէր դիտարկվում միայն որպես գիտական ուսումնասիրություն, այլ նաև որպես իշխանության և ներկայացման համակարգ, որը մասնակցել է Արևելքի պատկերացման ձևավորմանը։ Սա Եվրոպայում առաջ բերեց գիտական մեթոդաբանության վերանայում և նոր՝ ավելի քննադատական հոսքերի ձևավորում հումանիտար գիտություններում։
Արևելքի համար Սայիդի գաղափարները ունեցան ինքնագիտակցության բարձրացման նշանակություն։ Դրանք հնարավորություն տվեցին վերաիմաստավորել սեփական պատմությունը և մշակույթը՝ ոչ թե արտաքին նկարագրությունների միջոցով, այլ սեփական ձայնով և փորձով։ Հատկապես հետգաղութային երկրներում այս մոտեցումը նպաստեց մշակութային ինքնության վերականգնման և քաղաքական ինքնորոշման գաղափարների ուժեղացմանը։
Օրերս գրքի մի շարք գաղափարներին անդրադարձ կատարվեց նաև Մայր բուհում: ԵՊՀ-ում տեղի ունեցավ նշանավոր գրականագետ, գրաքննադատ Էդուարդ Ու. Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակության քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի և «ԱՐԻ» գրականության հիմնադրամի համագործակցությամբ: Հիշեցնենք, որ Cultural-ն անդրադարձել է «Արևելաբանության» հայերեն թարգմանությանը, որը տպագրվել էր «Գալուստ Կիւլպէնկեան» թարգմանական մատենաշարում՝ Newmag հրատարակչության կողմից:
Քննարկման մոդերատորն էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտի ավագ մասնագետ, արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանը, խոսնակները՝ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. Հայկ Քոչարյանը, արաբագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Էլմասյանը, արաբագետ, լեզվաբան, բ.գ.թ. Սամվել Կարաբեկյանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտի ավագ մասնագետ, արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանն ասաց․
««Արևելաբանություն» գիրքը, որը 1970-ական թվականներին իսկական գրական-գիտական երկրաշարժ առաջացրեց, փոխեց հայացքներ և աշխարհընկալումներ։ Այն հսկայական փոփոխություններ բերեց Արևելքի ընկալման մեջ՝ գրականությունից մինչև մեդիա հետազոտություններ, պատմություն, պատմագիտական աշխատանքներ, բանասիրություն, տնտեսագիտություն և բազմաթիվ այլ ոլորտներ։
Սովորաբար այսպիսի գրքերը պատահաբար չեն գրվում։ Եվ եթե ծանոթանանք գրքին, կհասկանանք, թե ինչպիսի հսկայական օրինակներ և ինչ մեծածավալ սկզբնաղբյուրային նյութ է ուսումնասիրվել հեղինակի կողմից։ Ես կարծում եմ, որ արևելագիտությամբ և ընդհանրապես պատմական գիտություններով զբաղվող յուրաքանչյուր անհատի համար այս գիրքը սեղանի գիրք է»:

Ըստ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Էլմասյանի՝ Սայիդի քննադատությունը թույլ տվել Արևելքին խոսել սեփական անունից։
«Երկար ժամանակ Արևմուտքը ներկայացնում էր Արևելքը որպես էկզոտիկ և ժամանակից դուրս մի վայր՝ հիմնվելով «Հազար ու մի գիշերվա» պատկերների վրա: Սայիդի աշխատությամբ ձևավորվեց մի «դիմադրության գրականություն»։ Այն հնարավորություն տվեց արևելյան հեղինակներին խոսելու իրենց անունից, լինելու սուբյեկտ և կազմաքանդելու այն կարծրատիպերը, որոնք կային արևմտյան պատկերային համակարգում»,-ասաց Մարիամ Էլմասյանը:
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. Հայկ Քոչարյանն էլ փաստեց, որ «Օրիենտալիզմ»-ի շուրջ ձևավորվել են ինչպես համակիրների, այնպես էլ ընդդիմախոսների լայն շրջանակներ, սակայն ակնհայտ է, որ այդ աշխատությունը փոխեց հումանիտար գիտությունների լեզուն և Արևելքի ընկալման ձևերը։
«Իհարկե, այն փոխեց վերաբերմունքը արևելագիտության և հատկապես օրիենտալիզմի կոնցեպտի նկատմամբ։ Շատ ասպեկտներ ազդեցություն ունեցան, սակայն ամենակարևոր հանգամանքն այն էր, որ անգլո-սաքսոնական միջավայրում՝ 1970-ականների վերջից և 1980-ականների սկզբին, երբ այս տարածաշրջանում ընթանում էին բարդ քաղաքական ու գաղափարական գործընթացներ, հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվում էր օրիենտալ գիտակարգի նոր ընկալումը և միջազգային ակադեմիական դաշտում դրա վերաիմաստավորումը։ Այդ համատեքստում ձևավորվեցին մշակութաբանական կարևոր քննարկումներ։
Երբ խոսում ենք օրիենտալիզմի մասին, միանգամից հիշում ենք Սայիդին։ Սակայն պետք է հասկանալ, որ նա, առաջին հերթին, անգլիական գրականության մասնագետ էր և անմիջականորեն կապված չէր դասական արևելագիտության նեղ մասնագիտական դաշտի հետ։ Բայց նա փոխեց շատ բան, որովհետև առաջին անգամ հստակ ձևակերպվեց մի միտք՝ «բավական է մեզ նայեք վերևից»։
Նա կանգնեց և բարձրաձայնեց այն, ինչ երկար ժամանակ չէր ասվում արևմտյան ակադեմիական դիսկուրսում։ Իհարկե, նրա մոտեցումների շուրջ եղել են բազմաթիվ քննադատություններ, հակադրվող տեսակետներ և գիտական բանավեճեր»,-ասաց Հայկ Քոչարյանը:
Հետաքրքիր է, որ այս աշխատության ազդեցությունը չի սահմանափակվում միայն ակադեմիական դաշտով: Այն այսօր էլ դրսևորվում է ժամանակակից մեդիայի և հանրային պատկերացումների մեջ։ Թեև Սայիդի ուսումնասիրությունը վերաբերում էր 19-20-րդ դարերի արևելագիտությանը, նրա բացահայտած մեխանիզմները շարունակում են գործել ներկայիս մեդիա միջավայրում՝ նոր ձևերով։
Ժամանակակից լրատվամիջոցներում, ֆիլմերում և սոցիալական ցանցերում «Արևելքի» պատկերումը հաճախ շարունակում է կառուցվել պարզեցված և կարծրատիպային ձևերով։ Մերձավոր Արևելքը հաճախ ներկայացվում է բացառապես կոնֆլիկտների, կրոնական լարվածությունների կամ «էկզոտիկ» մշակութային պատկերների համատեքստում, ինչը հիշեցնում է Սայիդի նկարագրած այն գործընթացը, երբ Արևելքը ձևավորվում է ոչ թե իր բազմազան իրականությամբ, այլ արտաքին դիտողի ընտրովի պատկերացումներով: Արդյունքում ձևավորվում են կրճատված նարատիվներ, որոնք կրկնում են պատմական օրիենտալիստական տրամաբանությունը՝ «մենք» և «նրանք» բաժանման հիմքով։
Սայիդի գաղափարները այսօր նաև կիրառվում են մեդիա ուսումնասիրություններում, որտեղ վերլուծվում է, թե ինչպես են պատկերները, լեզուն և պատմությունները ձևավորում հանրային ընկալումները տարբեր տարածաշրջանների մասին։
Այսպիսով, «Արևելաբանության» գաղափարները մնում են արդիական՝ օգնելով քննադատորեն դիտարկել ոչ միայն պատմական գիտությունը, այլ նաև ժամանակակից մեդիան և գլոբալ տեղեկատվական հոսքերը։
Ալմաստ Մուրադյան