Արշիլ Գորկու աշխատանքը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) 20-րդ դարի համաշխարհային արվեստի առանցքային դեմքերից է, որի ստեղծագործական ժառանգությունը կարևոր հիմքեր է ձևավորել ամերիկյան մոդեռնիզմի և աբստրակտ էքսպրեսիոնիզմի զարգացման համար։ Նրա արվեստը առանձնանում է ներքին լարվածությամբ, հիշողության և ցավի խոր շերտերով, ինչպես նաև ձևի ու զգացողության միջև կառուցված յուրահատուկ հարաբերությամբ:

Չնայած Գորկին իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անցկացրել է ԱՄՆ-ում և հաճախ փորձել է խուսափել ազգային ինքնության ուղղակի ընդգծումներից, նրա արվեստում մշտապես զգացվում է հայկական մշակութային հիշողության ենթատեքստը։ Այդ պատճառով նա այսօր դիտվում է ոչ միայն որպես ամերիկյան մոդեռնիզմի կարևոր ներկայացուցիչ, այլ նաև որպես հայ արվեստի պատմության առանձնահատուկ և բազմաշերտ կերպար: Նրա ստեղծագործությունը միավորում է տեղային կենսափորձն ու համաշխարհային գեղարվեստական մտածողությունը։

Arshil Gorki 5

Առանձնահատուկ կարևորություն ունի «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսը, որը արդեն համարվում է որպես աննախադեպ իրադարձություն հայ մշակութային կյանքում։

ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական միջոցներով «Սոթբիս» աճուրդից ձեռք է բերել և Հայաստանի ազգային պատկերասրահին է փոխանցել Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը, որը ցուցադրության առանցքային նմուշն է: Աշխատանքը ձեռք է բերվել մոտ 31 մլն դրամով։ Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ «Անվերնագիր»-ը ներկայացված է եղել Լոնդոնի Sotheby’s աճուրդային տանը: 1944 թվականի գրաֆիկական աշխատանքի (թուղթ, մատիտ, 45.4 × 55.5 սմ) աճուրդի մեկնարկային գինը կազմել է 45,000 եվրո, իսկ ակնկալվող առավելագույն գինը՝ 70,000 եվրո։ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած աճուրդի ընթացքում աշխատանքը ՀՀ կառավարությունը ձեռք է բերել 30 978 000 դրամով։

Arshil Gorki 6

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը հուսով է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի Գորկու այլ աշխատանքներ ևս ձեռք բերել։ Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը Հայաստանի թանգարաններում գտնվող Գորկու միակ բնօրինակ աբստրակտ գործն է, նկարչի փոքրիկ գծանկարից զատ, որ  քույրը՝ Վարդուշն է 1977 թվականին նվիրել ՀԱՊ-ին։

«Գորկու տեղը համաշխարհային արվեստի պատմության մեջ անկյունաքարային է։ Նրա 40-ականների ցուցահանդեսներից մեկի ժամանակ աշխարհահռչակ  քննադատ, արվեստի տեսաբան Քլեմենտ Գրինբերգը հայտարարեց, որ Գորկին առաջին արվեստագետն է, որ ստեղծել է մաքուր ամերիկյան արվեստ։ Գորկին նախ կապվում է ամերիկյան ժամանակակից արվեստի զարգացման հետ։ Ես կպնդեի, որ նա հետևորդներ չի թողել, սեփական դպրոցը կամ շարժումը չի ստեղծել, քանի որ շատ շուտ է կյանքից հեռացել, բայց այն նոր լեզուն, որը նա կարողացավ կյանքի վերջին շրջանում ձևավորել, իսկապես մեծ ազդեցություն է ունեցել  համաշխարհային համբավ ունեցող արվեստագետների վրա»,- ասում է Վիգեն Գալստյանը:

Arshil Gorki 9

1940-ականների կեսերին արված պաստելային այս նկարն արտացոլում է Գորկու անհատական ոճի և թեմատիկայի կայացման սկիզբը՝ արվեստագետին բնորոշ գունային լուծումներով և ուրույն ձևախաղերով։

«Արշիլ Գորկու նոր աշխատանքի ձեռքբերումը Հայաստանի ազգային պատկերասրահի համար  բացառիկ երևույթ է, որովհետև Գորկու հասուն շրջանի աշխատանքների բացակայությունը մեզ թույլ չէր տալիս լիարժեք ներկայացնել 20-րդ դարի սփյուռքահայ արվեստի զարգացումն ու մոդեռն արվեստի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, որի նախակարապետն է Արշիլ Գորկին։ Սա թույլ է տալիս երկակի կերպով զարգացնել մեր հավաքածուն, ամրապնդել նրա  միջազգային կարգավիճակը»,- ասում է պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը:

Arshil Gorki 2

Ցուցահանդեսին առանձնահատուկ բնույթ հաղորդեցին նաև նորարարությունները՝ VR տեխնոլոգիաների միջոցով եռաչափ ճանապարհորդությունից մինչև Գորկու արվեստից ոգեշնչված նորաձևության ցուցադրություն։ Առաջին անգամ նաև ներկայացվեցին հայաստանյան և սփյուռքահայ այլ արվեստագետների մի շարք գործեր, որոնց վրա մեծ է եղել Արշիլ Գորկու ազդեցությունը: Նրանք են՝ Սեյրան Խաթլամաջյանը, Վիգեն Թադևոսյանը, Խորեն Տեր Հարությանը, Հենրի Էլիբեկյանը, Ռուբեն Ադալյանը, Վահե Հեքիմյանը, Մարտին Պետրոսյանը, Միքայել Հովհաննիսյանը, Էդուարդ Խարազյանը, Էդմոնդ Դեմիրճեանը, Աշոտ Հովհաննիսյանը:

«Այս ցուցահանդեսը կարևոր է նաև նրանով, որ փորձում է ներկայացնել, որ Գորկու արվեստի շարունակականությունն իր լիարժեք դրսևորմամբ հնարավոր է տեսնել հենց հայկական արվեստում։ Հետևորդներ թե՛ ոճական, թե՛ գաղափարական իմաստով տեսնում ենք հենց  հետպատերազմյան շրջանի հայկական արվեստում, հատկապես վերացական արվեստում: 1956 թվականին, երբ Հովհաննես Զարդարյանն առաջին անգամ Վենետիկի բիենալեում ծանոթանում է Գորկու աշխատանքներին ու սկսում է խոսել նրա մասին, Գորկու համբավը խորհրդահայ արվեստում՝ ընդհատակյա, ավանգարդային շրջանակներում սկսում է աճել»,-ասում է Վիգեն Գալստյանը:

Arshil Gorki 7

Հայաստանի ազգային պատկերասրահը հետաքրքրական կրթական ծրագիր է պատրաստել նաև պատանի արվեստասերների համար: «Արվեստ առանց սահմանների. Արշիլ Գորկի» ինտերակտիվ կրթական ծրագրի ընթացքում երեխաները կծանոթանան նկարչի կյանքի հետաքրքիր դրվագներին և կբացահայտեն նրա «Անվերնագիր» աբստրակտ ստեղծագործությունը՝ հավաքելով փազլի տեսքով: Այն հավաքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել մի շարք հարցերի. յուրաքանչյուր ճիշտ պատասխան կօգնի վերականգնել նկարի հատվածները և դրանք դասավորել ճիշտ հերթականությամբ։ Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները կստեղծեն իրենց աբստրակտ ստեղծագործությունները՝ ոգեշնչվելով Արշիլ Գորկու արվեստից։ Ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է 10-15 տարեկան երեխաների համար։

Arshil Gorki 8

Այսպիսով ցուցահանդեսի նշանակությունը բազմաշերտ է՝ թե՛ մշակութային, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ խորհրդանշական մակարդակներում։ Առաջին հերթին այն կարևոր քայլ է Հայաստանի պետական մշակութային քաղաքականության մեջ, քանի որ պետական մակարդակով միջազգային աճուրդային շուկայից արվեստի գործի ձեռքբերումը և դրա փոխանցումը Ազգային պատկերասրահին վկայում է երկրի ավելի ակտիվ ներգրավվածության մասին համաշխարհային արվեստի մրցակցային դաշտում։ Սա ոչ միայն ձեռքբերման գործողություն է, այլ նաև մշակութային ռազմավարության փոփոխության ցուցիչ: Ցուցահանդեսը նաև կարևոր դերակատարում ունի հայկական արվեստի պատմության վերաիմաստավորման տեսանկյունից։ Արշիլ Գորկու «Անվերնագիր» աշխատանքը հնարավորություն է տալիս նորովի դիտարկել նրա ստեղծագործական ժառանգությունը՝ այն որոշ իմաստով վերադարձնելով հայկական մշակութային միջավայր, որտեղ ձևավորվել են նրա պատկերային հիշողության և ստեղծագործական մտածողության առաջին շերտերը։ Սա նաև լրացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում առկա կարևոր բացերից մեկը: Բացի այդ՝ ցուցադրությունն ունի նաև միջազգային մշակութային կապերի ամրապնդման նշանակություն։ Այն Երևանը դարձնում է համաշխարհային արվեստի քննարկումների ավելի տեսանելի հարթակ՝ ընդգծելով Հայաստանի ներկայությունը ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ արվեստային քարտեզի վրա։ Ի վերջո, այս նախաձեռնությունը խորհրդանշում է վերադարձի և վերարժևորման գաղափարը՝ Արշիլ Գորկու արվեստը կրկին «հանդիպեցնելով» Երևանին և ստեղծելով երկխոսություն անցյալի, հիշողության և ժամանակակից մշակութային ինքնության միջև:

Ալմաստ Մուրադյան

128
Մայիս 09, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: