«Ժամանակի արտացոլանքը». անցյալի և ներկայի երկխոսությունը ժամանակակից արվեստում

Ռոզա Գիսլադոտիրը ժամանակակից իսլանդացի արվեստագետ է, որը հիմնականում աշխատում է քանդակի և ինստալյացիայի ոլորտում։ Նրա արվեստը ձևավորվել է ժամանակակից կոնցեպտուալ արվեստի, մինիմալիզմի և ճարտարապետական մտածողության ազդեցության ներքո։

Ստեղծագործություններում արվեստագետը ուսումնասիրում է նյութի, տարածության և հիշողության փոխհարաբերությունները՝ ցույց տալով, թե ինչպես կարող են առարկաները և կառուցվածքները կրել մշակութային ու պատմական իմաստներ։ Նրա գործերում հաճախ համադրվում են դասական արվեստին բնորոշ ձևերը և արդյունաբերական ժամանակակից նյութերը, ինչի արդյունքում ստեղծվում է անցյալի և ներկայի միջև յուրահատուկ երկխոսություն։

Ռոզա Գիսլադոտիրի արվեստի ոճը բնութագրվում է մինիմալիստական և կոնցեպտուալ մոտեցմամբ։ Նա օգտագործում է պարզ երկրաչափական ձևեր, տարածական կոմպոզիցիաներ և բազմաշերտ նյութական կառուցվածքներ, որոնց միջոցով ստեղծում է մտավոր ու զգայական փորձառություն։ Նրա քանդակներում հաճախ նկատվում են ավերակների, հնագիտական գտածոների կամ ապագայի քաղաքակրթության մնացորդների հիշեցնող մոտիվներ։ Արվեստագետը կիրառում է գիպս, բետոն, ալյումին, պլաստիկ և այլ նյութեր, որոնց միջոցով ուսումնասիրում է ժամանակակից հասարակության, հիշողության և մշակութային ժառանգության թեմաները։

Նրա արվեստի կարևոր առանձնահատկություններից են տարածության ակտիվ օգտագործումը, լույսի և ստվերի փոխազդեցությունը, ինչպես նաև դասականի և ժամանակակցի համադրությունը։ Դիտողը նրա ինստալյացիաներում դառնում է ստեղծագործության անմիջական մասնակից, քանի որ գործերը փոխվում են դիտման անկյունից և միջավայրից կախված։ Այս մոտեցումը նրա արվեստին հաղորդում է ոչ միայն գեղագիտական, այլև փիլիսոփայական բնույթ։ Արվեստագետի հայտնի նախագծերից են Come l'acqua come l'oro... և Medium of Matter ցուցահանդեսները, որտեղ նա անդրադարձել է նյութի «հիշողության», ճարտարապետական ձևերի և ժամանակի գաղափարին։ Այս գաղափարական ուղղության շարունակությունն է նաև մոտ օրերս սպասվող «Ժամանակի արտացոլանքը» խորագրով նրա նոր ցուցահանդեսի բացումը, որը կներկայացվի Երևանում։ Ցուցահանդեսը միավորելու է արվեստագետի ստեղծագործական հիմնական թեմաները՝ ժամանակ, հիշողություն, տարածություն և նյութականություն՝ վերածելով դրանք ժամանակակից քանդակային և տարածական փորձառության։ «Ժամանակի արտացոլանք»-ում կներկայացվի Ռոզա Գիսլադոտիրի արվեստին բնորոշ այն գաղափարը, ըստ որի արվեստը կարող է դառնալ անցյալի, ներկայի և ապագայի միջև երկխոսության յուրահատուկ տարածություն:

Jamanaki hayeli 2

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մայիսի 11-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում: Իսկ մինչ այդ կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ցուցահանդեսի մասին մանրամասներ հայտնեցին կազմակերպիչները: Մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ ունեցան «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը, ՀՀ-ում Իսլանդիայի Հանրապետության պատվո հյուպատոս Լևոն Հայրապետյանը, նկարչուհի Ռոզա Գիսլադոտիրը և Իսլանդիայի համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր Թորհալուր Էյթորսոնը:

Jamanaki hayeli 3

Ցուցահանդեսում տեղ են գտել 23 արվեստի գործեր, որոնք անդրադառնում են ժամանակի, շրջակա միջավայրի և ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։

«Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում պատմական իրադարձություն է ոչ միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի արվեստի կենտրոնի, այլև ամբողջ Հայաստանի մշակութային կյանքի համար։ Ռոզա Գիսլադոտիրը առաջին անգամ Հայաստան է այցելել 2014 թվականին՝ իր ամուսնու հետ։ Այսօր մեծ ուրախությամբ կրկին հյուրընկալում ենք նրանց Հայաստանում և պատրաստվում ներկայացնել արվեստագետի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Արդի արվեստի կենտրոնի բոլոր ցուցասրահներում, այսինքն՝ թանգարանի ամբողջ տարածքը ներկայացնելու է տիկին Գիսլադոտիրի արվեստը և ստեղծագործական աշխարհը՝ դառնալով նրա համար յուրատեսակ արվեստանոց։ Ցուցահանդեսի կարևորագույն բաղադրիչներից մեկն այն է, որ իսլանդացի արվեստագետը իր հինգ աշխատանքները նվիրաբերելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի արվեստի կենտրոնին՝ այդ կերպ յուրօրինակ նվեր մատուցելով Երևան քաղաքին։ Նվիրաբերված աշխատանքները համալրելու են թանգարանի հավաքածուն, և շատ շուտով մեր համաքաղաքացիներն ու արվեստասերները հնարավորություն կունենան մշտապես ծանոթանալու Ռոզա Գիսլադոտիրի արվեստին և այն դիտելու թանգարանի ցուցադրություններում»,- ասում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը:

Ռոզա Գիսլադոտիրի նվիրաբերված աշխատանքները համալրելու են թանգարանի հավաքածուն: Իսկ մեծադիր արվեստի հինգ ինստալացիաները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց՝ «Արվեստի խաչմերուկում»։

«Ուրախ եմ նորից վերադառնալ Հայաստան, իսկ այս ցուցահանդեսը կազմակերպելու որոշումը դեռևս երկու տարի առաջ եղավ, երբ եկել էի այստեղ, երբ տեսա այս կենտրոնը և միանգամից պատկերացրի իմ ցուցահանդեսն այստեղ։ Ցուցահանդեսի խորագրի փիլիոփայությունն այն է, որ մարդիկ կանգ առնեն ու մի պահ մտածեն, թե ինչպես են շարժվելու առաջ։ Շոշափվում է նաև շրջակա միջավայրի թեման: Ես օգտագործել եմ նաև պլաստիկ և թափոններ, կան աշխատանքներ, որոնք մտածելու առիթ են տալիս, թե որտեղից ենք  գալիս և ուր ենք գնում:

Քանդակներից բացի, ցուցադրվելու են նաև լուսանկարներ։ Հինգ աշխատանքներից երկուսն ավելի վաղ ցուցադրվել են նաև Հռոմում. դրանք հունահռոմեական կլասիցիզմի ոճով են։ Երկու քանդակներն ունեն մոտավորապես 2 մետր բարձրություն, պատրաստված են ակրիլի և գիպսի խառնուրդից, իսկ երրորդ քանդակը կրում է ցուցահանդեսի խորագիրը՝ «Ժամանակի արտացոլանքը».  այն կլոր ու թափանցիկ գլան է, որն ունի այս թանգարանի տեսքը։ Այն հայելանման արտացոլանք ունի: Նրա մեջ նայելով՝ կարող եք հետևում տեսնել Երևանը, ձեզ և մտորել անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Քանդակներից մեկն էլ կոչվում է «Ո՞ւր ենք գնում»։ Այն ունի նախորդի փիլիսոփայությունը։ Ութ աստիճանից բաղկացած քառակուսի քանդակ է, քանդակներից մեկն էլ կոչվում է «Երկարություն և լայնություն»,-նշեց Ռոզա Գիսլադոտիրը:

Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Լևոն Հայրապետյանն էլ փաստեց, որ հյուպատոսարանի գործունեությունը խթանում է երկու երկրների միջև համագործակցությունը ոչ միայն տնտեսական և այլ, այլև մշակույթի և արվեստի ոլորտներում։ Նրա խոսքով՝ «Ժամանակի արտացոլանքը» իսլանդական արդի արվեստը ներկայացնող լայնածավալ ցուցահանդեսի իրականացումը Հայաստանում՝ տարածաշրջանում կարևոր քայլ է հայ-իսլանդական արվեստի շուրջ համագործակցության զարգացման գործում։ Ցուցահանդեսը միավորում է արվեստի և կրթության բաղադրիչներ: Այն նպաստում է արվեստասեր հանրության և հասարակության տարբեր լսարանների ներգրավմանն արդի արվեստի հանրահռչակմանը։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 11-ը։  

Ալմաստ Մուրադյան

86
Մայիս 10, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: