Հայ ժամանակակից արվեստը Վենետիկի բիենալեում

Ժամանակակից արվեստի աշխարհի ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկը՝ Վենետիկի բիենալեն (Venice Biennale), անցկացվում է Իտալիայի Վենետիկ քաղաքում՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ։ Այն համարվում է համաշխարհային արվեստի կարևորագույն հարթակ, որտեղ տարբեր երկրներ ներկայացնում են իրենց ազգային տաղավարները, իսկ կենտրոնական համադրական ծրագրերում ցուցադրվում են ժամանակակից արվեստի նոր միտումներ, գաղափարներ և փորձարարական ձևեր։ Բիենալեն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ ազգային տաղավարներ և կենտրոնական համադրական ցուցադրություն, որոնք միասին ձևավորում են միջազգային արվեստի ամենամեծ երկխոսություններից մեկը։ Միջոցառումը տևում է մի քանի ամիս և Վենետիկը վերածում է բաց թանգարանի՝ ընդգրկելով քաղաքի տարբեր պատմական տարածքներ։

Այս տարվա բիենալեն առանձնանում է իր լայն միջազգային մասնակցությամբ և ժամանակակից արվեստի նոր գաղափարական ուղղություններով՝ կենտրոնանալով մարդու, տեխնոլոգիայի, հիշողության և ապագայի փոխհարաբերությունների վրա։

Bienale Venetik 6

Հայաստանը այս տարի ներկայացնում է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Զադիկ Զադիկյանը։ Նախագծի համադրողներն են արվեստի դիլեր Թոնի Շաֆրազին, որի երկարամյա համագործակցությունն ու մտերիմ կապը Զադիկյանի հետ ձևավորել են տաղավարի գաղափարական հիմքը, ինչպես նաև Բոստոնում բնակվող համադրող և մշակութային ռազմավար Թինա Չաքարյանը։

Հայկական տաղավարը՝ The Studio նախագծով, մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը կգործի որպես կենդանի արվեստանոց։ Վենետիկի բիենալեում ոչ մրցութային ձևաչափով Հայաստանից մասնակցում է նաև քանդակագործ Ավետիս Սարգսյանը։ Արվեստագետ Զադիկ Զադիկյանը՝ որդու՝ Արամի և իր թիմի հետ միասին, ամբողջ բիենալեի ընթացքում կաշխատի հենց տաղավարում՝ ստեղծելով և ձևավորելով տարբեր չափերի ու գունային երանգների գիպսե կառուցվածքներ։ Յուրաքանչյուր քանդակային կառուցվածք կազմված է առանձին շարժական տարրերից, որոնք հնարավոր է վերադասավորել և փոխել ժամանակի ընթացքում։

Bienale Venetik 2

Տաղավարը տեղակայված է Վենետիկի պատմական Արսենալե դի Վենեցիա համալիրում՝ նախկին նավաշինարանների և զինանոցների տարածքում, որը դարեր շարունակ եղել է քաղաքի ռազմածովային կենտրոններից մեկը։

The Studio գաղափարը այցելուներին հնարավորություն է տալիս անմիջականորեն հետևել ստեղծագործական գործընթացին իրական ժամանակում՝ դիտարկելով արվեստի ձևավորումը որպես կենդանի և շարունակական ընթացք։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշում է, որ այս տարի Հայաստանը բիենալեում հանդես է եկել արժանապատիվ մասնակցությամբ՝ հստակ գաղափարական և մշակութային դիրքավորմամբ՝ որպես ժամանակակից արվեստի համաշխարհային միտումներին համահունչ և զարգացող երկիր։

Bienale Venetik 5

«Հայաստանն այսօր դուրս է գալիս մշակութային մեկուսացումից և ավելի վստահ քայլերով ներգրավվում միջազգային արվեստային երկխոսության մեջ՝ ստեղծելով նոր հարթակներ հայ արվեստագետների, գաղափարների և ժամանակակից մշակութային մտածողության համար։

Առաջին անգամ համագործակցությունը աշխարհահռչակ արվեստագետ և կուրատոր Թոնի Շաֆրազիի հետ կարևորագույն փուլ է հայկական ժամանակակից արվեստի զարգացման ճանապարհին։ Նրա փորձն ու տեսլականը ոչ միայն նոր որակ են հաղորդում հայկական ներկայությանը միջազգային հարթակներում, այլև նպաստում են կուրատորական մշակույթի և մասնագիտական դպրոցի ձևավորմանը հայկական իրականության մեջ։ Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնում է ամերիկաբնակ արվեստագետ Զադիկ Զադիկյանը։

Bienale Venetik 3

Այս մասնակցությունը բարձր նշաձող և հստակ ուղենիշ է սահմանում Հայաստանի ժամանակակից արվեստագետների համար՝ ձևավորելով նոր մտածողություն, նոր ռազմավարություն և միջազգային ներկայության նոր չափանիշներ«։

Նրա խոսքով՝ այս մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար միջազգային հարթակներում և նպաստում է կուրատորական մշակույթի զարգացմանը Հայաստանում։ Միաժամանակ այն սահմանում է նոր ռազմավարական ուղենիշներ՝ ուղղված հայկական ժամանակակից արվեստի ազդեցության ընդլայնմանը և մշակութային հեղինակության ամրապնդմանը համաշխարհային արվեստային քարտեզում։

Ալմաստ Մուրադյան

91
Մայիս 11, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: