Եվրոպական կինոյի օրերը Հայաստանում

Հայաստանում բացվել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն մի շարք եվրոպական ճանաչված ֆիլմեր: Կինոյի տան մեծ դահլիճում ֆիլմերը ցուցադրվում են բնօրինակ լեզվով` անգլերեն և հայերեն ենթագրերով: Մայիսի 21-27-ը Կինոյի տունը կվերածվի Եվրոպական լավագույն կինոյի հարթակի։ Ամեն օր, ժամը 19։00-ին կարող եք ծանոթանալ Եվրոպական ժամանակակից կինոյին։ Ցուցադրությունների մուտքն ազատ է:

Evorpakan filmeri paraton 4

Փառատոնի բացումը տրվել է լեգենդար Պաոլո Սորենտինոյի «Շնորհ» ֆիլմով, որի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարի՝ Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Գլխավոր դերը կատարում է Սորենտինոյի մշտական համագործակից Թոնի Սերվիլոն, ով իր աշխատանքի համար արժանացել է Վոլպիի գավաթին։ Ֆիլմը պատմում է Իտալիայի հորինված նախագահի մասին, ով կանգնած է բարդ որոշումների առջև՝ իր պաշտոնավարման ավարտի նախաշեմին։ Նրա սեղանին դրված են երկու կարևոր փաստաթուղթ՝ մեկը էվթանազիայի օրինականացման օրենքի մասին է, որին դեմ է Հռոմի պապը, մյուսը՝ երկու ներման խնդրանքների: Ֆիլմում Սորենտինոն շարունակում է իր դասական ոճը՝ համադրում է քաղաքական դրաման, փիլիսոփայական հարցադրումները և անձնական կորստի թեմաները՝ իտալական մշակույթի և ազգային հոգեբանության արտացոլմամբ։

Evorpakan filmeri paraton 3

Փառատոնի շրջանակում կցուցադրվի նաև չեխական «Ալիքներ» (2024) պատմական թրիլեր-դրաման՝ Իրժի Մադլի ռեժիսորությամբ։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Պրահայի գարնան ժամանակաշրջանում և պատմում են Չեխոսլովակիայի ռադիոյի լրագրողների աշխատանքի, դժվար ընտրությունների մասին՝ ազատության սահմանափակ պայմաններում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել Չեխիայում՝ դառնալով տարվա ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը, ինչպես նաև բոլոր ժամանակների երկրորդ ամենաշահութաբեր չեխական ֆիլմը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կարլովի Վարիի 58-րդ միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի ռեժիսորը Իրժի Մադլն է, ով նաև սցենարի հեղինակն է, իսկ բյուջեն կազմել է մոտավորապես 80 միլիոն չեխական կրոն։

Հաջորդ ֆիլմը՝ «Դեռ վաղը կա» (C’è ancora domani, 2023), իտալական կատակերգական դրաման է՝ Պաոլա Կորտելեզիի ռեժիսորական դեբյուտը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1940-ականների հետպատերազմյան Իտալիայում: Դրանք պատմում են Դելիայի մասին, ով խախտում է ընտանեկան ավանդական կաղապարները ու փորձում է կառուցել իր կյանքի նոր ուղին՝ խորհրդավոր նամակ ստանալուց հետո։ Ֆիլմն աչքի է ընկնում ուժեղ սոցիալական ուղերձով՝ անդրադառնալով ֆեմինիզմի և ավանդական հասարակության խնդիրներին։ Այն արժանացել է մի շարք մրցանակների և դարձել 2023 թվականի ամենաշահութաբեր իտալական ֆիլմերից մեկը՝ ընդգրկվելով երկրի բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերի շարքում։ Ֆիլմը ստացել է 19 անվանակարգ 69-րդ «Դավիթ դի Դոնատելլո» մրցանակաբաշխությունում և հաղթել  6-ում:

Evorpakan filmeri paraton 2

Լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Ֆրանց» ֆիլմն էլ պատմում է գրող Ֆրանց Կաֆկայի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին։ Այն ընդգրկում է նրա կյանքի ամբողջ ճանապարհը՝ Պրահայում ծնունդից մինչև Վիեննայում մահը՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Միաժամանակ ներկայացվում է Կաֆկայի թե՛ անձնական պատմությունը, թե՛ նրա շուրջ ձևավորված մշակութային առասպելը՝ ընդգծելով նրա ստեղծագործական ազդեցությունը համաշխարհային գրականության վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում, իսկ այնուհետև ցուցադրվել է մի շարք միջազգային փառատոններում։

Evorpakan filmeri paraton 8

Հաջորդիվ Լասլո Չակի «Կապույտ հավալուսն» (հունգ. Kék Pelikan) հունգարական ֆիլմն է: Երբ Երկաթե վարագույրի անկումից հետո նախկին սոցիալիստական երկրների բնակիչների համար բացվեցին միջազգային ճանապարհորդությունների նոր հնարավորություններ, շատերը չէին կարող իրենց թույլ տալ տոմսեր։ Լասլո Չակիի անիմացիոն վավերագրական ֆիլմը վերակերտում է այդ շրջանի մթնոլորտը՝ պատմելով Բուդապեշտում ապրող երեք ընկերների մասին, ովքեր փորձում են հասնել Արևմուտք։ Ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես նրանք օգտվում են հունգարական երկաթուղիների տոմսերի պարզ համակարգի թուլություններից և սկսում են կեղծել միջազգային տոմսեր՝ օգտագործելով տարբեր նյութեր։ Շուտով նրանց փոքր սխեման վերածվում է ավելի մեծ գործողության, որը գրավում է իշխանությունների ուշադրությունը և վտանգում նրանց ընկերությունը։ Ֆիլմը համադրում է երկու ժամանակային շերտ՝ 1980-90-ականները և 2010-ականները, ինչպես նաև 2D անիմացիան, փաստական նյութերն ու արխիվային կադրերը։ Ստեղծված մթնոլորտը լրացնում է 90-ականների փոփ երաժշտությամբ հագեցած սաունդթրեքը։ Արդյունքում ստացվել է Հունգարիայի առաջին լիամետրաժ անիմացիոն վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի ստեղծող Լասլո Չակին նշում է, որ նախագիծը սկզբում նախատեսված էր որպես խաղարկային ֆիլմ, սակայն իրական հերոսների ձայնագրությունները լսելուց հետո որոշվել է պահպանել իրական ձայները և ստեղծել անիմացիոն վավերագրական ձևաչափ։

Evorpakan filmeri paraton 5

«Կապոդիստրիաս» հունական պատմական ֆիլմն էլ պատմում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոաննիս Կապոդիստրիասի կյանքի և քաղաքական գործունեության մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Յաննիս Սմարագդիսը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականի նոյեմբերի 29-ին՝ Նյու Յորքում, իսկ հունական պրեմիերան՝ դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմը ներկայացվում է որպես ժամանակակից հունական պետության հիմնադրման էպիկական պատկերում՝ սկսած Կապոդիստրիասի դիվանագիտական գործունեությունից Ռուսաստանում մինչև նրա իրականացրած բարեփոխումները և ողբերգական մահը։ Նա համարվում է ժամանակակից Հունաստանի պետականության հիմնադիրներից մեկը և կարևոր դեր է խաղացել երկրի ձևավորման գործընթացում։

Evorpakan filmeri paraton 7

«Նոր ալիք»-ի սիրահարներին էլ սպասում է Ռիչարդ Լինքլեյթերի «Նոր ալիք» (2025) ֆիլմը, որը ստեղծված է որպես «ռոմանտիկ նամակ» ֆրանսիական կինոյի պատմության ամենաազդեցիկ շարժումներից մեկին՝ «Նոր ալիք»-ին։ Ֆիլմը մեզ տեղափոխում է 1959 թվական և վերակառուցում այն ստեղծագործական միջավայրը, որտեղ ձևավորվում էր նոր կինոլեզու։ Սյուժեի կենտրոնում է երիտասարդ Ժան-Լյուկ Գոդարն է, որը պատրաստվում է նկարահանել իր առաջին մեծ ֆիլմը՝ («À bout de souffle»)։ Հետաքրքիր է, որ գործընթացը ներկայացվում է ոչ միայն որպես մեկ ֆիլմի ստեղծում, այլ որպես ամբողջ կինոմտածողության հեղափոխություն։ Լինքլեյթերը ցույց է տալիս, թե ինչպես է Գոդարը կոտրում դասական կինոյի կանոնները՝ իմպրովիզացիայով, ազատ նկարահանման ոճով և նոր տիպի պատմողական կառուցվածքով։ Ֆիլմում կարևորվում են նաև դերասանների ընտրությունը, նկարահանման կուլիսները և այն ստեղծագործական լարվածությունը, որը ծնվում էր նոր գաղափարների և հին համակարգի բախումից։

Ալմաստ Մուրադյան

267
Մայիս 23, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: