Ֆրանկոֆոնիան՝ մշակութային կամուրջ
Հինգ տարի առաջ հիմնադրված Երկլեզու դրամատիկական արվեստանոցի հիմքի վրա 2026 թվականին ստեղծվեց նաև Ֆրանկոֆոն կինոարվեստանոցը։ Սա ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև վերջին տասնամյակների մշակութային գործունեության կարևորագույն շարունակությունն է։ Ֆրանկոֆոն կինոարվեստանոցը միտված է կինոյի ոլորտում հայ և ֆրանսախոս մասնագետների կապի ամրապնդմանը: Այն գործում է որպես փոխանակման, բացահայտման և կատարելագործման յուրօրինակ հարթակ, որտեղ ֆրանկոֆոնիան դառնում է կենտրոնական առանցք՝ Ֆրանսիայի, Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև միջմշակութային ու գեղարվեստական երկխոսության ձևավորման համար։
Կինոյի տանը կայացավ Կինոարվեստանոցի առաջին թողարկմանը մասնակիցների հանդիպումը Սերժ Ավետիքյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպի, սցենարիստ Առնո Լուվենի և կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի հետ։
Նախորդող ամիսներին մասնակիցներն անցել են դասընթացներ հրավիրյալ երեք անվանի մասնագետների հետ. Մարսել Շուպբախ (կինոռեժիսոր), Ալեքսանդրա Ստրոս (մոնտաժի ռեժիսոր), Առնո Լուվեն (սցենարիստ)։ Որպես ստացած գիտելիքների և հմտությունների արդյունք՝ ուսանողներն առաջիկայում համատեղ կնկարահանեն գեղարվեստական ֆիլմ։
Կինոռեժիսոր Մարսել Շուպբախն արվեստանոցում դասավանդելու ընթացքում անդրադարձել է կինոլեզվի ինքնատիպության և հեղինակային հայացքի որոնմանը։ Իր ստեղծագործական մեթոդն ուսանողներին փոխանցելիս ռեժիսորը ելնում է այն կանխադրույթից, որ առաջին կինոփորձերը, ինչպիսիք են իր «Շշուկ» կարճամետրաժ և «Թեթեւացում» լիամետրաժ ֆիլմերը, օժտված են յուրահատուկ, «անողոք» անկեղծությամբ, որտեղ արտաքին աշխարհի վավերագրումը միաժամանակ վերածվում է հեղինակի սեփական պատմության անգիտակցական բացահայտման։
Շուպբախի համար կինոն՝ անկախ ժանրային պատկանելությունից, տարածության և ժամանակի կազմակերպման միջոցով պատմություն կառուցելու արվեստ է։ Արվեստանոցի գործնական հարթությունում նա կարևորում էր ոչ թե պատրաստի կաղապարների կիրառումը, այլ սեփական գեղագիտական տիեզերքի զարգացումը հատուկ վարժությունների և դասական ժապավենների համատեղ վերծանման միջոցով։ Որպես ուսումնասիրության նյութ՝ ռեժիսորն ընտրել էր կինոպատմության առանցքային գործեր, որոնք բացահայտում են կինոլեզվի էվոլյուցիան՝ Վիկտոր Շյոստրյոմի համր կինոյի պոետիկայից («Քամի») և Ռոբեր Բրեսսոնի ռադիկալ մինիմալիզմից («Փողը») մինչև Անդրե Դելվոյի մոգական ռեալիզմը («Մի երեկո՝ գնացքում») և Ֆրանսուա Տրյուֆոյի ֆրանսիական «նոր ալիքի» խաղարկային դինամիկան («Կրակե՛ք դաշնակահարի վրա»)` Շառլ Ազնավուրի դերակատարմամբ։
Խոսելով մոնտաժի՝ որպես ֆիլմի կառուցման անդրդվելի փուլի մասին, մոնտաժի ռեժիսոր Ալեքսանդրա Ստրոսը արվեստանոցի մասնակիցների համար բացահայտեց այս մասնագիտության ներքին «ուրախություններն» ու տարբեր մշակույթների ռեժիսորների հետ համատեղ աշխատանքի նրբությունները։ Նրա դիտարկումները հստակեցրին գեղարվեստական և վավերագրական կինոյի սահմանագծերը՝ մոնտաժային տարբեր հնարքների կիրառման տեսանկյունից։ Որպես կոնկրետ ուսումնասիրվող օրինակ՝ Ստրոսը վերլուծեց լուսանկարիչ Էռնեստ Քոուլի մասին ֆիլմի ստեղծման փուլերը, ինչպես նաև սեփական գեղարվեստական աշխատանքները։ Հանդիպման տեսական հենքն ամրապնդվեց Ժորժ Ֆրանժուի «Գլուխը պատին» ֆիլմի վերլուծությամբ, որին հաջորդեց ակտիվ քննարկում ուսանողների հետ՝ նրանց ստեղծագործական երազանքների և մասնագիտական ուղու շուրջ։
Մյուս հրավիրյալ մասնագետը՝ սցենարիստ Առնո Լուվեն, արդի կինոյի կարևորագույն խնդիրներից մեկը համարեց այն, թե ինչպես է պատմությունը կինոլեզվի միջոցով հասնում հանդիսատեսին։ Նրա դիտարկմամբ՝ տեսակետի հաստատումը ոչ թե պարզունակ գաղափարի փոխանցում է, այլ հարցադրումների հարուցում։ Ուսանողների հետ համատեղ վերլուծության ընթացքում Լուվեն անդրադարձավ դրամատուրգիական տարբեր կառուցվածքների՝ հենվելով կինոդասականների փորձի վրա։ Հիչքոքյան սուբյեկտիվ հայացքից (վուայերիզմի և տեսողական դրամատուրգիայի խնդիրները «Հետևի պատուհանում») մինչև Փ. Թ. Անդերսոնի խմբային պատումի համընդհանուր տեսակետը («Մագնոլիա») և Ջ. Լոուզիի լաբիրինթոսային երկիմաստությունը («Մսյո Քլայն»), արվեստանոցի մասնակիցները հնարավորություն ստացան տեսնելու, թե ինչպես են պատումի և տեսակետի կապերը ձևավորում ֆիլմի ներքին անհրաժեշտությունը։
Կինոարվեստանոցի հիմնադիր Սերժ Ավետիքյանը վստահեցրեց՝ կանեն ամեն ինչ, որ հայ արվեստասեր երիտասարդներից շատերն ունենան հնարավորություն առնչվելու ֆրանկոֆոն մշակույթին, աշխատելու արտերկրի մասնագետների հետ և իրենց ստեղծագործական քայլերն անելու կինոոլորտում։ Մասնակիցներն իրենց հերթին կարևորեցին նախագիծը՝ նշելով, որ այս ընթացքում սովորել են ոչ միայն կինոյի թաքնված գաղտնիքները, այլև փորձել են իրենց ստեղծագործական ինքնուրույնությանը հասնել։ Ֆրանկոֆոն կինոգործիչների հետ անմիջական երկխոսությունը ոչ միայն հարստացրեց հայ երիտասարդ ստեղծագործողների մասնագիտական գործիքակազմը, այլև նոր հեռանկարներ բացեց տեղական կինոարտադրության մեջ ժամանակակից մեթոդաբանության ինտեգրման համար։
Վովա Արզումանյան