«Ավերակներ զբոսայգում»․ լատվիացի հեղինակի բնապահպանական դետեկտիվն արդեն հայերեն
«Վերնատուն» հրատարակչությունը հրատարակել է լատվիացի հեղինակ-նկարազարդող Դացե Կրեսլինյայի «Ավերակներ զբոսայգում» գիրքը (թարգմանիչ՝ Գոհար Ասլանյան)։ Դացե Կրեսլինյայի ստեղծագործություններում միախառնվում են էմոցիոնալ հստակությունը, բնությունից ներշնչված պատկերներն ու հրաշքի զգացողությունը։ Նրա պատմությունները թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին հրավիրում են աչալուրջ դիտելու, ազատորեն երևակայելու և բացահայտելու իրենց շրջապատող աշխարհի թաքնված կապերը։ Նա չորս պատկերագրքերի հեղինակ և պատկերազարդող է, որոնց թվում է կայուն զարգացման թեմայով դետեկտիվ շարքը։
«Ավերակներ զբոսայգում» գիրքը պատմում է նախապատմական քաղաքի մասին, որտեղ բազմաթիվ հազվադեպ հանդիպող և նույնիսկ արդեն վերացած կենդանիներ, թռչուններ ու միջատներ են ապրում։ Երբեմն այնտեղ տարօրինակ իրադարձություններ են կատարվում, և տեղի հետախույզները շտապում են լուծում տալ այդ դեպքերին։
«Քանի որ ես և՛ տեքստերի հեղինակն եմ, և՛ նկարազարդողը, ստեղծագործելիս իմ միակ սկզբունքն այն է, որ պետք է հաճույք ստանամ իմ արած գործից։ Չէ՞ որ այդ աշխատանքը ներառում է նախ հետազոտական, իսկ հետո արդեն՝ բուն ստեղծագործական փուլը, և ինձ համար ամենակարևորն այդ ամբողջ ընթացքը վայելելն է,- նշում է Դացե Կրեսլինյան՝ անդրադառնալով «Ավերակներ զբոսայգում» գրքին։- Այս գրքի հիմնական ասելիքն այն է, որ մեր բնությունն ու աշխարհը լի են հրաշքներով, և մենք պետք է կարողանանք հանդես գալ հոգատար ուսումնասիրողի դերում։ Գրքում ես նպատակ չունեմ պատրաստի լուծումներ առաջարկելու, թե ինչպես պահպանել բնությունը, բայց խոսում եմ վերացող կենդանիների ու միջատների մասին։ Սրանով ցանկանում եմ հիշեցնել, որ մեր շրջապատում կան այդպիսի տեսակներ, և մենք պարտավոր ենք լինել ուշադիր ու նախ և առաջ հիանալ մեր ունեցածով»։
Դացեի կապը պատկերազարդման արվեստի հետ սկսվել է դեռ վաղ մանկությունից. ընդամենը 8-9 տարեկանում նա արդեն ստեղծում էր իր առաջին չորս էջանոց պատկերագրքերը։ Թեև տարիներ անց ընտրեց իրավաբանի մասնագիտությունը, ներքին ձայնն ու ստեղծագործելու մղումն ավելի ուժեղ գտնվեցին. «Միշտ զգում էի, որ իմ գործունեության մեջ ինչ-որ բան պակասում է»,- հիշում է հեղինակը։ Այդ բացը լրացնելու և մանկության սիրելի զբաղմունքին վերադառնալու որոշումը նա կայացրեց մոտ 8 տարի առաջ։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեցին առաջին պատկերները, որոնք հետագայում քայլ առ քայլ վերածվեցին ամբողջական գրքերի։
«Նաև նախաձեռնեցի «365 օր» նախագիծը. ամեն օր ջրաներկով նկարում էի որևէ թեմայի շուրջ և տեղադրում սոցիալական հարթակներում։ Սա եղավ իմ առաջին քայլը, որով վերադարձա պատկերազարդման աշխարհ։ Այս նախագծի միջոցով ես ճանաչեցի ինքս ինձ, իմ ձեռագիրն ու այն թեմաները, որոնք ինձ իսկապես հոգեհարազատ են՝ բնությունը, կենդանիները, էմոցիաներն ու պատմությունները։ Իսկ երեխաների համար գրված ու նկարված գրքերի դեպքում չափազանց կարևոր է, թե դրանք որքանով կընդգրկեն տարբեր երկրներ և որքանով բարձր կլինի դրանց միջոցով փոխանցվող աշխարհընկալումը»,- նշում է Դացե Կրեսլինյան։
Անդրադառնալով գրքի հայերեն թարգմանությանը՝ Դացեն ընդգծում է ստեղծագործողների աշխատանքները լայն աշխարհագրություն ընդգրկելու փաստը, քանի որ արծարծվող թեմաներն արդիական են բոլորի համար և սահմաններ չեն ճանաչում։ Խոսելով փոքրիկ հայ ընթերցողների հետ իր կապի և սպասելիքների մասին՝ նա նշում է. «Առաջին հերթին ակնկալում եմ, որ երեխաները պարզապես վայելեն գիրքն ու հաճույք ստանան կարդալուց։ Երկրորդը՝ որ սովորեն լինել աչալուրջ։ Պատահական չէ, որ գիրքը հենց դետեկտիվ պատմության միջոցով է խոսում նրանց հետ. դետեկտիվները չափազանց ուշադիր են յուրաքանչյուր մանրուքի հանդեպ։ Հենց դա էլ իմ մեծագույն ցանկությունն է՝ որ երեխաները դետեկտիվի պես սովորեն նկատել ու արժևորել շրջապատի ամենափոքր մանրուքներն անգամ»,- ասում է հեղինակը։
Մանկական գրքերում դետալների հանդեպ այսօրինակ ուշադրությունն ու բարձրարժեք տեսողական պատմություն ստեղծելու ձգտումը պատահական չեն։ Դրանք արտացոլում են ժամանակակից հրատարակչական աշխարհի համընդհանուր միտումները։ Հեղինակը նկատում է՝ պատկերագրքերի դերը համաշխարհային շուկայում լիովին փոխվել է․ «Այս ուղղությունն ընդհանուր առմամբ շատ դինամիկ զարգանում ու ծաղկում է։ Բոլոնիայի մանկական գրքի միջազգային ցուցահանդեսի փորձը ցույց է տալիս, որ տարեցտարի գրքերն ավելի արտիստիկ են դառնում և էսթետիկ առումով ավելի բարձր որակ ձեռք բերում։ Այդ մեծ մրցակցությունը հեղինակներին մղում է ստեղծելու իսկական արվեստի գործեր, որոնք երեխաների համար շատ ավելի գրավիչ ու հետաքրքիր են։ Հետևաբար կարծում եմ, որ այս միտումը գնալով միայն խորանալու և զարգանալու է»,- ամփոփում է Դացե Կրեսլինյան։
Վովա Արզումանյան