Ավետիք Իսահակյանը և Չինաստանը
Հայաստանի և Չինաստանի մշակութային կապերի պատմությունը մշտապես հետաքրքիր էջեր է ունեցել։ Այն ունի ավելի խոր արմատներ՝ առևտրական ճանապարհների, մշակութային փոխանակումների, գրականության և արվեստի պատմության մեջ։ Այդ պատմության մեջ մի ուշագրավ էջ էլ բացվում է Ավետիք Իսահակյանի անձնական աշխարհում։
Հայ մեծանուն բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի աշխատասենյակում պահպանվող արձանիկները, պատկերները, գրքերն ու արվեստի առարկաները պատահականորեն չեն հայտնվել այնտեղ։ Դրանք նրա մտավոր հետաքրքրությունների նյութական հետքերն են՝ Արևելքի մշակույթների, փիլիսոփայական ուսմունքների և տարբեր քաղաքակրթությունների նկատմամբ նրա հետաքրքրության վկայությունները։ Այսօր այդ աշխարհը նորովի է ուսումնասիրվում։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կազմակերպված բանախոսությունն ու ցուցադրությունը հանրությանը ներկայացնում են վարպետի անձնական հավաքածուի՝ չինական մշակույթին վերաբերող ցուցանմուշները։

Ուսումնասիրության հիմքում արվեստագիտության թեկնածու, Չինաստանի Սուչժոուի համալսարանի հետազոտող և ChinArmArt-ի հիմնադիր Անի Մարգարյանի աշխատանքն է։ 2024 թվականին Իսահակյանի տուն-թանգարան այցելության ժամանակ նա ուշադրություն է դարձրել այնտեղ պահպանվող չինական արձանիկներին, իսկ հետագա ուսումնասիրությունը վերածվել է ավելի լայն գիտական աշխատանքի։
Մարգարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ավելի լայն է, քան միայն Իսահակյանի հավաքածուն։ Նա ուսումնասիրում է չինական արվեստը, հայ-չինական մշակութային կապերը, չինական ճենապակու շրջանառությունը, հայ վաճառականների և Չինաստանի պատմական առնչությունները, ինչպես նաև չինական գեղագիտական ազդեցությունները հայ արվեստագետների ստեղծագործության վրա։ Նրա գիտական աշխատանքներում չինական արվեստի առարկան դիտարկվում է ոչ միայն որպես գեղարվեստական արժեք ունեցող իր, այլև որպես պատմական աղբյուր։ Ճենապակին, արձանիկը, տեքստիլը կամ այլ առարկա կարող են պատմել առևտրի, մշակութային փոխանակման, սոցիալական կարգավիճակի, ինքնության և գաղափարների տարածման մասին։ Այս մոտեցումն առանձնահատուկ նշանակություն է ստանում Իսահակյանի դեպքում։

Անի Մարգարյանը պատմում է, որ չինական մշակույթում կա «մշակութային սենյակի» ավանդույթը՝ 文房 (wénfáng), որը ներկայացնում է մտավորականի աշխատասենյակը։ Այն ձևավորվել է որպես ընթերցանության, գրելու, նկարչության, ինքնամեկուսացման և մտավոր ինքնակատարելագործման տարածք։ Հատկանշական է, որ այդ տարածքում գրքերը, գեղարվեստական առարկաները, կնիքները և այլ ընտրված իրեր պարզապես զարդարանք չէին․ դրանք արտահայտում էին տիրոջ գեղագիտական ճաշակն ու մտավոր ինքնությունը։ Ուստի Իսահակյանի տան չինական և արևելյան առարկաների հավաքածուն կարելի է դիտարկել հենց այս մշակութաբանական համատեքստում։ Իսահակյանի տուն-թանգարանը փաստում է, որ նրա աշխատասենյակում պահպանվում էին հնդկական և չինական արձանիկներ։

«Այն, ինչ արել է Իսահակյանը, չինացիները հնուց ի վեր անում են։ Օրինակ՝ Իսահակյանի դեպքում կարող ենք տեսնել Բուդդայի արձանիկները, Չինաստանի վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ։ Եվ՛ Իսահակյանը, և՛ Չարենցը, խորհրդային տարիներին ծանոթ լինելով չինական մշակույթին և ունենալով այդքան բուդդայական արձանիկներ, որոշակի իմաստով համահունչ էին եվրոպական մոդեռնիստական մշակութային հետաքրքրություններին։ Հետաքրքիր է, որ Ավետիք Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի հուշերում մի կարևոր դրվագ կա, որը մեզ համար կարևոր աղբյուր է։ Իսահակյանը Չարենցին հարցնում է, թե ինչ է անում, ինչով է զբաղված։ Չարենցը պատասխանում է. «Ես այժմ ավելի շատ կարդում եմ, քան գրում։ Տարված եմ Արևելքի փիլիսոփայությամբ, տարված եմ Արևելքի փիլիսոփա-բանաստեղծների գրվածքներով։ Ուզում եմ ուսումնասիրել բուդդայականությունը, ճանաչել այն»։ Սա շատ կարևոր աղբյուր է, քանի որ գրողն ինքն է կոնկրետ ասում այդ մասին։ Իսահակյանի որդին շարունակում է. «Հայրս գրում է, որ Իսահակյանը հետաքրքրությամբ ուսումնասիրեց Չարենցի աշխատասենյակը, թերթեց մի քանի գրքեր, տեսավ չինական և հնդկական արձանիկներ, որոնք Չարենցը, երևի, ձեռք էր բերել Մոսկվայի կամ Պետերբուրգի հնավաճառներից։ Իսահակյանն ասաց. «Եղիշե՛, տեսնում եմ, որ դու էլ ինձ նման սիրում ես Բուդդային, արևելյան արձանիկները։ Ես սրանցից մի փոքր հավաքածու ունեմ, որը, ուր էլ գնամ, ինձ հետ թափառում է»»,- պատմում է բանախոսը։

Մեկ այլ արձանիկ էլ Չարենցը Իսահակյանի ծննդյան առթիվ նվիրել է նրան՝ նեֆրիտ քարից։
«Այն պատկերում է Կոնֆուցիոսին։ Սակայն դա Կոնֆուցիոսը չէր․ խորհրդային տարիներին հստակ տարբերակում չկար, և կարծում էին, որ արձանիկը Կոնֆուցիոսի պատկերն է։ Հետագայում պարզվեց, որ դա Լաո Ցզին է։ Չարենցը արձանիկը նվիրելիս պատվանդանի ներքևի մասում գրել է՝ «Սիրելի Ավետիքին»։ Չարենցը ցանկանում էր, որպեսզի Իսահակյանի մոտ իրենից մնա մի գեղեցիկ, կարևոր, շոշափելի հիշատակ։ Բացի Բուդդայի արձանիկից՝ նա նվիրել է նաև արևելյան նախշերով փոքրիկ ծաղկաման։ Եվ ճիշտ էր Չարենցը․ այդ իրը մինչև այսօր մնացել է նրա տանը»,- ասում է Անի Մարգարյանը։

Իսահակյանի աշխատասենյակը կարծես փոքրիկ Արևելք լինի՝ հայկական մշակութային միջավայրում։ Այստեղ չինական արվեստի նմուշների կողքին են գրքերն ու ձեռագրերը, իսկ նյութական առարկաները լրացնում են բանաստեղծի մտավոր կենսագրությունը։
Իսահակյանի հետաքրքրությունը Արևելքի նկատմամբ ձևավորվել էր դեռևս Եվրոպայում ուսումնառության տարիներին։ Լայպցիգում և Ցյուրիխում ուսանելու ընթացքում նա ծանոթանում էր համաշխարհային փիլիսոփայական մտքի տարբեր ուղղություններին և եվրոպական մտավոր միջավայրում մեծ հետաքրքրություն առաջացնող արևելյան մշակույթներին։ Արևելքը նրա համար պարզապես հեռավոր և խորհրդավոր աշխարհ չէր։ Այն մտքի, բարոյականության, հոգևոր որոնման և մարդու ներաշխարհի մասին մտածելու այլ ճանապարհ էր։ Այդ հետաքրքրությունը հետագայում արտահայտվեց նաև նրա հավաքածուում։

Իսահակյանի աշխատասենյակի խորհրդավորությունը հաղորդող արձանիկները, պատկերներն ու աստվածությունների և իմաստունների կերպարները ստեղծում են յուրահատուկ միջավայր։ Դրանք կարելի է դիտարկել որպես Արևելքի փոքրիկ թանգարան՝ մի տարածք, որտեղ բանաստեղծը ստեղծել էր անձնական երկխոսություն իրեն հետաքրքրող քաղաքակրթությունների հետ։ Դրանց թվում առանձնահատուկ տեղ ունի դաոսական իմաստուն Լաո Ցզուի արձանիկը։ 1937 թվականին Լաո Ցզուի արձանիկը Ավետիք Իսահակյանին նվիրել է Եղիշե Չարենցը։ Նվերի վրա պահպանված մակագրությունը՝ «Սիրելի Ավետիքին՝ Չարենցից, 24-6-1937», այդ փոքրիկ առարկան վերածում է երկու մեծ գրողների հարաբերությունների նյութական վկայության։ Այստեղ է, որ չինական փիլիսոփայական ավանդույթի խորհրդանիշը հայտնվում է հայ գրականության երկու խոշոր դեմքերի միջև մտավոր կապի տարածքում։ Այն միաժամանակ պատմում է Չարենցի և Իսահակյանի մասին՝ նրանց ընդհանուր հետաքրքրությունների, գրական և մտավոր միջավայրի մասին։

Իսահակյանի և Չինաստանի կապի մեկ այլ կարևոր էջ բացվում է 1950-ականներին։ Այդ շրջանում Խորհրդային Միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարաբերությունների սերտացումը նպաստում էր նաև մշակութային կապերի աշխուժացմանը։ Իսահակյանի ստեղծագործությունը սկսում է ճանապարհ անցնել դեպի չինացի ընթերցողը։ 1955 թվականի օգոստոսին Իսահակյանը նամակ է ստանում չինացի թարգմանիչ և մշակութային գործիչ Գե Բաո Ցյանից։ Նամակում նա պատմում է Իսահակյանի ստեղծագործությունների չինարեն թարգմանությունների մասին և առաջարկում ամբողջական ժողովածու հրատարակել Չինաստանում։ Նույն թվականին «Համաշխարհային գրականություն» հանդեսը չինարենով հրապարակում է Իսահակյանի մի քանի բանաստեղծություն։ Այս դրվագը կարևոր է, որովհետև այստեղ արդեն մշակութային կապը դառնում է երկկողմանի։

Իսահակյանը ոչ միայն ուսումնասիրում էր Արևելքը, իր շուրջը հավաքում դրա նյութական մշակույթի առարկաներ և հետաքրքրվում դրա փիլիսոփայությամբ։ Նրա ստեղծագործությունն ինքն էր ճանապարհ անցնում դեպի Չինաստան։ Մշակույթների երկխոսությունն այստեղ տեղի է ունենում ոչ միայն պաշտոնական հարաբերությունների, այլև գրքի, նամակի, թարգմանության և արվեստի առարկայի միջոցով։ Անի Մարգարյանի գիտական աշխատանքի արժեքն էլ հենց այստեղ է։ Իսահակյանի չինական հավաքածուն նա դիտարկում է որպես նյութական մշակույթի աղբյուր, որը հնարավորություն է տալիս նոր հարցեր առաջադրել բանաստեղծի աշխարհընկալման վերաբերյալ։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Սահակյանն ընդգծում է, որ նման ուսումնասիրությունները պետք է շարունակվեն և հանրայնացվեն տարբեր շրջանակներում։

«Մենք պետք է շարունակենք այս հետազոտությունը, ուսումնասիրությունը և դրա հանրայնացումը տարբեր շրջանակներում։ Մեծ է պարտավորությունը՝ ինձ համար և, իհարկե, հայ ժողովրդի համար ևս, որովհետև հայ մտավորականն իր կերպարով մշտապես աշխարհինն է եղել։ Հայ մտավորականը մշտապես եղել է աշխարհի մշակույթի հետ երկխոսության մեջ և այդ մշակույթը բերել է Հայաստան։ Այդպիսին է եղել Ավետիք Իսահակյանը։ Եվ Իսահակյանը ոչ միայն չինական մշակույթին է ծանոթացել և այն ներկայացրել իր հավաքածուում։ Այն ամենը, ինչը նպաստում է մարդու մտքի զարգացմանը, դուք կարող եք տեսնել Ավետիք Իսահակյանի թանգարանում։
Այստեղ կան տարբեր երկրներից բերված գրքեր, այդ թվում՝ մեծ դժվարությամբ ձեռք բերված հրատարակություններ։ Կտեսնեք ֆրանսալեզու և գերմանալեզու գրականություն։ Իսահակյանի գրադարանում կան նաև բացառիկ նյութեր բնագիտության, ֆիզիկայի և բազմաթիվ այլ ոլորտների վերաբերյալ։ Սա իսկապես բացառիկ հավաքածու է։ Եվ այսօր մենք ևս մեկ հետաքրքիր թեմա բացահայտեցինք։ Շնորհակալ եմ Անի Մարգարյանին նման կարևոր թեմա ներկայացնելու համար։

Թանգարանը կարևոր հյուրեր ուներ նաև Երևանի 199-րդ դպրոցից, որտեղ որպես երրորդ օտար լեզու ուսումնասիրում են չինարենը։ Արմինե Սահակյանը կարևոր էր համարում, որ, որ դպրոցի երեխաները այս այցով հնարավորություն են ստանում ծանոթանալու Ավետիք Իսահակյանի՝ չինական մշակույթին առնչվող նյութերին։
Չինական արվեստի առարկաները Իսահակյանի աշխատասենյակում հանդես են գալիս ոչ միայն որպես հավաքածուի մաս, այլև որպես բանաստեղծի մտավոր աշխարհի նյութական վկայություններ։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես կարող էր հեռավոր մշակույթը ներթափանցել հայ մտավորականի առօրյա, գեղագիտական ճաշակ և ստեղծագործական միջավայր՝ վերածվելով ոչ թե պարզապես հետաքրքրության, այլ մշակույթների միջև անձնական երկխոսության։
Ալմաստ Մուրադյան