«Սև ու սպիտակի լույսը ոգեշնչում է ինձ». Թորոս Ալաջաջյան
«ՀայԱրտ կենտրոն»-ում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Թորոս Ալաջաջյանի լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Արդի արվեստի կենտրոնի, Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ՝ նվիրված լուսանկարչության 200-ամյակին:


Թորոս Ալաջաջյանը սև-սպիտակ լուսանկարների առաջատար տպագրիչներից է, ով իր կյանքի մեծ մասն անց է կացրել «մութ սենյակում»՝ աշխատելով խոշորացույցի լամպի ներքո՝ ընդգծելով սևի ու սպիտակի խորությունը:
«Սև ու սպիտակը լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսը միավորել է 13 երկրի 55 լուսանկարչի 114 սև-սպիտակ լուսանկարներ:


Դրանց գերակշիռ մասը նվիրված է Թորոս Ալաջաջյանին և ներկայացնում է լուսատպության վարպետի անձնական հավաքածուն: Միևնույն ժամանակ ներկայացված են լուսանկարչության պատմության տարբեր փուլեր ու ուղղություններ ներկայացնող հեղինակներ, այդ թվում՝ Անտուան Ագուջյան, Ալեսիո դե Անդրադե, Մարկ Ռիբու, Ժոզեֆ Կուդելկա և այլ լուսանկարիչներ:


14 տարեկանում լուսանկարչությունը բացահայտած Թորոսին անչափ շատ է հետաքրքրել կախարդանքը, թե ինչպես է պատկերը հայտնվում թղթի վրա: Վաղ տարիքից էլ սկսել է աշխատանքը նշանավոր լուսանկարչական լաբորատորիաներում՝1984թ-ին ստեղծելով իր սեփականը՝ «Toroslab»:


«Ոմանք լուսանկարչական տպագրիչին համեմատում են նվագախմբի ղեկավարի հետ, պարտիտուրն առկա է, երաժիշտները գիտեն նվագել, սակայն ղեկավարն է առաջնորդում նրանց՝ ստեղծագործությանը հաղորդելով սեփական մեկնաբանությունը: Լուսանկարչության դեպքում նույնն է,տպագրիչը տեխնիկական վարպետությամբ պետք է գտնի պատկերի ճիշտ տոնայնությունն ու արտահայտչական խտությունը, սակայն ամենակարևորը՝ լուսանկարչի հետ երկխոսությունն է: Պետք է հասկանալ հեղինակի պատկերը և այն, թե ինչ է նա ցանկանում արտահայտել»:


«Մեզ համար բացառիկ օր է, որ Վարպետը այս հավաքածուն հանրությանն ի ցույց է դնում Հայաստանում՝ Արդի արվեստի կենտրոնում: Այստեղ ներկայացված աշխատանքները մի հոգու՝ մեր հայրենակցի վեց տասնամյակի նվիրական աշխատանքի արդյունքն են »,- ասաց կենտրոնի տնօրենի ժ/պ Սոնա Հարությունյանը:


Թորոս Ալաջաջյանին իրենց լուսանկարչական ժապավեններն են վստահել հանրահայտ լուսանկարիչներ, ինչպիսիք են՝ Պասկալ Ռոստան, Անրի Քարթիե -Բրեսսոն, Պատրիկ Արտինյանը, Ռենե Բյուրին, Ժան Քլեմերը և այլք:
«Շատ ուրախ եմ ներկա գտնվել մշակութային իմ առաջին միջոցառմանը: Այն էլ ի ՛նչ միջոցառում, ավելի լավ թեմա չէի կարող պատկերացնել»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն:


Միջոցառմանը ներկա էր նաև Թորոս Ալաջաջյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝լուսանկարչական արվեստի արժևորման համար:
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 11-ը:
Մարջան Չոբանյան