Ավարտվեց «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են հաղթողները
Լոռու մարզի Դեբեդ գյուղում անցկացված «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը հատեց եզրագիծը: Ամփոփվել են մրցութային ֆիլմերի արդյունքները:
Լիամետրաժ և կարճամետրաժ մրցութային ծրագրերի 21 ֆիլմից մրցանակ է ստացել 7-ը:

Կարճամետրաժ մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ «Մենակ երկուսով» ֆիլմի համար, իսկ ժյուրիի հատուկ մրցանակին՝ Մերի Վարդանյանը՝ «Կյանքը շարունակվում է» ֆիլմի համար։
Լիամետրաժ մրցույթի գլխավոր դափնեկիրներն են ուկրաինացի ռեժիսորներ Ելիզավետա Սմիթը, Ալինա Գորլովան և Սեմյոն Մոզգովոյը՝ «Միլիտանտրոպոս» կինոնկարի համար: Ժյուրիի հատուկ մրցանակը ստացել է իրանցի ռեժիսոր Մեհրդադ Օսքուեիի և համառեժիսոր Սորայա Ախլաղիի «Աղվեսը մանուշակագույն լուսնի տակ» ֆիլմը:

«Ֆիլմադարան» ՀԿ մրցանակ
«Մայիսյան շշուկներ» (Դոնան Չեն, Հոնկոնգ/Նիդերլանդներ/Հարավային Կորեա, Շվեդիա, 2026, 95’):
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի մրցանակ
«Սաֆուրա» (Փարվիզ Ռոսթամի, Իրան/Քուրդիստան, 2026, 19’)
Մարտին Ադոյանի անվան մրցանակ
«Անօթևան Ամերիկա» (Մոնիկա Ստրյոմդալ, Նորվեգիա/Նիդերլանդներ/ԱՄՆ, 2025, 78’)

«Կարևորվել է ֆիլմում ներկայացվող պատմության ոչ ճակատային մատուցումը և գլխավորապես՝ ներքին էմոցիայի անկեղծ ու ճշգրիտ մատուցման ռեժիսորական հմտությունը: Կարծում եմ՝ հաղթող բոլոր ֆիլմերն էլ լավն են և դիտման արժանի»,- Cultural.am-ին հայտնեց կինոփառատոնի ժյուրիի անդամ, կինոռեժիսոր Արման Երիցյանը:
Կինոփառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը նշեց, որ կարևորել են այնպիսի ֆիլմերի ընդգրկումը կինոփառատոնի ծրագրում, որոնք մյուս կինոփառատոններում մրցանակակիր չեն եղել, թեև եղել են նաև այդպիսիք:

Խոսելով փառատոնի կարևոր մաս կազմող կրթական բաղադրիչի մասին՝ վերջինս նշեց, որ հաջողությամբ իրականացվել է 2 տեսակ աշխատարան՝ ուղղված գյուղի երեխաներին և տարածաշրջանի սկսնակ ռեժիսորներին:
«Պորտուգալացի ռեժիսորներ Կատարինա Լարանժեյրոն և Դանիել Բարոկան փառատոնի շրջանակում հատուկ աշխատարան էին վարում Հայաստանից, Վրաստանից և Իրանից 6 սկսնակ ռեժիսորների համար։ Ութ օրվա ընթացքում միջազգային մասնակիցները՝ մենթորների առաջնորդությամբ, Դեբեդ գյուղում թեմաներ գտան իրենց ֆիլմերի համար, նկարահանեցին և մոնտաժեցին 3 տարբեր նովել, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում մասնակիցների տպավորություններն են գյուղից»:

Վարդիկյանի գնահատմամբ՝ այսօրինակ աշխատարանը հնարավորություն է տալիս նաև գյուղաբնակ հանդիսականի և կինոյի միջև անմիջական կապ ստեղծել, քանզի այդ մարդիկ դառնում են վավերագրական ֆիլմի հերոսներ:
Նա ոգևորությամբ արձանագրեց, որ հանդիսատեսի թիվը վերջին տարիներին ևս զգալի աճ է գրանցում: Մարդիկ պատրաստ են երկար ճանապարհ հաղթահարել ու կինոփառատոնի մաս դառնալ: «Տարեցտարի մենք մեր նպատակին ավելի ենք մոտենում, այն է՝ ամեն ինչ անել հնարավորինս բնական, պարզ, մարդկային»:

*Փառատոնային ֆիլմերն ու աշխատարանների ընթացքում ստեղծված ֆիլմերը հասանելի կլինեն «Ֆիլմադարան» ՀԿ-ի YouTube-յան էջում:
Մարջան Չոբանյան