Սարոյանը՝ գրքից անդին․ Երևանում անցկացվեցին «Սարոյանական օրեր»-ը

«Երբ Սարոյան ես կարդում, կարծես չես կարդում, այլ տեսնում ես»։ «Սարոյանական օրեր 2026»-ը հենց այդ դիտանկյունից առաջարկեց նորից հանդիպել Վիլյամ Սարոյանին։ Այս տարվա ծրագիրը գրողի ժառանգությունը չսահմանափակեց գրական միջոցառումների շրջանակում․ այն Սարոյանի տեքստը, կերպարներն ու գաղափարները տեղափոխեց թանգարանային, թվային, թատերական, կինեմատոգրաֆիկ, գիտական և նույնիսկ նորաձևության հարթակներ։

Սեպտեմբերի 4-ից 12-ը Երևանում և Բյուրականում անցկացված միջոցառումների բազմազանությունը կարևոր էր ոչ միայն ձևաչափերի առումով։ Այն ցույց տվեց, որ Սարոյանի ժառանգությունը կարող է դիտարկվել որպես շարունակաբար վերաիմաստավորվող մշակութային ժառանգություն. յուրաքանչյուր նոր ներկայացում, գիտական ուսումնասիրություն, թվային փորձառություն կամ արվեստի գործ հնարավորություն տվեց նույն ստեղծագործությանը նայել այլ տեսանկյունից։

Saroyanakan orer 4

«Սարոյանական օրեր 2026»-ի գլխավոր առանձնահատկությունը Սարոյանին պարզապես հիշելը չէր, այլ նրան ժամանակակից մշակութային լեզուներով կրկին բացահայտելը։ Այդտեղ իհարկե հիմքում գրականությունն է, իսկ մյուս արվեստներն ու տեխնոլոգիաները դարձան այն միջոցները, որոնց միջոցով Սարոյանի աշխարհը շարունակեց երկխոսել այսօրվա հանդիսատեսի հետ։

Ծրագրի առանցքային նախաձեռնություններից մեկը Գրականության և արվեստի թանգարանում ներկայացված «Վիլյամ Սարոյան. Immersive Experience» մուլտիմեդիա ցուցադրությունն էր։ Թվային միջավայրում վերականգնված Սարոյանի աշխատասենյակի տասը պատուհաններից յուրաքանչյուրը բացվում էր դեպի նրա մեկ ստեղծագործություն՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։ Այստեղ տեխնոլոգիան պարզապես ցուցադրության ձև չէ։ Այն գրական տեքստը վերածում է տեսողական և տարածական փորձառության՝ հնարավորություն տալով այցելուներին ոչ միայն տեղեկանալ Սարոյանի ստեղծագործությունների մասին, այլև մտնել նրա գրական աշխարհի մեջ։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշում է․

«105-ամյա թանգարանում, որտեղ պահվում են ավելի քան երկու միլիոն բնօրինակ առարկաներ, առաջին անգամ իրականացվում է թվային ցուցադրություն, որտեղ չի ցուցադրվում ոչ մի բնօրինակ։ Սա նորագույն տեխնոլոգիաները ժառանգությունը ներկայացնելուն ծառայեցնելու նոր ձևաչափ է»։

Ցուցադրության մեջ ներառված էր նաև Սարոյանի՝ Փարիզի տան հիշողությունը։ «Ուիլյամ Սարոյան հիմնադրամ»-ի նախագահ Սքոթ Սեդրակյանը, որը երիտասարդ տարիքում երկու շաբաթ անցկացրել էր Սարոյանի տանը, հիշում է.

«Այն պատկերը, որ տեսնում ենք այստեղ, կարելի է ասել՝ ճշգրիտ ներկայացնում է Սարոյանի շունչը, նրա տարածքը, միայն մեկ բացառությամբ։ Նրա տարածքը շատ ավելի քաոտիկ էր»։

Saroyanakan orer 3

Թվային ցուցադրությունը ոչ միայն Սարոյանի ստեղծագործություններն է ներկայացնում, այլև փորձում է վերականգնել այն միջավայրը, որտեղ ձևավորվել է նրա ստեղծագործական աշխարհը։ Սարոյանական օրերը հարուստ էին նաև գրական նորություններով։ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացվեց Սքոթ Սեդրակյանի կազմած և «Անտարես»-ի կողմից հրատարակված «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» ժողովածուն։ Այն ներառում էր Սարոյանի այն պատմվածքները, որոնք նախկինում տպագրվել էին պարբերականներում, սակայն չէին ընդգրկվել նրա ժողովածուներում։ Այսպես Սարոյանի ժառանգության վերարժևորումը չի սահմանափակվում արդեն հայտնի ստեղծագործությունների նոր մեկնաբանությամբ․ շրջանառության մեջ են դրվում նաև նախկինում քիչ հասանելի նյութեր։

Սարոյանի ստեղծագործությունների ուսումնասիրությանն էլ նվիրված էր նաև սեպտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում անցկացված «Վիլյամ Սարոյանը և արվեստը» գիտաժողովը։ Գիտաժողովի մասնակից արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյան Արծրունին ներկայացրեց «Վիլյամ Սարոյանը Հենրիկ Մալյանի մեկնաբանությամբ («Խաղողի այգին», «Իմ անունը Արամ է»)» զեկույցը: Ասլիբեկյանը նշում է, որ Սարոյանով զբաղվում է դեռևս ուսանողական տարիներից.

«Սարոյանով զբաղվում եմ դեռևս ուսանողական տարիներից, և հատկապես Սարոյանական թեմայով ատենախոսությանս պաշտպանությունից ի վեր է՛լ ավելի ակտիվորեն եմ լծված Սարոյանի գրականությունը, թատրոնը, փիլիսոփայությունը հանրահռչակելու գործին: Շատ կարևոր եմ համարում նաև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և «Սարոյան հիմնադրամի» համագործակցությունը, իսկ Սարոյանական գիտաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դառնում»:

Saroyanakan orer 2

Գիտական ուսումնասիրության և բեմական արվեստի համադրությունն այստեղ ևս պատահական չէր։ Սարոյանի ստեղծագործության կարևոր մասը կապված էր թատրոնի, կինոյի և կերպարների կենդանի մեկնաբանության հետ։ Հետևաբար նրա ժառանգությունը միայն գրականագիտական ուսումնասիրության շրջանակում ներկայացնելը չէր կարող ամբողջությամբ բացահայտել նրա ստեղծագործական աշխարհը։ Այն արտահայտվեց նաև «Սարոյանական օրերի» թատերական ծրագրում։ Սեպտեմբերի 7-ին ՀԲԸՄ Երևանյան սրահում անցկացվեց «Վիլյամ Սարոյանը և կինոն» միջոցառումը, իսկ նույն օրը «Թատրոն տանիքում» ներկայացվեց «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» ներկայացումը։ Սեպտեմբերի 8-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի ունեցավ «Երևակայական կերպար՝ Սարոյան անունով» ներկայացման համաշխարհային պրեմիերան։ Սեպտեմբերի 10-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնը ներկայացրեց «Տարեկանի արտում», իսկ սեպտեմբերի 11-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում բեմադրվեց «Թրեյսիի վագրը»։ Արդեն այսօր «Սարոյանական օրերը» կեզրափակվեն Բյուրականի բացօթյա թատրոնում՝ «Հանդ Արտ» թատրոնի «Խաղողի այգին» ներկայացմամբ։

Saroyanakan orer 5

Ներկայացումների բազմազանությունը ցույց է տալիս, որ Սարոյանի ստեղծագործությունը շարունակում է մնալ ոչ միայն ընթերցանության, այլև բեմական մեկնաբանության նյութ։ Յուրաքանչյուր նոր բեմադրություն Սարոյանի տեքստը տեղափոխում է մեկ այլ ժամանակային և մշակութային միջավայր՝ հնարավորություն տալով նորից հարցնել, թե ինչ է այդ տեքստը ասում այսօրվա հանդիսատեսին։

Սարոյանի աշխարհը ներկայացվեց նաև նորաձևության միջոցով։ «Արտույտում» անցկացված երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նրա ստեղծագործություններից ներշնչված աշխատանքներ, որոնցում գրողի պատկերներն ու գրական աշխարհը համադրվել էին ժամանակակից հագուստի և դիզայնի հետ։

«Սարոյանական օրեր 2026»-ի արժեքը, հետևաբար, միայն միջոցառումների բազմազանության մեջ չէր։ Ծրագիրը փոխեց Սարոյանի ժառանգության հետ հանդիպելու ձևը՝ գրական տեքստին ավելացնելով տեսողական, բեմական, գիտական և թվային մեկնաբանություններ։ Եվ նորից, գիրքը մնաց այդ ճանապարհի հիմքում, սակայն Սարոյանի աշխարհը դրանով չավարտվեց. այն շարունակեց վերաիմաստավորվել նոր արվեստների, նոր տեխնոլոգիաների և նոր սերունդների միջոցով։

Ալմաստ Մուրադյան

95
Սեպտեմբեր 15, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: